Թավիշդ թավիշ չիմանաս...

Թավիշդ թավիշ չիմանաս...

Շուշիում Նիկոլ Փաշինյանը մոտավորապես այսպիսի մի բան ասաց. «Թավշյա հեղափոխությունից հետո անխուսափելի է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչումը»: Ասվածը տարբեր կերպ կարելի է հասկանալ: Նախ՝ որ Արցախի ժողովրդի ինքնորոշումը միջազգայնորեն կճանաչվի թավշյա հեղափոխությունից հետո և ապա՝ որ թավշյա հեղափոխությունը դրականորեն է ազդում արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման պրոցեսի վրա: Փառք Աստծու, Փաշինյանը չի ասել՝ եթե թավշյա հեղափոխությունը չլիներ, ճանաչման գործընթացը կանգ էր առնելու: Դրա համար նրան իմ խորին շնորհակալությունը, բայց միևնույն ժամանակ կխնդրեի առաջին իսկ պատեհ առիթով հստակեցնել՝ ի՞նչ ասել է «թավշյա հեղափոխությունից հետո անխուսափելի է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչումը»: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունը չի ավարտվել և միտք էլ չունի ավարտվելու: Արդյոք դա չի՞ նշանակում, որ ճանաչման գործընթացը պետք է կանգ առնի, մինչև թավշյա հեղափոխությունն ավարտվի և հուշ դառնա:
ՀՀ նախկին ղեկավարներից Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս հարցը չորով էին դնում՝ այն չպայմանավորելով որևէ կողմնակի փորացավով: Նրանք ասում էին՝ Արցախի ճանաչմանն այլընտրանք չկա, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Փաշինյանի պարագայում, կարծես, իրավիճակ է փոխվել: Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունից հետո անխուսափելի է, ուշադրություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Բայց սա սովորական անգրագիտություն է: Ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է թավշյա հեղափոխությունից դեռ շատ առաջ: Այսօր աշխարհում կա՞ մի ժողովուրդ, որ զրկված է ինքնորոշման իրավունքից: Չկա: Հավասար իրավունքներ ունեն բոլոր ազգերը, այդ թվում և ինքնորոշման իրավունք: Միանգամայն այլ հարց է այդ իրավունքի իրացումը, որին ազգերի մի մասը հասել է, իսկ մի մասն էլ, օրինակ Ադրբեջանի շատ այլ ժողովուրդներ, դեռ խոր թմբիրի մեջ է: Հաշվի առնելով այս նրբությունը, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը ուզեցել է ասել՝ Արցախի անկախության ճանաչումն է անխուսափելի: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ կլիներ:
Բայցևայնպես, ինչո՞ւ է Փաշինյանը դա կապում թավշյա հեղափոխության հետ ու մանավանդ ընդգծում, որ Արցախի ճանաչումը հեղափոխությունից հետո է անխուսափելի դառնալու: Բառախա՞ղ... Այո, և այն էլ մտածված: Փաշինյանը փորձում է կարևորել թավշյա հեղափոխությունը՝ այն տեղավորելով մեր ժողովրդի հերոսական պայքարի համապատկերի մեջ: Եվ այդ համադրումից խիստ արհեստական մի բան է ստացվում: Այն հավատ չի ներշնչում: Չի կարելի հայտարարել, որ թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր է քան Արցախյան ազատամարտը և հետո հայտարարել, թե թավշյա հեղափոխությունից հետո է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը դարձել անխուսափելի: Չի կարելի Արցախի նախագահին ասել «ընտրված ներկայացուցիչ», «Արցախի մարզպետ», իսկ հետո խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Այդ ժողովուրդը ինքնորոշվել է դեռ 1988-ին, հետո արդեն անկախության հանրաքվե է իրականացրել, ստեղծել ինքնիշխանության բոլոր ինստիտուտները, ընտրել իր 5-րդ նախագահին՝ առանց քո թավշյա հեղափոխության:
Զուտ ժամանակագրական առումով Արցախի անկախության միջազգային ճանաչումը, կարծես, տեղի է ունենալու թավշյա հեղափոխությունից հետո՝ երբ այդ հեղափոխությունն ավարտված կլինի, իսկ Փաշինյանն էլ իր նոու-հաուներով չի մոլորեցնի միջազգային հանրությանը: Օրինակ, ինչպես կարելի է կիրթ անվանել համաշխարհային կոռուպցիոներների լավագույն հնգյակում հանգրվանած Ալիևին, որի աստղաբաշխական ունեցվածքի շուրջ բազում սկանդալներ են եղել: Միջազգային հանրությունը գլուխը ո՞ր քարին տա, երբ Հայաստանի ղեկավարը պահանջում է Արցախի հարցը կարգավորել՝ հաշվի առնելով Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի հայակեր ոհմակների շահերը: Վերջապես՝ ո՞րն էր միակ ռազմավարական դաշնակցին Մինսկի խմբում գլխիկոր թողնելու իմաստը, եթե հայտնի է, որ 30 տարի շարունակ հենց այդ երկիրն է ընդդիմացել Արցախի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու ամերիկյան ու արևմտյան տեսլականներին:

Եվ ուրեմն, թավշյա հեղափոխությունն ինչքան շուտ ավարտվի, այնքան լավ Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացի համար: Մինչդեռ հեղափոխությունը կարող է ավարտվել միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կամ հեռացմամբ: Միևնույն է, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Արցախի հարցով դերակատար չլինելուց բացի, դերակատար չէ նաև մեր կյանքի մյուս ասպարեզներում: Ամեն տեղ ավեր են սփռել՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, արդարադատություն, գիտություն, կրթություն, մշակույթ և նույնիսկ սպորտ: Այսինքն՝ մի այնպիսի բան չեն արել, որ ասենք ափսոս է, թող մնա ու հարատևի այս կառավարությունը: Որի դեմքին նայում ես՝ թարախ է թափվում, ոնց որ էս ազգի թշնամի լինեն: Բոլորին խառնել են իրար, իրար դեմ հանել և կողքից լափում են ինչ ձեռքներն է ընկնում: Ոչ հաշիվ կա, ոչ հաշվետվություն: Վարչապետն ասում է՝ այլևս չեմ հերքելու մեղադրանքները, հոգնել եմ արդեն: Սա նոնսենս է, այդպես չի լինում, պարոն վարչապետ: Ձեր գլխավորած կառավարությունն ամբողջ աշխարհում թերևս միակ կառավարությունն է, որ, փող է աշխատում կորոնավիրուսի պատճառած դժբախտության վրա, որ հայտարարում է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, միլիարդներ քամուն տալիս, բայց ամեն ինչ անում, որ վարակը չնահանջի: Առողջապահության նախարարիդ հայտարարություններն ու սևեռուն մտքերը դրեք իրար կողքի, և շատ բան պարզ կդառնա նաև Ձեզ համար, պարոն վարչապետ: Եվ Դուք պատրաստվում եք նաև սա՞ չհերքել: