Ինչքա՞ն է թեստերի ինքնարժեքը, ովքե՞ր են «ձեռքերը տաքացնում» այս բիզնեսի «կրակի վրա»

Ինչքա՞ն է թեստերի ինքնարժեքը, ովքե՞ր են «ձեռքերը տաքացնում» այս բիզնեսի «կրակի վրա»

ՏՄՊՊՀ-ն չի ուսումնասիրում ՊՇՌ թեստերի գնագոյացումը: Իսկ թեստերի գներն այս պահին ՀՀ քաղաքացիներին ամենահուզող հարցերից են․ մտատանջող երկրորդ հարցը սահմանային իրավիճակի  հետ է կապված: Ինչպե՞ս կարող է մի ծառայություն, որն արժե 15 հազար դրամ, վաճառվել 6-7 հազարով՝ գին, որը վերջին օրերին սահմանել են մասնավոր ընկերությունները: Իսկ նման գներ են գործում, երբ 20-30 կամ ավելի անդամ ունեցող կոլեկտիվները միաժամանակ դիմում են թեստավորման պահանջով: «Վարդանանց» ԲԿ-ն, որն առաջինն իջեցրեց թեստի գինը, ծառայությունը մատուցում է 9 հազար 500 դրամով, «Մեդլայն կլինիկ»-ը՝ 7 հազարով, PromTest-ը՝ մինչեւ 10 հազարով եւ այլն: 

Եթե հակաքովիդ թեստավորումը հնարավոր է այդքան էժան իրականացնել, ապա ինչո՞ւ էին լաբորատորիաները մեկուկես տարի թալանում ՀՀ քաղաքացիներին՝ գնից 3 անգամ բարձր վաճառելով ծառայությունները եւ գերշահույթներ ստանալով: Այս հարցերն այսօր հնչում են ե՛ւ սոցիալական հարթակներում, ե՛ւ կառավարության դռների մոտ:

Կառավարությունն իր «կուրացիայի» տակ գործող ԶԼՄ-ներով տարածում է, թե ինքը տասնյակ միլիոնավոր դոլարների շահույթ չի ստացել, քանի որ ՊՇՌ թեստավորման ծառայություններ մատուցում են հիմնականում մասնավոր բուժհաստատությունները։ Նույնիսկ եթե այդպես է, ապա պետությունը պարտավոր է կարգավորել ցանկացած ոլորտ, մանավանդ եթե թեստավորում է պարտադրում, եւ մարդկանց մի հսկա խավ ստիպված է դիմել այդ մասնավորին:

Առողջապահության նախարարությունն էլ «երեսին խաչ է անում», թե ինքը դրա հետ կապ չունի՝ առաջարկելով գնագոյացման վերլուծության համար դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով»: Դե, իսկ ՏՄՊՊՀ-ն էլ իր վրայից է գցում հարցը՝ պատճառաբանելով, թե «հանձնաժողովը գին սահմանելու լիազորություն չունի, իսկ դաշտում գործող տնտեսվարող սուբյեկտների մեջ գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ չկան»:

Ինչպես միշտ, ՏՄՊՊՀ-ն ստանդարտ պատասխան է տալիս՝ շուկան մրցակցային է, խուսափելով գործուն քայլեր իրականացնելուց։ Գործուն քայլը կլիներ այն, որ ուսումնասիրվեր շուկան, եւ գոնե թեստերի ինքնարժեքը որոշած լինեին: Իսկ մարդիկ խոսում են այն մասին, որ թեստերի ինքնարժեքը չի անցնում 3 հազար դրամը: Մինչդեռ գնագոյացման անակնկալներին ՏՄՊՊՀ-ն ծանոթանում է մամուլից, իսկ կառավարությունը գոնե հիմա, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցներում հաղորդումներ կան թեստերի շուկայի բարձիթողի վիճակի, ուռճացված գների մասին, հստակ հանձնարարական չի տալիս՝ ուսումնասիրելու ոլորտը ու հասկանալու, թե ինչու են մի տարի շարունակ հայտնի կենդանու տեղը դրել մարդկանց։ 

Դուք չե՞ք ուսումնասիրում թեստերի շուկան, կառավարութունից ունե՞ք արդյոք նման հանձնարարական: ՏՄՊՊՀ-ից մեր հարցերին պատասխանեցին. «Ոչ, չենք ուսումնասիրում»։ Ապա կրկնեցին արդեն տարածված ֆրազները, որոնք ո՛չ մեր հարցերին են առնչվում, ո՛չ դաշտում առկա գներին, ո՛չ էլ հանձնաժողովի գործառույթների լիարժեք սպեկտրին. «Ոլորտը մրցակցային է, դաշտում գործում են 10-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ, չկան գերիշխող դիրք ունեցողներ: Թեստավորման գները տատանվում են 8 հազարից մինչեւ 15 հազար դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչեւ 20 հազար, եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գին սահմանելու որեւէ լիազորություն չունի: Եթե առկա է նման կարգավորման անհրաժեշտություն, ապա դա պետք է տեղի ունենա օրենքով կամ որեւէ այլ նորմատիվ իրավական ակտով»: 

Ինչպես տեսնում ենք, հանձնաժողովը սխալ պատկերացում ունի շուկայում առկա գների մասին: Մեր տեղեկություններով, դրանք արդեն 8 հազարից էլ ցածր են: Կոլեկտիվներ կան, որոնք 5-6 հազար դրամով են պայմանագիր կնքում: Պարզ է, որ սա չկարգավորված բիզնես ոլորտի է վերածվել, եւ ով հասցնում է` «ձեռքերը տաքացնում է» համավարակի եւ կառավարության ապօրինի որոշումների «կրակի վրա»: