Մանկատան լուծարումից հետո 83 մարդ կմնա առանց աշխատանք

Մանկատան լուծարումից հետո 83 մարդ կմնա առանց աշխատանք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Գավառի մանկատան ղեկավարությանը տեղեկացրել են, որ առաջիկա ամիսներին մանկատունը լուծարվելու է, իսկ երեխաները տեղափոխվելու են   «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամ։

Մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանը, ձեռնպահ մնալով մանրամասներից, դրական կարծիք արտահայտեց մանկատունը լուծարելու Սոցապ նախարարության ծրագրի մասին։ Ասաց՝առանքցում երեխայի լավագույն շահն է, և դա ամենակարևորն է։ 

«Այնտեղ երեխաները կապրեն ընտանեկան պայմաններին մոտ պայմաններում՝ավելի հարմարավետ, ավելի տնական։ Իսկ մեր մանկատունը խորհրդային մոդելի կառույց է, որտեղ ննջասենյակները, խոհանոցն ու սանհանգույցը ընդհանուր են։ Ճիշտ է՝մենք ամեն ինչ արել ենք, որ երեխաներն այստեղ ընտանեկան սիրո և ջերմության պակաս չունենան, բայց ՍՕՍ-ում կրթում և դաստիարակում են նոր չափորոշիչներով․երեխաներն ապրում են առանձին քոթեջներում՝ մայրիկների հետ»,-ասաց Գավառի մանկատան տնօրենը։

Նաիրա Խանդանյանի փոխանցմամբ՝երեխաները ևս ոգևորված են «ՍՕՍ-Մանկական գյուղեր» գնալու համար, որովհետև տեղանքը մոտ է մայրաքաղաքին, և հետո՝երեխաներն այդտեղ կարող են ապրել նաև չափահասության շեմն անցնելուց հետո։ 

«Իրենց ասել են, որ ապրելու են շատ ավելի լավ պայմաններում և մինչև 23 տարեկանը գտնվելու են պետության հոգածության տակ։ Թող գնան, երջանիկ լինեն, ապահովված ապրեն, լավ կյանքի երաշխիք ունենան։ Ես միայն կողմ եմ։ Ավելին, ուզում եմ՝մեր երկրում մանկատուն ընդհանրապես չլինի, բայց այնպես էլ չլինի, որ աշխատունակ մարդը մնա առանց աշխատանք։ Պետք է ամեն ոք աշխատանք ունենա, որ հարուստ ապրի»,-թափանցիկ ակնարկելով վարչապետ Փաշինյանի մտքի փայլատակումը, ասաց մանկատան ղեկավարը։

Նրան մտահոգում է 83 աշխատողի ճակատագիրը, որն անորոշ է մնալու՝հաստատության լուծարումից հետո։ «Հաշվի առնելով առանց ծնողների մնացած երեխաների գերակա շահը, վախենում եմ՝անտեսեն մե՛ր ընտանիքների երեխաների շահը։ Լուծարումից հետո 40-ից բարձր տարիքի 83 աշխատող անգործ է մնալու։ Դա այն թիրախային տարիքն է, որի համար Գավառում աշխատանք չես գտնի։ Իսկ մանկատանը մարդիկ ունենք, որ 42 տարի նվիրված, անտրտունջ ու մեծ պատասխանատվությամբ անում են իրենց գործը։ Մինչև այս պահը մեզ կավ ենք զգում, որ աշխատում ենք պետական երաշխիքներով, օգտվում ենք սոցփաթեթից, միջինը 120-130 հազար դրամ աշխատավարձ ենք ստանում։ Ի՞նչ է լինելու հետո, չգիտենք։ Երեխաների պահով հանգիստ ենք, բայց որ 83 ընտանիքի կերակրող մնալու է առանց աշխատանք ու շատերը, ստիպված լքելու են երկիրը, ճիշտ չէ»։

Արեգ Մարգարյան