«Հրապարակ»․ Արթուր Աթաբեկյանը Գագիկ Ջհանգիրյանի գործի արժանի շարունակողն է

Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, 2022 թվականի մարտի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով» դադարեցրեց։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել էր արդարադատության նախարարությունը: Միջնորդությունը պաշտպանելու նպատակով ԲԴԽ էր եկել արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը` նա էր ներկայացնում հիմնավորումները:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք էր հանդիսացել այն, որ, ըստ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանի, Սիմա Իսկանդարյանի մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել, եւ նա, լինելով ոչ սթափ վիճակում, պատշաճ վարքագիծ չէր դրսեւորել իրենց լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ: Պատշաճ վարքագիծ չդրսեւորելն արտահայտվել էր դեպքի վայրում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելով, հարցերին քամահրանքով պատասխանելով եւ նրանց վիրավորելով: Ոստիկանության բաժին բերվելուց հետո Ս. Իսկանդարյանն իր սթափության վիճակի վերաբերյալ կազմված արձանագրությունը հրաժարվել էր ստորագրել: Դատավոր Սիմա Իսկանդարյանն իր նկատմամբ վարույթ հարուցելու որոշումից հետո բացատրություն էր ուղարկել արդարադատության նախարարին եւ միջնորդել՝ իր դեմ հարուցված վարույթը կարճել, քանի որ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը:
Սակայն արդարադատության նախարարությունը ձեռք էր բերել դեպքին վերաբերող տեսանյութ: Հայկ Սանոյանը, ԲԴԽ-ում ներկայացնելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, ներկայացրել էր նաեւ այդ տեսանյութից որոշ հատվածներ: Մասնավորապես, ոստիկանների կողմից բերման ենթարկելու փորձի ժամանակ դատավոր Իսկանդարյանը դիմադրություն էր ցույց տվել, իսկ երբ ցանկացել էին նրան նստեցնել ավտոմեքենան, ասել էր, որ ավտոմեքենա չի նստի: Բացի այդ, ըստ նախարարության ներկայացուցչի, դատավորը «ոչխար» էր անվանել ոստիկանության ծառայողին:
ԲԴԽ-ի կողմից իր լիազորությունները դադարեցվելուց հետո Սիմա Իսկանդարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այդ տեսաձայնագրությունը, որը ԲԴԽ-ին էր ներկայացրել արդարադատության նախարարությունը։ Պարզվում է` նրա հայցը դատարանը բավարարել է՝ այդ տեսանյութն անթույլատրելի է ճանաչվել, դրա հիման վրա էլ դատավորը մարտին դիմել է ԲԴԽ՝ «երեւան եկած նոր հանգամանքով» պայմանավորված` գործը վերանայելու համար։ Գրավոր ընթացակարգով դիմումը քննելուց հետո ԲԴԽ-ն որոշել է մերժել դատավորի դիմումը, այսինքն՝ չի վերանայել գործը եւ չի բավարարել նրա պահանջը։
Սիմա Իսկանդարյանը, մեզ հետ զրույցում խոսելով ԲԴԽ-ի որոշման մասին, նշեց․ «Ամբողջությամբ չեմ ծանոթացել ԲԴԽ-ի որոշմանը, կարդացել եմ միայն վերջին հատվածը՝ «չվերանայելու» վերաբերյալ»։ Ի՞նչ նպատակով ու հույսով էր դատավորը դիմել ԲԴԽ, ցանկանում է վերականգնվե՞լ դատավորի պաշտոնում՝ հարցրինք Սիմա Իսկանդարյանին։ «Արդարությունը վերականգնելու համար։ Ժամանակը ցույց կտա, այս պահին չեմ ցանկանա պատասխանել»։
- ԲԴԽ նոր կազմի հե՞տ էիք հույսեր կապում։
- Ես անձերի հետ չեմ կապում արդարությունը, այլ՝ հանգամանքների հետ, ունենք եռաստիճան համակարգով անցած վարչական դատարանի որոշում, որով միակ ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, իսկ եթե չկա ապացույց, որով հաստատվում է վիրավորելու փաստը, չկա նաեւ կարգապահական խախտում։ Ներպետական ատյաններով ամեն դեպքում անցել է, եւ այդ հանգամանքը, նաեւ՝ ԲԴԽ-ի նոր որոշումը, կմիանան Եվրոպական դատարանի գանգատին, որն արդեն քննվում է արագացված կարգով։
- Ձեր լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ-ի որոշման դեմ ՄԻԵԴ գանգա՞տ եք ներկայացրել։
- Այո։
Կարծիքներ