Հայտնի գյուղապետը նշանակվել է դպրոցի տնօրենի ԺՊ, սակայն չի մասնակցելու ընտրություններին

Հայտնի գյուղապետը նշանակվել է դպրոցի տնօրենի ԺՊ, սակայն չի մասնակցելու ընտրություններին

Շատին գյուղի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը դեռ անցած ամսվանից նշանակվել է տվյալ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ի դեպ, Խուդոյանը չունի տնօրենի արտոնագիր եւ հետաքրքիր է՝ մասնակցելո՞ւ է տնօրենի ընտրություններին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նա նշեց՝ այս անգամ չի մասնակցելու տնօրենի ընտրություններին, իսկ արտոնագիր ձեռք բերելու վերաբերյալ դեռ չի մտածել․ «Օրենքը չի նախատեսում, որ ժամանակավոր պաշտոնակատարը պիտի ունենա արտոնագիր։ Ինչքան գիտեմ՝ այսօր մրցույթի հայտերի ընդունումն ավարտվեց, հոկտեմբերի 21-ին չեմ կարող մասնակցել, որովհետեւ արտոնագիր չունեմ»։

Հարցին, թե ինչո՞ւ ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել տնօրենի տեղակալներից մեկը, Խուդոյանը պատասխանեց․ «Օրենքն էդպես է՝ ԺՊ նշանակվում է ՊՈԱԿ-ի փոխտնօրեններից մեկը, բայց գիտե՞ք, որ մեր դպրոցում 1 փոխտնօրեն կա, մյուսը չկա, ազատ է այդ հաստիքը, գոյություն չի ունեցել քանի տարի։ Իսկ միակ փոխտնօրենը ուսումնական գծով փոխտնօրեն է, եւ, հետեւաբար, ինքը նշանակվի տնօրեն, մենք ուսումնական գծով փոխտնօրեն  չենք ունենում։ Ես այդ դպրոցում 11 տարի աշխատել եմ»։

Հիշեցնենք, որ դեռ 2 տարի առաջ Տիգրան Խուդոյանը չվերընտրվեց Շատինի համայնքապետ, ինչից հետո տեւական ժամանակ այդ համայքում վեճերն ու միջադեպերը չէին դադարում․ մեծ սկանդալ բարձացավ այն ժամանակ նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանի շուրջ, շատինցիների մեծ մասը նրան չէր ընդունում, անգամ շրջափակել էին գյուղապետարանի շենքը։ Այժմ կրքերը հանդարտվել են։