Բալասանյանի ալոգիզմը

Բալասանյանի ալոգիզմը

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ստորգրահավաք է նախաձեռնել՝ ի աջակցություն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նա ասում է, որ մարդկանց ոչ ոք չի պարտադրում, իրենք են կամավոր գալիս եւ ձեւաթղթի տակ ստորագրում, միայն Ստեփանակերտում երեք հազարից ավելի ստորագրություն արդեն իսկ հավաքված է, շարունակելու են Արցախի շրջաններում: Նույն օրերին Բալասանյանը, արձագանքելով իրեն Հայաստանի ՀՔԾ բերման ենթարկելու մասին մամուլ սպրդած տեղեկություններին, հայտարարել է, թե նման գործընթացի համար իրավական ոչ մի հիմք չկա, Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարող բերման ենթարկել ԱՀ քաղաքացուն, կարող են դիմել Արցախի պատկան կառույցներին՝ արտահանձման միջնորդությամբ:

Նոյեմբերի 7-ին Բալասանյանը կոչով դիմել է Հայաստանի ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին՝ արտահայտելով իր համերաշխությունը: Ստացվում է անտրամաբանական մի բան. եթե Արցախը Հայաստանից անկախ, ինքնիշխան պետություն է, ապա ի՞նչ իրավական հետեւանքներ կարող են ունենալ ի պաշտպանություն Հայաստանի երկրորդ նախագահի՝ Արցախում հավաքված ստորագրությունները:

Այլ երկրի քաղաքացիների ի՞նչ գործն է, թե Հայաստանում նախկին նախագահին օրենքի շրջանակներու՞մ են քրեական մեղադրանք առաջադրել եւ կալանավորել, թե նա, ինչպես Բալասանյանն է ասել՝ «պատա՞նդ է»: Իրավական տեսակետից, եթե առաջնորդվելու լինենք Բալասանյանի տրամաբանությամբ, Հայաստանի դատարանը կարող է առ ոչինչ ճանաչել նրա նախաձեռնությունը, եթե դրան միանան անգամ բոլոր չափահաս արցախցիները: Աշխարհում կա՞ նախադեպ, երբ մի երկրի դատարանի ընդունած վճռին իրավական գնահատական տան այլ երկրի քաղաքացիները: Կամ՝ Բալասանյանի եւ առհասարակ Արցախի քաղաքացիների ի՞նչ խնդիրն է՝ կպաշտոնավարի՞ Հայաստանի ԿԳՍՄ նախարարը, թե՞ հրաժարական կտա կամ կհեռացվի վարչապետի որոշմամբ:

Իսկ եթե Քոչարյանի գործը նաեւ արցախցիներինն է, նրանք իրավունք ունեն Հայաստանի դատարանին միջնորդել, որ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվի, եւ նա անհապաղ ազատ արձակվի, ուրեմն նույն գործի շրջանակներում Հայաստանի ՀՔԾ իրավունք ունի հարցաքննության հրավիրել ԱՀ քաղաքացի Վիտալի Միխայիլի Բալասանյանին, իսկ եթե վերջինս կամավոր չի ներկայանում, ապա՝ բերման ենթարկի: Երկուսից մեկը: Կամ Հայաստանը եւ Արցախը փոխադարձաբար միմյանց գործերին չեն միջամտում, ձեռնպահ են մնում գործընթացներին իրավա-քաղաքական գնահատականներ տալուց, կամ եթե կողմերից մեկը մյուսին ինչ-որ պահանջ ներկայացնում է, ինչպես որ հետեւում է ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախում Վիտալի Բալասանյանի նախաձեռնած ստորագրահավաքից, ապա Հայաստանի ՀՔԾ-ն էլ  իրավասու է համապատասխան գնահատական տալ Բալասանյանի բավական աղմկոտ հայտարարություններից եւ զբաղվել գոնե հանգամանքների ճշտմամբ: Եւ եթե Բալասանյանը պահանջում է Հայաստանի ԿԳՍՄ նախարարի հրաժարականը, ապա Հայաստանի քաղաքացիներն էլ իրավունք են ստանում նրան բերման ենթարկելու եւ մարտի 1-ի գործով հարցաքննելու մասին հանրագիր ներկայացնել պատկան մարմիններին:

Բայց ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե Արցախի ԱԽ նախկին քարտուղարը, որ հայտարարել է նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին, հրապարակային արտահայտություններում ձեռնպահ մնար Հայաստանի իշխանությունների հասցեին մեղադրանքներից եւ կենտրոնանար բացառապես ներարցախյան խնդիրների վրա: Չէ՞ որ նա պատրաստվում է ստանձնել անկախ եւ ինքնիշխան ԱՀ նախագահի պաշտոնը: Թե Բալասանյանը համարում է, որ Արցախի նախագա՞հն է համազգային առաջնորդը, եւ այդ պաշտոնին հավակնողը պետք է համահայկական օրակա՞րգ բերի: