Կորոնապիես`օնլայն թատրոնի համար

Կորոնապիես`օնլայն թատրոնի համար

Համաշխարհային պանդեմիայով պայմանավորված վանաձորցի բեմադրիչ Տիգրան Սուքիասյանը միտք հղացավ ստեղծել օնլայն Live թատրոն, որտեղ արտիստը կխաղա ուղիղ եթերում տեսազանգի միջոցով, իսկ խաղային արտահայտչաձևերը բավականին կտարբերվեն բեմական խաղից: 

Թեպետ Ղազախստանում եւ Ռուսաստանում այս ձեւաչափն արդեն իրականացվել է, բայց Հայաստանում այն լինելու է առաջին անգամ: Բեմադրիչը, իր մտահղացումն իրականացրել է Հայաստանի լավագույն դրամատուրգներից մեկի հետ, ով, ըստ նրա ունի ժամանակը հրաշալիորեն զգալու կարողություն, ունի իր ասելիքը եւ կողմ էր այս փորձարարությանը: 

Ներկայացումը կոչվում է «Ինձ գտնելու եկա», սակայն հեղինակը հանդես է եկել գրական կեղծանվամբ՝ Լայվ Քըրոուն, ով 2 ժամվա մեջ գրել է ժանրային փոխներթափանցումներով դոկումենտալ-սոցիալական դրամա, պայմանականորեն այն անվանելով` կորոնապիես հատուկ օնլայն թատրոնի համար: Թե ո՞վ է դրամատուրգը` հայտնի կլինի ավելի ուշ:  

Ի՞նչ մեծ փոփոխություններ են կատարվում մարդու մեջ, աշխարհի հետ ի՞նչ հարաբերություն ունի մարդը, այս հարցերն են ընկած պիեսի հիմքում, որտեղ օգտագործվել են բազմաթիվ այսօրեական դոկումենտալ նյութեր: Կորոնապիեսը կդառնա ուղիղ եթերում կենդանի ներկայացումների գրական հենք:

Ըստ բեմադրիչի, հետաքրքրությունը հենց նրա մեջ է, որ դերակատարները գտնվելով ինքնամեկուսաման մեջ, խաղում են հենց ինքնամեկուսացված կերպարներ: Իսկ օնլայն ներկայացման մեջ զբաղված են հեղինակավոր անուններ. ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Հովհ. Աբելյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի Նոնա Սաֆարյանը, դերակատարներից մեկը՝ Հրաչ Ռուշանյանը խաղալու է մի կերպար, որը գտնվում է Ռուսաստանում եւ տեսազանգային ներկայացմանը կմասնակցի Ռուսաստանից: 

Ներկայացման օրը դեռ հայտնի չէ, այն տեղի կունենա www.tatron.online կայքում` ուղիղ եթերում լայվ-սթրիմ ձեւաչափով, կոնկրետ ժամի, որից հետո ուղիղ եթերը հասանելի կմնա մեկ ժամ: