Հայկ Մարությանին խորհուրդ եմ տալիս, որ չկոտրվի, ինքը գործել է օրենքի սահմաններում

Հայկ Մարությանին խորհուրդ եմ տալիս, որ չկոտրվի, ինքը գործել է օրենքի սահմաններում

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ

- Դուք այլեւս պատգամավոր չեք, ինչո՞վ եք զբաղվելու։

- Էս պահին, անկեղծ ասած, չեմ մտածել, որովհետեւ գտնում եմ, որ պետք է մի հատ հանգստանամ, հետո նոր մտածեմ։ Առաջին բանը, որով զբաղվելու եմ, մասնագիտական գործունեությունս է՝ հոգեբան-թերապեւտ, դիսերտացիայիս հարցերով պետք է զբաղվեմ, որ պաշտպանեմ։ Եվ հետո արդեն կմտածեմ։ Այսինքն՝ այս պահին առաջին բանը, որ մտածում եմ՝ վերադառնամ մասնագիտական գործունեությանս, որովհետեւ դաշտը բավականին․․․ կարծում եմ, որ կարիքը կա, եւ երկրորդ՝ ինձ վերագտնելու էն հոգեբանական կորուստներից, որոնք ունեցա քաղաքականության մեջ։ 

- Այսինքն՝ հեռանո՞ւմ եք քաղաքականությունից։

- Ոչ, ամենեւին, դա կապ չունի։ Քաղաքականության մասին կմտածեմ, նաեւ առժամանակ կհետեւեմ քաղաքական դաշտի իրավիճակներին։ Ես այս պահին չեմ գտնում, որ հեռանալս ճիշտ է, եւ քանի որ որեւէ ուժի գործունեություն ինձ հոգեհարազատ չէ, ապա կա՛մ ինչ-որ նոր բան կմտածեմ, կա՛մ․․․

- «Նոր բան կմտածեմ» ասելով՝ նկատի ունեք սեփական կուսակցություն ստեղծե՞լը։

- Այո, բայց ոչ այս պահին։  Այսինքն՝ դրանք ավելի հեռահար ծրագրեր են, որովհետեւ նախ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում առհասարակ։

- Ձեզ գրել էին, թե «Աստծո պատիժն է» Ձեր նկատմամբ, որ խորհրդարանում չհայտնվեցիք, Դուք էլ պատասխանել էիք․ «Տա Աստված, որ բոլորի «պատիժներն» այսպիսին լինեն, ես ուրախ եմ, որ այս խորհրդարանում չկամ)))»։ ՔՊ-ի՞ մասին էր։

- Առհասարակ այն մարդկանց, որոնք պատիժ են համարում խորհրդարանից դուրս գալը։ Ես գտնում եմ, որ որեւէ անձ պաշտոնից դուրս գալուց չի պատժվում, եթե իր կամքով է դուրս գալիս։ Եվ դա պատիժ չի համարվում, այլ որոշում է համարվում։ Այո, աթոռներից ու պաշտոններից կառչած մարդկանց համար պատիժ է։ Իսկ ինձ համար մեծ բավականություն է եւ ինչու ոչ՝ նաեւ մտածված եւ շատ հստակ որոշված քայլ։

- Որքան հայտնի է՝ Ձեզ այլ կուսակցությունների ցուցակներում որպես պատգամավորության թեկնածու ընդգրկելու առաջարկներ եղել են։ 

- Ես այդ մասին պարբերաբար խոսել եմ․ գրեթե բոլոր կուսակցություններից առաջարկ ստացել եմ, որեւէ մեկի հետ քննարկման չեմ գնացել, ցանկություն չեմ ունեցել։

- Այսինքն՝ մի մասին համարել եք նախկին, մյուս մասին․․․

- Ես համարում եմ, որ բոլորը նախկին են։

- Վերջերս ականատես եղանք, որ երբ Նիկոլ Փաշինյանը մտնում է դահլիճ, նոր պահանջ է՝ բոլորը պետք է ոտքի կանգնեն։ Գյումրիից քայլած, աթենական ժողովրդավարություն խոստացող Նիկոլ Փաշինյանը, որը հրապարակին անվանում էր «3 միլիոն վարչապետացու», հիմա կայսրական պահանջներ ունի՝ ոտքի։

- Ինձ համար սա երկրորդական բան է։ Եթե դրանով իր կարողությունները կմեծանան, թող ոտքի կանգնեն, ի՞նչ ասեմ։

- Նոյեմբերից 9-ից հետո, երբ մարդիկ նրա հրաժարականն էին պահանջում, Փաշինյանը փոխեց կառավարության մի մասին, ու հիմա այդ մարդկանց՝ գրեթե անփոփոխ կազմով ու, այսպես ասած՝ յուղը վրան, մտցրել է ցուցակ։ Ինչո՞ւ։

- Ինքն ընդամենը փոխեց մի քանիսին, որը, ի դեպ, եղել է մեր պահանջը՝ փոխել կառավարության կազմն ամբողջությամբ ու ժամանակավոր կառավարություն կազմել։ Ինքն էլ որոշեց նախարարներին փոխել, ինքն իրեն ապահովագրեց, որ ամեն ինչ լավ է՝ փոխեցինք, բայց ակնհայտ էր, որ այդ փոփոխությունը ոչ մի բան չտվեց։ Որեւէ բան չէր էլ կարող տալ, որովհետեւ այդ ժամանակավոր կառավարության առաջին ու կարկառուն դեմքե՛րը պիտի փոխվեին։ 

- Հիմա վհուկների որս է սկսվել Հայկ Մարությանի նկատմամբ։ Արայիկ Հարությունյանն ասաց, թե ցավում է, որ Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ եւ որպես ՔՊ-ի եւ «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներեւ եւ հրապարակային աջակցություն չհայտնեց իրենց։ Դուք՝ որպես Նիկոլ Փաշինյանի ու թիմի թիրախում ավելի վաղուց հայտնված մարդ, ինչ-որ խորհուրդ ունե՞ք Հայկ Մարությանին։

- Ինձ համար, հավատացեք, իշխանության աչքի լույսը դառնալու բացարձակ ցանկություն երբեւէ չի եղել։ Չեմ ձգտել դա անել, որովհետեւ դա նշանակում է դավաճանել հայրենիքիդ ու ազգիդ եւ լինել իշխանության համար համակրելի, ինչն արեցին մի խումբ մարդիկ, որոնք այսօր վայելում են իշխանության սերն ու հարգանքը։ Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին՝ ուղղակի խորհուրդ եմ տալիս, որ չկոտրվի, չընկճվի, որովհետեւ գործել է բացարձակ օրենքի սահմաններում եւ իրավունք չուներ որեւէ կերպ ազդելու ընտրություններին, ինչն անօրինություն է, ինչը տեղի է ունեցել մյուս մարզերում եւ գյուղերում։