Գյուլերափարաջանովյան էսքիզներ

Գյուլերափարաջանովյան էսքիզներ

_Այս տարվա հոկտեմբերին երկրորդ խոշոր կորուստն ունեցանք. 90 տարեկանում վախճանվեց պոլսահայ ականավոր լուսանկարիչ Արա Գյուլերը։ Նրա համբավը հայտնի է աշխարհի տարբեր ծագերում։ Շուրջ 70 տարի Գյուլերի աշխատանքները նվաճել են աշխարհի ամենահեղինակավոր պարբերականների, ամսագրերի առաջին էջերը։ Նա ֆոտոհարցազրույցներ է վարել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց հետ, ինչպիսիք են Բեռնար Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Ինդիրա Գանդին։ Նոյյան տապանը լուսանկարելու համար Արա Գյուլերը երկու անգամ բարձրացել է Արարատի գագաթը, սակայն տապանը չի գտել. փոխարենը Արարատ սարը լուսանկարել է ու մի ամբողջ շարք պատրաստել։ Բոլոր մայրցամաքներում եղել է Գյուլերը, նպատակը՝ սեփական աչքերով տեսնել ու բացահայտել այն վայրերը, որոնք, թվում է, վաղուց գտնված ու բացահայտված են։ Սակայն Գյուլերի լուսանկարներում այդ վայրերը բացահայտվել են նորովի, նրա աչքը որսացել է այնպիսի ակնթարթներ ու պատկերներ, որոնց հմայքն ու արժեքը լուսանկարիչը հասցրել է արվեստի բարձունքներ։ Բազում տիտղոսներից ու կոչումներից բարձրագույնը Գյուլերի լուսանկարչության վավերագրական ու գեղարվեստական արժեքն է, որ դարեր հետո էլ չի խամրելու, ընդհակառակը՝ ավելի է խտանալու եւ բյուրեղանալու։ Նրա պարզ, անպաճույճ, մտերմիկ լուսանկարների խորքերում անսահման սեր, ջերմություն ու նվիրում կա՝ անկախ այն բանից՝ լուսանկարում ստամբուլցի մանուկներ են, Չերչիլն է, թե Վիլյամ Սարոյանը։ Գյուլերի ֆենոմենը նրա անկեղծությունն է, որ դրոշմված է յուրաքանչյուր լուսանկարում։_ _Արա Գյուլերը հայ է. նրա հայ լինելու հանգամանքը մեզ հպարտանալու առիթ եւ հնարավորություն է տալիս։ Գյուլերը չէր թաքցնում՝ կուզենար Հայաստանում թանգարան ունենալ։ Վերջին՝ 2013 թվականի հայաստանյան այցի ժամանակ նորից ակնարկեց դրա մասին, մենք էլ ոգեւորվեցինք, բայց շուտով պարզվեց, որ գործնականում ոչ մի քայլ չի արվում այդ նպատակով։ Գյուլերը կորցնելու ոչինչ չունի, մե՛նք ունենք։ Հիմա, երբ նա ողջ չէ, հայաստանյան թանգարանի թեման կարելի է փակված համարել։ Այդպես կարծելու նախադրյալներն ունենք։ Լուսանկարչական արվեստի գիտակ, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ զրույցն ավելի լավատեսական հույսերի հնարավորություն չի տալիս։_ **Գյուլերը՝ ամբողջ հմայքով ու համբավով** Հռոմում ես ներկա եմ եղել Արա Գյուլերի ցուցահանդեսին: Արա Պակիս էր կոչվում այդ վայրը: Գետի ափին հին հռոմեական շինություն էր՝ ապակու մեջ առնված: Գյուլերը շատ հայտնի է, այդ պատճառով էլ թուրքերն օգտագործել էին նրա անունը. թուրք լուսանկարիչները ներկայացվել էին նրա շուքի տակ, ցուցահանդեսի անունը դրել էին «Արա Գյուլերը եւ ընկերները»: Գյուլերն աշխարհահռչակ է, որովհետեւ նա հայտնի մարդկանց է լուսանկարել: Լուսանկարիչներն առհասարակ ոչ միշտ են միմյանց աշխատանքը հավանում: Ավելի ճիշտ՝ ոչ թե չեն հավանում, այլ հոգեհարազատ չեն միմյանց. նախասիրության, տարբեր պատկերացումների հարց է: Գյուլերն ինձ շատ հոգեհարազատ ու մոտ է: Նա շատ է ստեղծագործել, շատ է լուսանկարել՝ Ստամբուլի կյանքը, հուշարձաններ, Արարատ սարը, դիմանկարներ: Իմիջիայլոց, Պոլսում շատերը չգիտեն էլ, որ նա հայ է: Իրականում դա այնքան էլ կարեւոր չէ: Մեզ՝ հայերիս համար է նրա հայ լինելը կարեւոր ու էական: Գյուլերը Թուրքիայում շատ հարգված ու սիրված էր: 1-2 տարի առաջ Էրդողանը ներկա էր Գյուլերի հոբելյանին, իր լուսանկարչական սարքով նկարեց նրան: Մեծարման արարողությունը թուրքական հեռուստաընկերությունները եւս լուսաբանեցին։ **Գյուլերափարաջանովյան էսքիզներ** Փարաջանովը 1989-ին Ստամբուլ էր գնացել՝ մասնակցելու միջազգային փառատոնի. ինքն ու Գյուլերն անընդհատ միասին են եղել: Գյուլերը Փարաջանովին ուղեկցել է Սուրբ Սոֆյա, Դոլմաբահչեի պալատ, շուկա, այլ վայրեր: Փարաջանովյան շարք է նկարել. այդ լուսանկարներից Փարաջանովը նաեւ կոլաժներ է պատրաստել։ Դրանցից թանգարանի էքսպոզիցիայում էլ կան: Կան լուսանկարներ, որոնք Փարաջանովն է «բեմադրել», օրինակ՝ ատրճանակը սեփական քունքին դեմ տված: Ես էլ երբ նկարում էի նրան, հաճախ «բեմադրում» էր, թե ինչպես լուսանկարեմ իրեն: Փարաջանովի լուսանկարներից Գյուլերը Երեւան էլ է բերել: ...Ես եղել եմ Պոլսի Պերա փողոցում գտնվող նրա սրճարանում, որտեղ գյուլերյան հայտնի լուսանկարներ են ցուցադրված: Բոհեմական վայր է, ուր հավաքվում են մարդիկ՝ Գյուլերի միջավայրը վայելելու: Այս ամառ էլ էի Պոլսում, անցա նրա տան կողքով, բայց ներս չմտա. գիտեի, որ Գյուլերը հիվանդ է: Երբ 2013-ին Գյուլերը Հայաստան եկավ, ես նրան հյուրընկալեցի Փարաջանովի հարկի տակ, ճաշկերույթ կազմակերպեցի, լուսանկարեցի նրան։ Ջերմ հիշողություններով օր էր։ ![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/46485517_264729870902269_4415583828941209600_n.jpg?_nc_cat=106&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=c5ae283dc034ed1696e9b76e3d11a00c&oe=5C63AD89) **Լուսանկարչության հայ հայտնիները** Լուսանկարչությունը շատ յուրահատուկ արվեստ է, հայերի հոգուն շատ մոտ ու հարազատ, որովհետեւ հայը միշտ ուզում է ինքն իր գլխի տերը լինել, վերցնել սարքն ու լուսանկարել՝ ինչպես ուզում է: Եգիպտոսից, Եթովպիայից մինչեւ Աշխաբադ՝ լուսանկարիչների մեծ մասը հայ է: Երբ անցյալ դարասկզբին լուսանկարչությունն ակտիվորեն մտավ մեր կյանք, այն անմիջապես գրավեց հատկապես հայերին: Նրանք սկսեցին լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ, սեփական տաղավարները, կենտրոնները բացեցին: Մենք անվանի շատ լուսանկարիչներ ունենք՝ կանադահայ Յուսուֆ Քարշը՝ ծնունդով Արեւմտյան Հայաստանից: Նա լուսանկարել է Չերչիլին, Հեմինգուեյին, Ֆիդել Կաստրոյին, Բեռնարդ Շոուին, Էլիզաբեթ Երկրորդին: Իդա Քարը եւս լուսանկարչության աշխարհում շատ հայտնի անուն է: Ռուսաստանում է ստեղծագործել Վլադիմիր Մուսայելյանը, որը Լեոնիդ Բրեժնեւի անձնական լուսանկարիչն էր: Լուսանկարչությունն արվեստի ճյուղ է, որն օր օրի ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում: Հեռախոսն այսօր լիովին օգտագործվում է որպես լուսանկարելու միջոց: Թեեւ մեծ մասսայականության պատճառով պրոֆեսիոնալիզմը երբեմն տուժում է, լուսանկարչության մեջ արվեստն անտեսվում, բայց մարդիկ հավերժացնում են պահը, այսօրվա միջավայրը, դեպքերը, որոնք պատմություն են դառնալու: **Լուսանկարչության կարեւորությունը գիտակցելով՝ չունենք լուսանկարչության թանգարան** Բազմիցս բարձրացրել եմ այս հարցը, դիմել եմ նաեւ մեր երկրի նախագահներին, հուշել, թե որ շենքերում կարելի է թանգարան ստեղծել: Օրինակ՝ Երեւանում հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան կա՝ մի հին տուֆակերտ շենք է, հասցեն՝ Ամիրյան 28/6: Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքն է՝ կառուցված 1898 թվականին: 1982-ին շենքը վերանորոգվել է, որպեսզի Երեւանի պատմության թանգարանը Կապույտ մզկիթից տեղափոխվի այնտեղ: Շենքը կահավորված էր ու ծառայելու էր որպես թանգարան: Սակայն քաղաքապետ Վահագն Խաչատրյանի օրոք պարզվեց, որ պատմական հուշարձան-շենքը վաճառվել է մեծահարուստ Վաչե Մանուկյանին: Երեւանի պատմության թանգարանն էլ այդտեղից հանեցին: 30 տարուց ավելի շենքի դռները կողպված են. ոչ մի բանի չի ծառայում: Սեփականատերն այն ոչ մի նպատակով այդպես էլ չօգտագործեց, թեեւ, կրկնում եմ, շենքն իսկ եւ իսկ թանգարանի համար է: Ուզում էի Վաչե Մանուկյանին նամակ գրել, հորդորել, որ շենքը նվիրի ժողովրդին, եւ այնտեղ ստեղծվի հայ լուսանկարչության թանգարան։ Թող այն կրի Վաչե Մանուկյանի անունը: Այդ թանգարանը շատ կարեւոր դեր կունենա լուսանկարչության ոլորտում. լուսանկարիչներն իրենց աշխատանքները կցուցադրեն, կհամեմատեն, կգնահատեն միմյանց որակական հատկանիշները: Թանգարանում տեղ կգտնեն հայտնի լուսանկարիչների գործերը: Շատերը մեծ արխիվ ունեն, նվերներ՝ նշանավոր լուսանկարիչներից: Ինձ էլ են շատ հայտնի լուսանկարիչներ իրենց աշխատանքները նվիրել. պատրաստ եմ դրանք նվիրել թանգարանին: Թանգարանում պարբերաբար ցուցահանդեսներ կկազմակերպվեն. լուսանկարիչներն այսօր ցուցադրվելու տեղ չունեն: Պետք է լուսանկարչական թանգարան ունենալու մասին շատ խոսվի։ Ո՞վ իմանա. միգուցե ինչ-որ մարդկանց արժանապատվությունը շարժվի, ու մի բան ստացվի: ![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/46450895_568306000283102_4739714917597184000_n.jpg?_nc_cat=107&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=5a30f896c3f48f5a13f8bb68f742f5cd&oe=5C645C3D) **Լուսանկարը պատմության ակնթարթ է** Աշխարհի բազմաթիվ քաղաքներ, անգամ՝ Թբիլիսին, լուսանկարներ ցուցադրելու մի քանի սրահ ունի: Մենք էլ պետք է ունենանք, ու հավատացած եմ, որ շատ աշխույժ թանգարան կլինի, որտեղ ցուցահանդեսներից բացի, անվանի լուսանկարիչների ստորագրությամբ լուսանկարներ կվաճառվեն: Լուսանկարը մեծ ինֆորմացիա է պարունակում. անգամ պատահական արված, ոչ պրոֆեսիոնալ լուսանկարն իրականում պատմություն է, հավերժացնում է տվյալ պահը, միջավայրը, ժամանակաշրջանը: Լուսանկարները նաեւ վավերագրություն են, մի բառով ասած՝ հարստություն, արժեք: Լուսնկարիչները կյանքից հեռանում են, նրանց արխիվը մնում է, եւ ընտանիքը չգիտե՝ ինչպես վարվի, ինչ անի այդ աշխատանքները. չէ՞ որ ժամանակի ընթացքում դրանք փչանում են: **Կորսվող արժեքներ** Վերջերս օպերատոր Աշոտ Մովսիսյանը լուսանկարիչ Գուրոսի աշխատանքներն է ինձ ցույց տվել՝ գյուղեր, մարդիկ, դիմանկարներ, էթնոգրաֆիա, պատմական միջավայր, հուշարձաններ: 1930-ականներին Գուրոսը Գորիսն է լուսանկարել․ ապշեցուցիչ, ֆանտաստիկ աշխատանքներ են՝ բարձր որակի: Լուսանկարել է արտիստների, գյուղացիների, որոնք նկարահանվելիս են եղել «Զանգեզուր» ֆիլմում։ Լուսանկարել է Գորիսը երկրաշարժից առաջ եւ հետո։ Պատմական արժեք է, չէ՞։ Գուրոսը նկարել է այն ժամանակվա հսկայական սարքով։ Դժվար է հավատալ, որ 90 տարի առաջ աչքի համար այդքան պարզ, հստակ պատկեր է նա ստացել՝ այդքան մեծ պրոֆեսիոնալիզմի, հմտության, կոմպոզիցիայի վարպետությամբ: Գուրոսից մոտ հարյուր լուսանկար կա իմ համակարգչում, բայց, ըստ Աշոտ Մովսիսյանի, սա լուսանկարչի արխիվի մի փոքր մասն է միայն: Ի՞նչ է լինելու այդ արխիվի հետ. պետք է այն պահպանվի, ցուցադրվի, սերունդներին փոխանցվի: Որպես թանգարանային մարդ եմ ձեզ ասում՝ եթե հայտնի չէ կամ նշված չէ, թե տվյալ իրն ում է պատկանել, որ ժամանակվա է, այն կորցնում է իր արժեքը: Հիշում եմ՝ Ֆրանսիայում բավականին թանկ գնով կովկասյան հին լուսանկարներ էին վաճառվում: Ընկերս ուզում էր գնել. մոտեցա, տեսնեմ՝ լուսանկարների վրա նշված չէ, թե որ թվականի է, ով է հեղինակը, որ վայրն է լուսանկարված: Ուրեմն այն արժեք չունի, չի կարող որեւէ կերպ օգտագործվել, քանի որ ոչ մի ինֆորմացիա չի պարունակում: Եթե մեր լուսանկարչական արխիվներին տեր չկանգնենք, շուտով այդ բախտին են արժանանալու։ **Կենդանի հուշեր, որ ուղեկցում են ամեն լուսանկարի** Հաճախ եմ ցուցահանդեսներ ունենում թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում։ Ինձ համար այդ ցուցահանդեսները կարեւոր են, որովհետեւ կա՛մ Հայաստանն եմ ներկայացնում՝ իր հուշարձաններով, կա՛մ Փարաջանովին՝ իր արվեստով։ 22 անգամ Արեւմտյան Հայաստան եմ գնացել, որպեսզի լուսանկարեմ։ Նույն վայրը, նույն հուշարձանը տարբեր տարիներին լուսանկարել եմ ու ցույց տվել, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել։ Հսկայական արխիվ ունեմ։ Հաճախ իմ լուսանկարները ներկայացվում են՝ առանց նշելու, որ հեղինակը ես եմ։ Ոչինչ, դա ինձ համար էական չէ, ավելի կարեւոր է այն, ինչը ներկայացվում է լուսանկարներում։ Օրինակ՝ Ջուղայում վերջին անգամ ես եմ եղել. 1987 թվականին մեծ դժվարությամբ ինձ հաջողվեց մտնել Ջուղա ու 3 ժամ այնտեղ լուսանկարել։ Նկարել եմ նաեւ Ջուղայի վերջին հային՝ տիկին Մարիամին. տոհմիկ հայուհի էր։ Ջուղայաբնակ ադրբեջանցիները շատ էին հարգում նրան։ Ազգագրագետ Լեւոն Աբրահամյանն էլ էր ինձ հետ։ Նրա պապը Ջուղայի տանուտերն է եղել. թուրքերը սպանել են։ Տեղաբնակ թուրքերին հարցրինք՝ գիտե՞ն տանուտերի տան տեղը։ Երեխաներն աղաօղլի՜, աղաօղլի՜ (աղայի տղա) գոչելով՝ տարան, Լեւոն Աբրահամյանի պապի տան տեղը ցույց տվեցին։ Երբ Ջուղայի խաչքարերն ադրբեջանցիները ոչնչացրին, եւ այդ առիթով ցուցահանդես ու ֆիլմ պատրաստվեցին, օգտագործվեցին իմ լուսանկարները, որպեսզի Ջուղան ներկայացվի մինչեւ խաչքարերի ոչնչացումը եւ խաչքարերի ոչնչացումից հետո։ Ագուլիսում էլ եմ լուսանկարել։ Այն ժամանակ որոշ հուշարձանների մասունքներ դեռ պահպանվում էին այնտեղ։ Ես լուսանկարել եմ նաեւ Հովնաթանյանների որմնանկարները։ Հիմա ո՛չ եկեղեցիները կան, ո՛չ որեւէ այլ հուշարձան։ Երբ բացվեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, շատ լուսանկարներ տվեցի հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, որպեսզի իրենց ուսումնասիրություններում, գրքերում օգտագործեն։ _Գյուլերից ու Փարաջանովից մինչեւ Ջուղա ու Ագուլիս, մինչեւ հենց այս պահը՝ ամբողջը պատմություն է ու պատմության հավերժացած ակնթարթ, եթե լուսանկարվի ու լուսանկարվելուց հետո էլ պահպանվի ու պահպանվելուց հետո էլ... ցուցադրվի։_ **Լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ զրույցը ներկայացրեց Նաիր Յանը** **Հրապարակ մշակութային հավելված**