Ռուսական պոեզիա. Վլադիմիր Սիլկին

Լուռ ծխում է գետնախորշը վարդագույն,
Խոժոռ ամպերը ջրերն են ծակծկում,
Ամեն կողմից, ասես անվերջ, անդադրում
Ամրությունն են այս բնության փորձարկում:
Խոտը դառնում է բաժինը գերանդու,
Ինչ պատահի՝ կլլում է գայլաձուկը,
Թփերի տակ, օտար աչքից միշտ հեռու,
Ցողերի մեջ այրվում է զատիկը:
Գետը ցրտում կարկամել է, համրացել,
Նա էլ մարդկանց պես խեղճ, անզոր է հիմա.
Հավանաբար, հաստատ գիտի, որ ինքն էլ
Պիտի մի օր այս աշխարհից վերանա:
Ո՛չ մի կռիվ, մարտի որոտ աշխարհում,
Լռությամբ է արշալույսը պարուրված,
Սակայն թվում է, թե անդորրն այս անհուն
Պատերազմի տագնապով է համակված:
**Լույսը**
Լուսավորվում են դաշտեր ու անտառ,
Փխրուն ամպերը՝ երկնի կապույտում:
Ու նահանջում են ցավերը դանդաղ,
Թախծի մշուշը էլ ինձ չի պատում:
Լուսե մի թռչնակ երգեց թփերում,
Հարևանությամբ ուրախ առվակի,
Իսկ աշորայի դեռ խակ արտերում
Փոքրիկ կղզյակներ կան տերեփուկի:
Խայտում, խաղում են ձկները լույսից,
Ուռենին ճերմակ լույսով է լեցուն:
Գո՜հ եմ ամենքից ու ամեն ինչից,
Լու՛յս, ջերմությու՛ն եմ բոլորիդ մաղթում:
Թող եւ ո՛չ մեկի շուրթից երբեւէ
Չհնչեն խոսքեր ոխ ու չարության:
Չդատապարտեք ինձ, մարդի՛կ, եթե
Խոսքիս մեջ պակաս թողեցի մի բան:
**Սրտիս**
Ես գիտեմ՝ մինչև զարկով տենդագին
Ի վերջո անկյուն կքշես դու ինձ,
Դեռ կհասցնեմ հասկանալ մեկին,
Հերթական սիրուց խենթանալ նորից:
Զարկի՛ր, զարկի՛ր…Բայց արդեն զգում եմ՝
Բաբախդ հաճախ ընդհատ է ու թույլ:
Արի, սիրելի՛ս, քանի կարող ենք,
Սե՛ր տանք մենք մարդկանց եւ ուրախությո՛ւն:
Դեռ մի՛ շտապիր մարմնիս նեղել,
Որսա, ոնց առաջ, կանչը կռունկի,
Երգի համար ես դու աշխարհ եկել.
Զարկիր մինչև վերջ դու հանուն երգի՛:
**Հիմն արեւին**
Ի՜նչ լռություն է, անդորր ինչպիսի՜,
Հաջողությունը թվում է մոտիկ,
Պատուհանի տակ արեւածաղկի
Գլխիկներն են՝ հանց արեւներ փոքրիկ։
Իսկ արեգակը ելնում անխռով,
Թխպոտ ամպերի ծալքերն է ուղղում,
Հին, գեղեցիկ իր գործն ավարտելով՝
Կոկիկ մարգերը լույսով ողողում։
Ո՛չ մի շփոթմունք լուռ շարժումներում,
Ներքին ուժ միայն, զորություն կա մի,
Առանց որի եւ ոչի՛նչ աշխարհում
Չի ղողանջի ու չի ծաղկավորվի։
_Վլադիմիր Սիլկինը ծնվել է 1954 թ-ին, Ռուսաստանի դաշնության պետական մրցանակի դափնեկիր է, արվեստի վաստակավոր գործիչ։ Հեղինակել է շուրջ 35 գիրք, ընդ որում նաեւ էսսեների, երգերի, մանկական բանաստեղծությունների։ Բանաստեղծը յուրացրել, իր մեջ է առել 19-20-րդ դարերի հայրենական պոեզիայի լավագույն ավանդույթները, որ հրաշալիորեն դրսեւորվում են տարբեր թեմաների նվիրված նրա ստեղծագործություններում։_
**Թարգմանությունը՝ Լեւոն Բլբուլյանի**
**Հրապարակ մշակութային հավելված**
Կարծիքներ