Սերս՝ գնացքի վագոնում

Սերս՝ գնացքի վագոնում
Չգիտեմ՝ հիմա ոնց է, բայց իմ ուսանողական տարիներին Մանկավարժական ինստիտուտը բարձր կուրսերի համար կազմակերպում էր թանգարանային էքսկուրսիա Սովետական Միության խոշորագույն քաղաքներում: Սովորաբար լինում էինք Մոսկվայում եւ Լենինգրադում: Պատմամշակութային վայրերից զատ, մեզ՝ տղաներիս, ավելի քան հետաքրքրում էին ռուս աղջիկները, որոնք իրենց տեսքով, շիփ-շիտակ հասակով ռուսական անտառների ճերմակ ու լերկ բերյոզկաների հմայքն ու անդիմադրելի ձգողականությունն ունեին: Հոգնել էինք մեր փշոտ ակացիաների փրչոտ, ծուռումուռ ցողուններից եւ դժվարամատչելի սրտամաշ քմայքներից: Մեր սերը լայնարձակ, անծայրածիր տարածքներ էր տենչում եւ ամոթխածությունից ու ավելորդ կոկետությունից զերծ անկաշկանդ շփումներ: Եվ հարավային տաք հոսանքների մեր սիրատոչոր վտառները մղվում էին հյուսիս՝ նրա ջինջ կամարներում հանդիպելու նույնքան լույս ու ճերմակ կապուտաչյա ջրահարսներին, որպեսզի մի պահ կարճ միացումով հյուսիսային փայլատակումների պես ցնորվող լույսերում ողողվեին մեր կրքերից արբեցած հրարձակ մարմինները: Տոն էր, բորբ արեւ ու լույս մեր կուսական սրտերում:



Մինչեւ սիրո իմ հիմնական էակին հանդիպելը դեռեւս Լենինգրադի մատույցներում՝ Կոլպինոյում, ես արդեն բավականին փորձ էի կուտակել: Առաջին աղջիկը, որին հանդիպեցի, շիկահեր, գանգուր խոպոպներով բարեկազմ աղջիկ էր, ով խոսելու փոխարեն ավելի շատ կակազում էր, բայց նրան հասկանալու համար այնքան էլ մեծ ջանք չէր հարկավոր: Ես նրան ուղեկցում էի ծառախիտ զբոսայգիների ստվերոտ մացառուտները, իսկ նա անընդհատ ինձ մի ուղղությամբ էր տանում: Դեպի Կոլպինոյի միակ ու բազմազբաղ ռեստորանը՝ «Երեկոյան Կոլպինո»… Ամեն ինչի պատրաստ էի, միայն թե տիրանայի այդ չքնաղ աղջնակին, որի կակազումը թեեւ մասամբ անբացատրելի էր դարձնում նրա հոգեւոր զգացումները, բայց մարմնական բարեմասնությունները միանգամայն հասկանալի եւ ընկալելի էին իմ կրակոտ ձգտումներին: Ռեստորանի առջեւ բավականին մարդ էր հավաքված: Ոնց որ պատերազմական տարիների հացի հերթ լիներ: Ամեն դուրս եկողից հետո մի հոծ բազմություն էր մղվում դեպի նեղ դռները: Այնտեղով բոլորս չէինք անցնի: Աղջիկը ձեռքս ամուր սեղմել էր կրծքին ու, ինձ ետեւից քարշ տալով, խելահեղ մոլուցքով մղվում էր առաջ: Սովետական միլիցիան անվարան կանգնած էր մեր առաջ: Բոլորը հերթագրված էին: Ավելորդ շտապողականությունը դատապարտված էր ձախողման: Պատնեշը հաղթահարելն անհնարին էր: Ի վերջո, իմ ընկերուհին եւս դա հասկացավ: Հուսահատ կանգնեց, ձեռքս բաց թողեց: Ես նրան չէի հետաքրքրում.



-Ннну,- ասաց,- яяя пппаашла,- անակնկալ հայտարարեց:



-Ккккуда?,- արդեն ես էի կակազում:



-Ддддаамой…,- վճիռն անբեկանելի էր:



Շիվարած կանգնել էի Կոլպինոյում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, ուր պաղ քամիներն էին անորոշ վխտում: Զգացումս այդպիսին էր: Սիրտս սառույցի մի կտոր էր: Բայց կյանքն առջեւում էր: Կյանքը ծիածանի պես բացվող հրաշագեղ գույներով ինձ դեպի իր գիրկն էր կանչում: Ճերմակ, ուռուցիկ գնդերով մի գիրկ էր այն տիկնոջ կուրծքը: Կլիներ երեսունհինգից քառասուն տարեկան: Մոսկվա գետի առափնյա լողափին թեքությամբ մեկնված՝ սիգարետ էր ծխում: Բավականին գրավիչ էր՝ երկար ոտքերը, նեղ կոնքերը, կրծկալի մեջ չտեղավորվող մեծ ստինքները, կլոր, փոքր-ինչ մոնղոլականին նմանվող լայն դեմքը, որի կապույտ աչքերից մեղմ լույսեր էին կայծկլտում: Նրա տարիքն ու բարձր պահած սիգարետն ինձ գոտեպնդում էին: Նա էլ հո սովետական հանրային ռեստորան չէ՞ր, որ դռներն ամուր փակվեին իմ առաջ: Մոտեցա, սիգարետ խնդրեցի: Ժպտալով՝ ինձ մեկնեց երկար սիգարետը: Բայց այն այրել էր պետք: Գետի ջրերից մեղմ զեփյուռ էր փչում: Ամեն անգամ, երբ այրվող լուցկին մոտեցնում էի սիգարետի բերանին, քամին փչում ու հանգցնում էր այն: Լուցկին եւս տիկնոջից էի խնդրել: Ես ծխող չէի, բայց մեծ ցանկություն ունեի տղամարդ երեւալ: Կիսաբաց ձեռքով պատսպարում էի կրակը: Բռիս մեջ թափանցող թեթեւ սյուքն անգամ մարում էր բոցը: Կինը մեղմիկ ժպտում էր: Երեւի սիգարետի եւ լուցկու արանքում նա արդեն կարդացել էր իմ ողջ կենսագրությունը: Հետո մենք քաղցր ու հետաքրքիր զրույց ունեցանք… Ափսոս, ժամանակը սուղ էր: Երկու ժամից մեկնում էր Մոսկվա-Երեւան ճեպընթացը:



Ռուսաստանի անծայրածիր տափաստանով սուրում էր գնացքը: Կիսաբաց լուսամուտներից խուժող քամին խլում էր մազերս՝ շոյելով ճակատս, փափուկ ելեւէջներով հպվում դեմքիս ու համընթաց շարժման մեջ ինձ առաջ մղում, վագոնի ռիթմիկ թխկոցների հետ համանվագ մի երգ հյուսում, որն ինձ հետ, նույն շարժմանը համընթաց վազում էր, շտապում երազներիս ընդառաջ… Դեռ ինչքան արկածներ ունեի ապրելու… Հրաշք էր կյանքը՝ իր քաղցր ու անուշ օրերով, իր տխուր ու անկատար պատրանքներով, իր վերջավոր գոյությամբ ու անվերջ հիշողություններով: Նույն քամին գուրգուրում էր ռուս աղջկա ճակատը. ծաղկուն դեմք էր բացվել իմ առաջ, որից լուսավոր շողերով հրավերքի կայծեր էին թռչում: Փորձս լրիվ բավարար էր աղջկան մոտենալու համար: Մեր ծանոթությունն անբռնազբոս էր, առանց ավելորդ կաշկանդվածության ու քաղաքավարության կանոնների: Ափսոս՝ ուշ ծանոթացանք: Մեկ օր ունեինք մեր տրամադրության տակ ու էդ օրը լիուլի ըմբոշխնում էինք փոխադարձ գրկախառնությունների ու համբույրների խորը ծանծաղուտներում: Կյանքը հրաշք էր, քան երբեք, ու մենք՝ էդ հրաշքի կիզակետում: Կենաց արբունքով տարված, Լենինգրադում ու Մոսկվայում փորձառություն ձեռք բերած՝ կարծում էի, որ դա ինձ լիուլի բավարար է՝ ցանկացած կուսական անտառ մտնելու եւ ձիթենու պսակը գլխիս դուրս գալու համար, բայց դեռ բաներ կային աղջկան ասելու, որոնք, սակայն, դեռեւս ես հասու չէի ասելու: Աղջիկն իմիջիայլոց ասաց, որ վագոնի ուղեկցորդն իրեն խոսք է գցել: Ի՞նչ պիտի գցեր… որ հասներ իրենց բորբ զգացումներին, ջերմ գրկախառնումներին ու անապական համբույրներին… Թեւ թեւի շղթայված, ուս ուսի կիսագրկված՝ գլուխներս դուրս էինք հանել ճեպընթացի լուսամուտից ու սրընթաց դեպի ապագան էինք գնում… Ափսոս, որ օրն ավարտին էր մոտենում:



Առավոտյան կանուխ արթնացա, որպեսզի հրաժեշտի վերջին օրը ողողեմ տաք շնչի, շուրթ շրթի, բոց բերանների թաց համբույրներում: Պիտի որ աղջիկը եւս արթնացած լիներ: Չկար: Ամաչում էի օտար դուռ բախել: Միջանցքն ամայի էր: Հայաստանում էինք: Արեգակը նոր-նոր ծիկրակում էր լեռների թիկունքից: Պայմանավորված էինք: Պիտի որ աղջիկը դուրս գար իր խցից: Դուռն անխղճորեն գոց էր: Երկար ժամանակ: Մեկ էլ մի շրխկոց լսեցի: Սիրտս ծառս եղավ: Իզուր: Զուգարանի դուռն էր: Վագոնի ուղեկցորդը դուրս եկավ այնտեղից ու, գլխարկն ուղղելով, շտապ-շտապ անհետացավ դռների ետեւում: Ու կրկին անդորր… Միայն ճեպընթացի մետաղական անիվներն էին ռելսերի վրա մելամաղձոտ նվագում՝ թիկ-թակ… թիկ-թակ… չուք-չարաք… չուք-չարաք… Այդպես եւս հինգ-տասը րոպե… Անդորրի ու ամայության մեջ եւս մեկ անգամ դուռ բացվեց: Ցնցվեցի: Էլի զուգարանի դուռն էր: Դռան շեմին գզգզված խոպոպներով այն շիկահերն էր՝ երազիս հրաշք ճամփորդը… Ունայնություն էր ունայնությանց… Թիկ-թակ… թիկ-թակ… չուք-չարաք… չուք-չարաք… Թվում էր, թե աշխարհում այլեւս ոչինչ չկար… Դռնից այն կողմ, այնուամենայնիվ, ինչ-որ բան եղել էր։



Սերս զուգարանի անցքում մնաց…



09.11.2018թ.



**Լեւոն Ջավախյան**



**Հրապարակ մշակութային հավելված**