Հարուցվել է քրեական գործ՝ ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու տանից կատարված գողության դեպքի առթիվ:



2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Նորքի Այգիներ թաղամասի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրն իրենց տանից հափշտակել են իր կնոջ ոսկյա զարդերը:



Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:



Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով տան նկուղային հարկում գտնվող խոհանոցի պատուհանը, ապօրինի մուտք է գործել տուն, ապա ննջասենյակի պահարանից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 4 391 640 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:



Դեպքի առթիվ նույն օրը  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով:  Տանտիրոջ կինը ճանաչվել է տուժող:



Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ:



Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։



Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:



ՀՀ Քննչական կոմիտե