«Պարտվողականության» եւ փաստացի իրավիճակի միջեւ

«Պարտվողականության» եւ փաստացի իրավիճակի միջեւ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան եւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը զարմացած է, որ երկրորդ եւ երրորդ նախագահները, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «հետ համեմատած Արցախի խնդրում ունենալով գաղափարական տարբերություններ, դուրս չեկան այս պարտվողական հունից, որը շարունակվում է առ այսօր»:

Ուզում է ասել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած մոտեցումը «պարտվողական էր»: Երկրորդ եւ երրորդ նախագահներն այն չեն հաղթահարել, գործող իշխանությունները՝ նույնպես: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե կարգավորման ի՞նչ տարբերակ է պատկերացնում տիկին Ալավերդյանը: Խնդիրը բառախաղերի մեջ չէ, մանիպուլյատիվ ձեւակերպումներ կարելի է հնչեցնել անվերջ: Մանավանդ՝ Երեւանի ինչ-որ մամուլի ակումբում, բացառապես հայ լրոգրողներից բաղկացած լսարանի առջեւ:



Հատկապես որ լրագրողների երիտսարդ սերունդը լավատեղյակ չէ ԼՂ խնդրին, բանակցային գործընթացի ելեւէջումներին եւ առաջնորդվում է մի նշանաբանով. «Մենք պատերազմում հաղթել ենք եւ զիջելու ոչինչ չունենք»: Ի դեպ, անցած քսան տարիներին իշխած քաղական ուժի եւ տիկին Ալավերդյանի կարգի փորձագետների եւ վերլուծաբաններին շնորհիվ է, որ նորերերի պատկերացումն այդքան պրիմիտիվ է, բայց դա այլ խոսակցության թեմա է:



Ավելի լավ է ուշադրություն դարձնենք բանախոսի հիմնական ասելիքին, «Արցախը բանակցային սեղանին պետք է վերադառնա նոր որակով: Պետք է հստակեցնել, որ այն «ipso facto» պետություն է... քանի որ գոյությամբ, իր կառավարման համակարգով ապացուցել է իր կենսունակ լինելը...»: Սա այն դեպքն է, երբ ստիպված պետք է վերադառնանք անցյալին, այն «պարտվողականությանը», որը Լարիսա Ալավերդյանը վերագրում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:



Եւ հիշեցնենք, որ բանակցություններին Արցախը «ipso facto» պետություն էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահները կարգավորման առաջարկությունը պաշտոնապես ներկայացնում էին նաեւ Ստեփանակերտ: Եւ այդ կարգավիճակն ավելի կամրապնդվեր, եթե կարգավորման փուլային տարբերակը չտապալվեր, Արցախը որպես իրավահավասար կողմ ստորագրեր հակամարտության զինված փուլին վերջ տալու եւ մասին Համաձայնագիրը:



Դա կնշանակեր, որ Ադրբեջանն «ipso facto» ճանաչում է Արցախի պետությունը: Եւ հետագա բանակցություններն էլ կընթանային այդ հիմքով: Ահա այսքան «պարտվողական» էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած հայեցակարգը: Այնքան «պարտվողական», որ քսանմեկ տարի անց տիկին Ալավերդյանը խնդիր է դնում վերադառնալ այդ իրավիճակին: Բայց կհաջողվի՞: