Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է

Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն:



Ավելի վաղ հայտնել ենք, որ անհայտ անձը զինված մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող ՓԲ ընկերության դեղատուն, որտեղ դեղատան աշխատակցուհու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 156.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը՝ դիմել է փախուստի:



Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում դեղատան աշխատակցուհին և ՓԲ ընկերությունը ճանաչվել են տուժող:



Քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ներկայացվել կասկածյալը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1982 թվականին:



Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-ր մասի 4-րդ կետով:



Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:



Նախաքննությունը շարունակվում է:



ՀՀ Քննչական կոմիտե