ՀՀԿ-ն ունի ԱԺ մուտք գործելու շանս

ՀՀԿ-ն ունի ԱԺ մուտք գործելու շանս
Լեզվաբան Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ հեղափոխությունից յոթ ամիս անց նախկին իշխող կուսակցություն ՀՀԿ-ն դառնում է ընդդիմություն։ «Այս անգամ չեն լինի օդիոզ դեմքեր, մականուններ ունեցող անձինք, բայց տեղի կունենա այդ անձանց կողմից խրախուսված, աջակցված մարդկանց դեմքերի առկայություն, իսկ դրանից գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Կարծում եմ, որ առավելագույնը չորս ուժ կարող է մուտք գործել ԱԺ, չորրորդ ուժի մուտք գործելն էլ կախված է ընտրարշավ ծավալելու մարտավարությունից։



Այսինքն՝ մենք չենք ունենա գաղափարական, քաղաքական դաշտը»,- նշեց մեր զրուցակիցը։ Հարցին, թե ՀՀԿ-ն ունի՞ շանս՝ կրկին հայտնվելու ԱԺ-ում, Նարինե Դիլբարյանն արձագանքեց․ «Իհարկե։ Ես դատում եմ սոցհարցումներից, խոսակցություններից եւ դրանցից ելնելով գալիս եմ այդ համոզման։ Իմ շրջապատում, համալսարանական շրջապատում, ուսանողների, դասախոսների շրջապատի, միջին չինովնիկական ապարատի, այն մարդկանց, որոնք կայացել են, ունեն աշխատանք, հայացքներում շատ արագ կատարվեց հեղաբեկում։ Իհարկե, այդ հեղաբեկումն էլ ունի իր պատճառները։ ՀՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքը դարձավ շատ ավելի ներողամիտ։



Հեղափոխությունը, որքան էլ թավշյա, իր հետ բերում է ցնցումներ եւ անակնկալներ։ Մենք չհասցրեցինք ո՛չ օրենսդրական դաշտը բարեփոխել, ո՛չ ազատականություն ապահովել տարբեր ոլորտներում։ Հիմա եթե ՀՀԿ-ն վերադառնում է նոր ցուցակով եւ «բարի մտադրություններով», եւ շատերը մոռանում են նրանց նախկին գործունեությունը, շատ տխուր վիճակ է»։