Չի լինելու քաղաքական ընտրություն

Չի լինելու քաղաքական ընտրություն

Մինչեւ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների հրապարակումը որպես ԱԺ պատգամավորի թեկնածու շրջանառվում էր նաեւ լեզվաբան, նախկին լրագրող Նարինե Դիլբարյանի անունը։ Նարինե Դիլբարյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ քաղաքական ուժերից ոչ մեկի ցուցակով ինքը չի մասնակցում ընտրություններին։

«Եղել է բանակցություն, բայց այդ ուժը չմտավ ընտրապայքարի մեջ։ Մյուսների առաջարկները ես չգտա նպատակահարմար։ Ես մտադիր էի ընտրություններին մասնակցել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության ցուցակով, քանի որ ես իրեն մեր քաղաքական դաշտում համարում եմ ավանդ եւ փորձ ունեցող, վստահելի մարդ։ Ես կարծում էի, որ ճիշտը դաշինքով մասնակցելն է եւ ազատական ու ժողովրդավարական ուժերը կկարողանան դաշինք կազմել»,- ասաց Նարինե Դիլբարյանը։



Որքանո՞վ են քաղաքական լինելու ԱԺ ընտրությունները, եթե նկատի ունենանք, որ կուսակցական ցուցակներում տեղ են գտել մեծ մասամբ ոչ քաղաքական դեմքեր։ Նարինե Դիլբարյանը նկատում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը տապալվեց մեկ ձայնի պատճառով, իսկ հին Ընտրական օրենսգրքով մենք չենք կարող կատարել քաղաքական ընտրություն։ «Նայելով ցուցակներին ես համոզվեցի, որ դա այդպես է։ Ցուցակներն ամեն մեկը կազմել է՝ ըստ իր տրամաբանության, քաղաքական ուղղվածություն այս ընտրություններում ես սպասում եմ ամենանվազ չափով»,- ասաց լեզվաբանը։