Իսկ ՃՈ-ն ինչո՞ւ չի տեսնում այս խախտումները (տեսանյութ)

Իսկ ՃՈ-ն ինչո՞ւ չի տեսնում այս խախտումները (տեսանյութ)

Մեզ տրամադրել են մի տեսանյութ, որը նկարահանվել է երկու օր առաջ՝ դեպի Արտաշատ տանող ճանապարհին։ Տեսանյութում երևում է՝ ինչպես են երկու Opel մակնիշի և մեկ Volkswagen մակնիշի ավտոմեքենա երթևեկում հանդիպակաց գոտիով՝ ստեղծելով վթարային իրավիճակ, հատկապես, երբ մոտենում են խաչմերուկին։ Տեսանյութը մեզ տրամարդած անձն ասաց, որ ինքն այդ պահին երթևեկում էր այդ ճանապարհով, որի մի հատվածում խցանում էր։ Բայց ինքը մնում է խցանման մեջ, խախտում չի կատարում և չի փորձում հանդիպակաց գոտի դուրս գալով՝ շրջանցել խցանումը, որպեսզի չառաջացնի վթարային իրավիճակ։ Փոխարենը իր աչքի առաջ այլ մեքենաների վարորդները «արանքը ճղում» դուրս են գալսի հանդիպակաց գոտի և, վթարային իրավիճակ առաջացնելով, շրջանցում խցանումը։ Արագընթաց մայրուղում հանդիպակաց երթևեկելը հավասար է ինքնազոհողության, և միայն հրաշքով է հնարավոր խուսափել վթարից։ Այդ ընթացքում որևէ ճանապարհային ոստիկան չի հայտնվում և այդ մեքենաները չի կանգնեցնում, չի տուգանում, անգամ չի նախազգուշացնում, որ հանդիպակաց չերթևեկեն։



Փոխարենը ՃՈ տեսուչները կարող են ամեն քայլափոխի կանգնեցնել օրենքով երթևեկող կոնկրետ ֆիքսված քաղաքացիների և նրանց վրա փող աշխատել, օրինակ՝ ամրակապված չլինելու ենթադրյալ խախտման հիմքով։ Իսկ երբ պահանջում ես ապացույց ներկայացնել, որ ամրակապված չէիր, չեն կարողանում ներկայացնել։ Նրանք չեն կարողանում պատասխանել նաև իրենց լիազորություններից բխող տարրական հարցերի, քանի որ մեր տեսուչներից շատերի մոտ ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, այնպես էլ հիմա որևէ իրավիճակ չի փոխվել։ Նրանց զգալի մասի իրավագիտակցության ու գրագիտության աստիճանը շարոնակում է մնալ ցածր մակարդակի վրա, նրանք չեն տիրապետում այն օրենքներին, որոնցով իրենք առաջնորդվում են։ փոխարենը, ՃՈ տեսուչներից շատերը լավ տիրապետում են փողոցային, կիսագողական բառապաշարին, քաղաքացիների հետ շփովում են «արա ընգեր ջան»-ով, մուննաթով ու անրագալից վերաբերմունք ցուցաբերելով։ Իսկ երբ ներկայացնում ես վարորդական իրավունքդ, չհասկանալով ներկայացնել բառի իմաստը, ուժով խլում են ձեռքիցդ, մինչդեռ կարող են խնդրել, որ նաև առձեռն տրամադրես։ Սրանք դրվագներ են, որ տեղի են ունեցել մեզ հետ՝ որպես վարորդ Ազգային ժողովից քիչ վերև ստատիկ ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչների հետ փոխհարաբերություններում։ Բայց մենք նկատել ենք նաև, որ այս նույն տեսուչների կամ նրանց նույն վայրում փոխարինած այլ տեսուչների աչքի առաջ քանիցս կրկնակի հոծ գիծը հատելով շրջադարձ են կատարել տարբեր թանկարժեք ջիպերի վարորդներ, բայց ԱԺ-ի մոտ ծառայություն իարկանացնող «գաիշնիկները» դա «չեն նկատել»։ Նույն վայրում այդ խախտումը մենք նկատել ենք, իրենք՝ ոչ։ Այս նույն տեսուչների աչքի առաջ ամեն օր Ազգային ժողովի պատգամավորներ են մեքենաներով շրջադարձ կատարում՝ առանց ամրակապվելու, բայց երբևէ չենք նկատել, որ որևէ պատգամավորի մեքենա կանգնեցնեն և տոգանեն ամրակապված չլինելու համար, որն, ի դեպ այդպես էլ չեն կարողանում ապացուցել։



Երեկ էլ նույն Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայով ՃՈ տեսուչն ինքն էր խախտումով վարում մեքենան՝ առանց ամրակապվելու և հեռախոսը ականջին դրած։



Բայց որ հարցնես՝ կասեն իրավիճակ է փոխվել։ Այդ նույն ԱԺ-ի մոտ ծառայություն իրականացնող տեսուչներից մեկը մի անգամ կանգնեցներց ու ասաց․ «Եթե ակտ չգրեմ, աշխատավարձ չեմ ստանա, դրա համար պիտի գրեմ»։ Եվ մինչ իրենք այս «տրամաբանությամբ» առաջնորդվելով՝ փորձում են բյուջեն ու իրեն գրպանները լցնել, իրենց քթի տակ տասնյակ վարորդներ կոպիտ ու վտանգավոր խախտումներ են թույլ տալիս, որոնք այդպես էլ ոչ մի կերպ «չեն նկատում» ՃՈ տեսուչները և չեն արձանագրում։ Դրա արդյունքն էլ այն է, որ հեղափոխությունից հետո վթարների աճ է նկատվում, երթևեկության մեջ խորացել է քաոսը, որովհետև «գաիշնիկների» ուժը պատում է միայն էժան մեքենաներով մի քանի խելոք վարորդների վրա, որ կանգնեցնեն վրաները «ռեմենի ակտ» գրեն, իսկ իրական լկտիներին, որոնք երթևեկության հերն անիծում են՝ վտանգելով այլոց կյանքը, մեր ՃՈ տեսուչները ներում են, քանզի «վարչապետն ասել է՝ ներեն, ամեն «փոքր խախտման» համար չտուգանեն»։ Ահա այսպիսի անհասկանալի և անարխիկ իրավիճակ է տիրում ճանապարհային ոստիկանության բնագավառում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**