Հոգեխախտ կինն այրել է իր և հարևանների տները

Հոգեխախտ կինն այրել է իր և հարևանների տները
Սյունիքի մարզի Խնածախ գյուղում սեպտեմբերի 9-ի գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: Հոգեխախտ մի կին այրել է իր տունը: Կրակը նետվել է հարեւան տների վրա, եւ դրանք եւս այրվել են: Փողոցում է մնացել 4 ընտանիք: «Սարսափելի էր էդ օրը, ոնց որ մի մղձավանջ լիներ, որից մինչեւ հիմա ուշքի չենք գալիս: Ծանր հոգեբանական սթրեսի մեջ ենք՝ տունդ աչքիդ դիմաց վառվում է, ու անզոր ես ինչ-որ բան անել,- պատմում է Հայկուհին, որն ուսանող է, Երեւանում է սովորում։- Եղբայրս ծանր ապրումների մեջ է: Նա կրակի ժամանակ բարձրացել էր տանիք, հոսանքը խփել՝ տանիքից ցած էր գցել, մեխն էր մտել ոտքը, ու երկար ժամանակ դժվարանում էր քայլել»:



Հարեւաններն անմիջապես ընդունել են իրենց անտուն մնացած համագյուղացիներին, բայց ինչքա՞ն կարող ես հարեւանի տանն ապրել: Սյունիքի Տեղ գյուղի խոշորացված համայնքը, որի մասն է Խնածախը, յուրաքանչյուր ընտանիքին 100 հազարական դրամ է տվել՝ առաջին անհրաժեշտության իրեր ու սնունդ ձեռք բերելու համար: Բայց անցնում է երրորդ ամիսը, եւ մարդկանց ոչ ոք չի պատասխանում, թե ինչ է լինելու իրենց հետ: «Մարզպետարանից ասում են՝ կառավարությունը փող չի կարող փոխանցել, որ տուն սարքեք, փող չկա»,- պատմում է Ալինա Առաքելյանը եւ չի կարողանում զսպել արցունքը: Նա իր պապենական տանն ապրում էր 83-ամյա պապի, ամուսնու եւ բանակից նոր վերադարձած որդու հետ: Առաքելյանները նոր էին նորոգել տունը:



«Լրիվ նոր իրեր էինք առել, ամեն ինչ նոր էր: Մի օր էլ չապրեցինք մեջը: Էդ օրը հարեւանուհին եկավ, սուրճ խմեցինք, եկանք Երեւան, որ մի երկու բան առնենք, զանգեցին ասեցին՝ տունն ավիրվել է»: Որդին՝ Հայկը, նոր է վերադարձել Արցախից: Նա բանակային էր: Վաղուց նշանված է, ու աշնանն ընտանիքը պատրաստվում էր հարսանիքի: Հրդեհից հետո հարսանիքը հետաձգվեց անհայտ ժամանակով: Հո չե՞ն կարող հարսին հարեւանի տուն բերել: Հին տնից տանիքն է մնացել, որն ամեն վայրկյան կարող է փլվել, մի սյուն ու մի պատ: Մնացածը մոխրացած է: Խնածախցիները խնդրագիր են ուղարկել Փաշինյանին, սպասում են պատասխանի: Խնածախ վարչական տարածքի ղեկավար Անուշավան Հովակիմյանը հայտնեց, որ մարզպետարանի, համայնքի ներկայացուցիչները պարբերաբար գալիս են գյուղ:



«Մարզպետն էլ է եկել, հարցազրույց է ունեցել հրդեհից տուժածների հետ, իրենք իրար հետ խորհրդակցել են, որ ինչ-որ ձեւով հարցին լուծում տան»: Բայց հույս կա՞, որ այդ 4 ընտանիքը նոր տներ կունենա: «Ես նախօրոք որեւէ հույս չեմ կարող տալ, հասկանում եմ, գիտեմ, հարեւանի տներում են ապրում, ահավոր վիճակ է, բայց չեմ կարող ասել, թե ինչ կլինի»,- ասաց Անուշավան Հովակիմյանը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ