Բաց նամակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին
Պարոն քաղաքապետ, օրերս հայտարարեցիք, որ եթե եղանակը թույլ տա, տարեվերջին Դավթաշեն-Աշտարակ ճանապարհը կհանձնվի շահագործման: Սա համարվում է կարեւոր ճանապարհ, որը բեռնաթափելու է ավտոտրանսպորտային հոսքը քաղաքի կենտրոնում՝ քաղաքի մի շարք թաղամասեր իրար կապելով շրջանցող արագընթաց ճանապարհներով: Բայց Դուք տեղյա՞կ եք, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ Ձեր հայտարարությունը Դավթաշենի համայնքի Մելքումով թաղամասի բնակիչների վրա, որոնց կյանքը մղձավանջ է դարձել այդ արագընթաց ճանապարհների պատճառով, որտեղ չկան լուսացույցներ ու անցումներ:



Ճանապարհը նախագծողներին որեւէ կերպ չի հետաքրքրել հարցը, թե ինչպես են թաղամասի բնակիչները պահպանելու արտաքին աշխարհի հետ կապը, եթե նախատեսված չէ, որ բնակիչները կարող են հատել ճանապարհը ոտքով ու դուրս գալ 16-րդ թաղամաս: Թաղամասը գտնվում է Դավթաշենի եւ 16-րդ թաղամասի մեջտեղում: Դուրս ես գալիս տնից, ու դիմացդ արագընթաց ճանապարհ է, եւ պարզ չէ, թե ինչպես պետք է այն հաղթահարել տրանսպորտից օգտվելու, խանութ, աշխատանքի, դպրոց գնալու, կենցաղային ամենատարբեր հարցեր լուծելու համար, եթե չունես մեքենա:



Արդյունքում արդեն տեւական ժամանակ է՝ մենք ունենք ընտրություն՝ «մահապարտի» նման կամայական հատել ճանապարհը արագ ընթացող մեքենաների դիմացով, հետո հաղթահարել բարձր բորդյուրներ, հետո՝ էլի արագընթաց ճանապարհ, հետո՝ էլի բորդյուրներ, հետո՝ նորից ճանապարհ, ու միայն դրանից հետո, եթե ոչինչ չպատահի, դուրս գալ 16-րդ թաղամաս: Ու սա մի կերպ հնարավոր է, քանի դեռ ճանապարհը լիովին չի գործում, ու մեքենաների հոսքը շատ մեծ չէ, բայց ի՞նչ է լինելու, երբ այն ամբողջ թափով աշխատի: Տպավորություն է, որ ճանապարհը նախագծողն ու հաստատողները բացարձակ չեն ուսումնասիրել տարածքը՝ որտեղով պետք է անցնի ճանապարհը, չեն խոսել բնակիչների հետ, չեն ճշտել, թե ինչպես այն կազդի շրջակայքում ապրող մարդկանց կյանքի վրա: Ու այժմ մենք հայտնվել ենք անելանելի դրության մեջ:



Ողջ ճանապարհի երկայնքով ընդամենը մեկ վերգետնյա անցում է նախատեսված, բայց պարզ չէ, թե այն ինչ տրամաբանությամբ են կառուցել: Այն կառուցված է թաղամասի վերջնամասում, ու դրանից կարող է օգտվել ապրողների միայն մի փոքր հատված: Իսկ ինչո՞ւ պետք է Մելքումով թաղամասի բնակիչները կտրեն մի քանի հարյուր մետր ճանապարհ՝ փողոց անցնելու համար: Ընդ որում, այդ վերգետնյա անցումը չի էլ գործում, ու պարզ չէ, թե էլ ինչ անակնկալներ են սպասվում: Մենք արդեն մի քանի անգամ աղմուկ ենք բարձրացրել՝ պահանջելով տեղադրել լուսացույց կամ որեւէ այլ լուծում տալ, որպեսզի ճանապարհը չդառնա մշտական գլխացավանքի պատճառ, սակայն դրան ի պատասխան՝ առաջին ալիքի եթերում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ճարտարագետ Վարդան Կարապետյանը հայտարարեց, թե դա կխախտի ճանապարհի արագընթաց լինելու նպատակը, մեղմ ասած, ասաց՝ ոնց ուզում եք, համակերպվեք:



Այսինքն՝ կարեւոր չէ, որ այն խախտում է մեծաթիվ քաղաքացիների իրավունքներ, մեծաթիվ անհարմարություններ ու վտանգներ ստեղծում նրանց կյանքի համար, կարեւորը գովազդելն է, որ լավ բան են անում, խոշոր ճանապարհային նախագիծ են իրականացնում, հիմա թող մի քանիսն էլ մեքենայի տակ ընկնեն: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր ճարտարագետը, եթե իր երեխան ամեն օր այդ ճանապարհն անցներ, ինչպես մոտակա դպրոց շտապող երեխաներն են ստիպված անում՝ մշտապես լարված պահելով իրենց ծնողներին ու հարազատներին: Առնվազն տրամաբանական չէ, թե ինչու չի քննարկվում առավել ադեկվատ տեղում վերգետնյա անցում կառուցելու տարբերակը: Ինչո՞ւ մեծաթիվ մարդիկ պետք է տանջվեն սխալ նախագծված ծրագրի ու քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անպատասխանատու վերաբերմունքի պատճառով: Ճանապարհի կառուցման ընթացքում էլ մեծաթիվ անհարմարություններ են եղել, երբ օրերով փակում էին բոլոր շրջակա փողոցները՝ առանց պատշաճ զգուշացումների, սարսափելի աղմուկ անում, սակայն հույս ունեինք, որ դժվարություններն արդարացված են, քանի որ լավ բանի համար է։ Բայց պարզվում է, որ մեր շահերն առհասարակ հաշվի չեն առել, մեզ ծաղրել են, արհամարհել: Ու մի հատ էլ արդարացնում են դա:



Ընդ որում՝ ավելի շուտ բողոքելու շանս էլ չունեինք, քանի որ մինչեւ վերջ էլ լիովին պարզ չէր, թե ինչ ենթակառուցվածքներ են նախատեսված, որեւէ տեղ չկային ճանապարհի կառուցվածքը հուշող ցուցանակներ: Պարոն Մարության, Ձեզնից է կախված՝ Մելքումով թաղամասի բնակիչներն ուրախությա՞մբ, թե՞ բողոքի ակցիաներով կդիմավորեն Ձեզ ճանապարհի բացման արարողության ժամանակ: Մենք ակնկալում ենք իրական լուծումներ, հուսով ենք, որ նոր ավագանին հակված է լինել նաեւ մեր ներկայացուցիչը, ոչ թե ուղղակի իներտությամբ շարունակել ու՝ ավելին՝ արդարացնել նախկինների սխալները:



**Դավթաշենի Մելքումով համայնքի բնակիչներ**