Նախկին ՀՀԿ-ականն իրեն լավ է զգում նոր իշխանության գրկում

Նախկին ՀՀԿ-ականն իրեն լավ է զգում նոր իշխանության գրկում
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի մարզերում, գյուղերում, գյուղակներում, ավաններում «զանգվածային արտագաղթ» սկսվեց Հանրապետական կուսակցությունից: Համայնքների ղեկավարներից շատերը հոգով-սրտով հանրապետականներ չէին: ՀՀԿ անդամությունը շատերի համար իշխանության գալու, իսկ հետագայում համայնքի հարցերն արագ լուծելու միջոց էր, եւ փախուստը խորտակվող «հանրապետական նավից» տեղերում հաճախ ընկալվում էր որպես իրատեսական քայլ, համայնքի խնդիրներով պայմանավորված: Այսպիսի համայնքապետերից է Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը: Նա ՀՀԿ-ական իշխանավորների վերջին էշելոնից էր, ՀՀԿ-ական պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի հովանավորյալը: Հարությունյանը խոշորացված Վարդենիս համայնքի ղեկավար ընտրվեց 2017 թվականի նոյեմբերի 5-ին:



Վարդենիսցիներն ուրախ էին, որ վերջապես ազատվեցին 14 տարվա քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի լծից, որը հայտնի էր ոստիկանության հետ սերտ կապերով ու համաքաղաքացիներին բռնել տալու սովորությամբ: Իսկ վարդենիսցիք, որոնց եկամտի հիմքը, բացի ՌԴ-ից ուղարկված փողից, ոսկու հանքից ստացված ձախ եկամուտներն են, ամենաքիչը հարգում են «գործ տվողներին»: Ահա ինչու ՌԴ-ում բիզնես ու լուրջ կապեր ունեցող Արամ Հարությունյանի պաշտոնի գալը ոգեւորություն առաջացրեց: Վարդենիսում նա մինչ այդ էլ լավ գործի էր՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության ղեկավարն էր, եւ մի պահ, երբ ստուգումներ էին անցկացվել սոցծառայություններում ու լուրջ խախտումներ էին բացահայտվել, նրա դեմ քիչ էր մնում նույնիսկ քրեական գործ հարուցվեր, քանի որ կասկածներ կային, որ Հարությունյանը յուրացումներ է կատարել «Փարոս» համակարգով քաղաքացիների օգնություններից: Եղբայրն էլ՝ Արտակ Հարությունյանը, Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն էր, որտեղ նույնպես յուրացումներ էին բացահայտվել, եւ որին նախ կալանավորեցին, ապա բաց թողեցին, ու նա շարունակեց պաշտոնավարել:



Բայց վարդենիսցիների մեծ մասն աչք է փակում այս վերապահումների վրա, քանի որ ուրախ էին, որ Արամ Հարությունյանի շնորհիվ վերջապես ազատվել են Վոլոդյա Խլոյանից: Այսօր էլ Վարդենիսում նոր քաղաքապետից դժգոհ չեն ու անընդհատ համեմատում են նրան նախկինի հետ: Ասում են, որ քաղաքը մաքրվել է աղբից, որ Արամ Հարությունյանը հետեւում է նաեւ փողոցների լուսավորությանը: Սակայն դժգոհներ էլ կան: Վարդենիսում օպտիմալացման արդյունքում աշխատատեղեր են կրճատվել, հիմնարկներ են փակվել: Օրերս մենք նամակ ենք ստացել Վարդենիսի հակահամաճարակային կայանի նախկին աշխատակիցներից: Կայանն այս լուծարվել է 2017 թվականի հոկտեմբերին, դեռեւս քաղաքապետ Խլոյանի ժամանակ:



Աշխատակիցները 36 հոգի էին: Նրանք պարբերաբար գնում-գալիս էին քաղաքապետարան: Ի վերջո, նրանց հարցերը խոստացավ լուծել քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման, ծրագրերի կազմման եւ համակարգման բաժնի երկրորդ կարգի աշխատող Ռազմիկ Բադեյանը, որը փաստացի ավելի կարեւոր դիրք է զբաղեցնում, քան «ամպագոռգոռ» այս բաժնի պետը: Ահա թե ինչ են գրում հակահամաճարակային օպտիմալացված կայանի գործազուրկ աշխատողները. «Ռազմիկ Բադեյանը 6 ամիս առաջ Վարդենիսի լուծարված հակահամաճարակային կայանի համար խոստացել էր աշխատակիցներին, որ ամեն ինչ կփորձի անել, որ վերականգնի նրանց աշխատանքը, հավաքեց բոլորիս, խոսեց, պայման դրեց ու անցավ գործի:



Կարճ ժամանակ անց ինչ-ինչ ձեւով իր արդյունքը տվեց։ Բայց նա մեզ խաբեց, եւ մեր բողոքների ստորագրությունների հիման վրա աշխատանքը վերականգնվեց այն մարդկանց համար, ում ինքն էր ցանկանում»: Մեր հարցերը բարկացրին Ռազմիկ Բադեյանին: «Բազմաթիվ քաղաքացիների խնդրանքով իրենց ուզեցել եմ ինչ-որ չափով օգուտ տամ, հետո՞, - ջղայնացած պատասխանեց նա։- Ես ո՛չ աշխատանքի տեղավորող եմ, ո՛չ իրավասություն ունեմ աշխատող տեղավորելու: Խոստացել եմ հնարավորինս չափ օգնել, օգնելն ու աշխատանքի տեղավորելը նույնը չի: Անհիմն զանգել եք, ինչ-որ բացատրություններ եք պահանջում: Իմ հնարավորության, իմ գիտելիքների սահմաններում ում կարողացել եմ, օգնել եմ: Իմ ջանքերի շնորհիվ վերականգնվել է 6 աշխատողի աշխատանք, ովքեր ունեցել են համապատասխան կրթություն, իրենց գիտելիքները համապատասխանել են իրենց աշխատանքին, ու նրանք կարողացել են վերականգնվել»:



Ըստ Ռազմիկ Բադեյանի, Վարդենիսի կայանի 6 աշխատողները տեղափոխվել են Մարտունու հիգիենիկ հակահամաճարակային կայան, որտեղ եւ աշխատում են: Նրանց թվում, ըստ Ռազմիկ Բադեյանի, ինքը ծանոթ կամ ազգական չունի: Բադեյանը հերքում է նաեւ Վարդենիսում տարածված լուրերը, թե ինքը քաղաքապետ Հարությունյանի հետ ազգակցական կապեր ունի: Սրանով են վարդենիսցիք բացատրում այն, որ Ռազմիկ Բադեյանը քաղաքապետի մտերիմներից է: «Մեր քաղաքապետը որ փոխվեց, շատերին հանեց ու իր մարդկանց ընդունեց գործի, ու բոլորը երիտասարդ են: Մեզ մոտ գործազրկություն է։ Վարդենիսում մի հատ տեղ չկա: Հիմնարկներում կրճատումներ են արվել: Քաղաքապետը մեզ պատասխանում է, որ գործ չկա: Մարդիկ մեղք են»,- ասաց Վարդենիսի նախկին բնակիչներից մեկը, ով արտագաղթել է քաղաքից: Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ քաղաքապետ Արամ Հարությունյանի հետ: Նա խիստ բորբոքված էր:



Մեզ մեղադրեց իր նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ, թեեւ, անկեղծ ասած, առաջին անգամ էինք նրա ձայնը լսում: Ահա բիզնեսմեն-քաղաքապետի պատասխանը. «Ես չեմ ուզում Ձեր հարցերին պատասխանել, որովհետեւ Դուք որ զանգում եք, նենց, կպնելով եք, էլի, խոսում: Մի մարդու համբերությունը չարաշահում եք: Ինչքան հնարավորություն ունեմ, տեղավորում եմ մարդկանց: Հիմա, ասենք, էդ գործազրկությունը եթե կա, աշխատում ենք ՀԿ-ների, տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք աշխատատեղի խնդիր լուծենք, բայց մի հատ նենց տոնով եք խոսում, տարբեր ձեւի հարցեր եք տալիս, իմ աշխատակցին ուրիշ ձեւի հոդված եք քցում, խնդրում եմ, էլ իմ համարին ո՛չ զանգեք, ո՛չ էլ ես կպատասխանեմ: Վսյո»:



Եվ քանի որ անհաղորդ քաղաքապետին ոչ ոք չի բացատրել, որ մամուլի հետ շփվելն իր պարտականությունն է, իսկ ինքը գոնե մի մամուլի քարտուղար չի պահում՝ լրագրողների հետ անմիջական շփումներից խուսափելու համար, ստիպված ենք նրան եւս «հոդված քցել»: Իսկ «կպնողական» հարցերը, որոնց քաղաքապետը մի քանի օր առաջ չէր ցանկացել պատասխանել, հետեւյալն էին. ինչո՞ւ է լքել ՀՀԿ շարքերը, ինչպե՞ս է պատրաստվում աշխատել նոր իշխանությունների հետ, ի՞նչ բիզնես ունի ՌԴ-ում, ի՞նչ ունեցվածքի տեր է, քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում քաղաքապետի հայտարարագիրը չկա:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**