Քայլել ես՝ ուրեմն վաստակել ես

Քայլել ես՝ ուրեմն վաստակել ես

6-րդ ընտրատարածքում (Արմավիրի մարզ) «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Պետրոսյանը: Նա նաեւ ՔՊԿ-ի համամասնական ցուցակի 138-րդ համարն է: Արսեն Պետրոսյան անունը ոչինչ չէր ասի, եթե թավշյա հեղափոխությունը չկտրեր նրան տաքսու ղեկից ու չտաներ-հասցներ Նիկոլ Փաշինյանի մոտ: Միայն նրա համար, որ երիտասարդ հեղափոխականը քայլել է Փաշինյանի կողքից, արժանացել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնին:



Հիշեցնենք, որ Արսեն Պետրոսյանը միջնակարգ կրթություն ունի (ճանաչողների ասելով՝ նույնիսկ 8-ամյա), Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) խաղատան դիլլերներից է եղել, այնուհետեւ՝ տաքսի վարել, որից հետո դարձել Էջմիածնի փոխքաղաքապետ: Նրա գործունեության մասին Էջմիածնում ոչինչ չկարողացան ասել: Ավելին, մարդիկ նույնիսկ չէին էլ ճանաչում: Խնդիրներն Էջմիածնում ինչպես եղել են, այնպես էլ մնում են: Երիտասարդ գործիչն իր պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում չի էլ փորձել շփվել բնակիչների հետ՝ գոնե սեփական անձը ճանաչելի դարձնելու համար: Հիմա էլ պատգամավոր է ուզում դառնալ:



Միանգամից ասեմ՝ չի բացառվում: Չէ՞ որ միայն «ՔՊ»-ի լոգոյի տակ ներկայանալն արդեն իսկ հաղթանակ է: Եվ այս դեպքում գրագետ լինել-չլինելը կարեւոր չեն: Կարեւորը՝ իրավիճակ է փոխվել: Ընտրովի մարմիններում կրթական ցենզի վրա թքած ունեցողները, պարզվում է՝ բավականին խստապահանջ են մանկապարտեզներում ու դպրոցներում: Այս հաստատություններում բարձրագույն կրթություն ունենալն ու աշխատանքային հարուստ փորձն անգամ առ ոչինչ են, եթե չունես բուն մասնագիտական կրթություն: Սա էլ կարելի է հասկանալ: Բայց ո՞րն է օրինաչափությունը, երբ կրթական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող ու երկրորդ կրթություն ստացողին գործազուրկ են դարձնում միայն այն պատճառով, որ դեռ սովորում է: Որտե՞ղ է տրամաբանությունը, երբ մի դեպքում բարձրագույն կրթություն չունենալը խրախուսվում է պաշտոնով, մյուս դեպքում մեկից ավելի դիպլոմը դառնում է առ ոչինչ նույնիսկ մանկապարտեզում աշխատելու համար:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**