Լույս է տեսել Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը

Լույս է տեսել Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը

Սիրելի ընթերցող․



Այսօր՝ նոյեմբերի 17-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 10-րդ համարը։



Համարում կարող եք կարդալ վրացական եւ ռուսական ժամանակակից 2 պոետների՝ **Դիանա Անփիմիադիի** եւ **Վլադիմիր Սիլկինի** բանաստեղծությունները՝ թարգմանությամբ Ասյա Դարբինյանի, Հասմիկ Սիմոնյանի եւ Լեւոն Բլբուլյանի։



Լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն **Զավեն Սարգսյանը** լրագրող Նաիր Յանին պատմել է Արա Գյուլերի եւ Սերգեյ Փարաջանովի հանդիպման մասին, խոսել լուսանկարչական թանգարան ունենալու անհրաժեշտության եւ մի շարք կորսվող արժեքների մասին, որոնք պետության հոգածության կարիքն ունեն․ «Փարաջանովը 1989-ին Ստամբուլ էր գնացել՝ մասնակցելու միջազգային փառատոնի. ինքն ու Գյուլերն անընդհատ միասին են եղել: Գյուլերը Փարաջանովին ուղեկցել է Սուրբ Սոֆյա, Դոլմաբահչեի պալատ, շուկա, այլ վայրեր: Փարաջանովյան շարք է նկարել. այդ լուսանկարներից Փարաջանովը նաեւ կոլաժներ է պատրաստել։ Դրանցից թանգարանի էքսպոզիցիայում էլ կան: Կան լուսանկարներ, որոնք Փարաջանովն է «բեմադրել», օրինակ՝ ատրճանակը սեփական քունքին դեմ տված: Ես էլ երբ նկարում էի նրան, հաճախ «բեմադրում» էր, թե ինչպես լուսանկարեմ իրեն»։



Ֆոտոլրագրող Սոնա Ադամյանը զրուցել է ռուսական դուկումենտալ կինոյի ամենահայտնի դեմքերից մեկի՝ **Մարինա Ռազբեժկինայի** հետ, ով պատմել է ոչ միայն կինոյում դավանած իր սկզբունքներից, դոկումենտալ կինոյի այժմյան միտումներից, այլ նաեւ կիսվել թավշյա հեղափոխության մասին իր դիտարկումներով․ «Արագ եղավ միայն բուն թավշյա հեղափոխությունը, բայց այն, ինչ տեղի էր ունեցել մինչեւ դա, գուցե այնքան էլ արագ չէր։ Կուլիսներում դա նախապատրաստվել է, չէ՞, բայց, ցավոք, չկա ոչ մի կադր, որը կվկայի դրա մասին, այն, ինչ տեղի է ունեցել հեղափոխությունից առաջ։ Դա հսկայական աշխատանք է, որին դոկումենտալիստները պետք է պատրաստ լինեն եւ ոչ թե հետեւեն, թե ինչպես են իրենց առջեւով քայլում երջանիկ մասսաները։ Սա արդեն ֆինալն է, որը կարող են նկարել նաեւ սիրողական տեսախցիկ ունեցողները»։



Արձակագիր **Լեւոն Ջավախյանն** իր՝ «Սերս գնացքի վագոնում» պատմվածքում հիշել է երիտասարդ օրերի արկածները Երեւան- Պետերբուրգ գնացքում․ «Պատմամշակութային վայրերից զատ, մեզ՝ տղաներիս, ավելի քան հետաքրքրում էին ռուս աղջիկները, որոնք իրենց տեսքով, շիփ-շիտակ հասակով ռուսական անտառների ճերմակ ու լերկ բերյոզկաների հմայքն եւ անդիմադրելի ձգողականությունն ունեին: Հոգնել էինք մեր փշոտ ակացիաների փրչոտ, ծուռումուռ ցողուններից եւ դժվարամատչելի սրտամաշ քմայքներից: Մեր սերը լայնարձակ, անծայրածիր տարածքներ էր տենչում եւ ամոթխածությունից ու ավելորդ կոկետությունից զերծ անկաշկանդ շփումներ»։