Պիտի դառնար պատգամավոր, հիմա էլ կդառնա դատավոր

Պիտի դառնար պատգամավոր, հիմա էլ կդառնա դատավոր
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, որը խորհրդարան էր անցել ՀՀԿ համամասնական ցուցակով՝ որպես եզդի համայնքի ներկայացուցիչ, այս ընտրություններում որեւէ ցուցակում ընդգրկված չէ։ Այս օրերին քննարկվում էր նրա՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու հարցը, բայց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ակտիվ ջանքերով առաջ մղվեց Ռուստամ Բակոյանը, որը նախկինում ՀՀԿ-ին, մասնավորապես՝ Ավշարի Արայիկին ծառայություններ մատուցած մեկն է, իսկ hիմա որոշել է նոր իշխանություններին ծառայել։ Մախմուդյանն էլ ընտրություններից հետո պարապ չի մնա։ Նա իրավաբան է եւ կգնա դատական համակարգ, ամենայն հավանականությամբ, դատավոր կնշանակվի, քանի որ նրա տեղն օրենքով պահպանվել է։ 2017-ին նա պետք է դառնար դատավոր, բայց Սերժ Սարգսյանի առաջարկով ընդգրկվեց ՀՀԿ նախընտրական ցուցակում եւ դարձավ պատգամավոր։ Մախմուդյանի հետ զրուցել ենք հենց այս թեմայով։



**- Պարոն Մախմուդյան, ինչպես հասկացանք, Դուք որեւէ ցուցակում ընդգրկված չեք։**



-Այո, ես որոշում եմ կայացրել ընդհանրապես այս անգամ որեւէ քաղաքական գործընթացների չմասնակցել։



**- Ինչո՞ւ, որովհետեւ առաջա՞րկ չեղավ։**



-Դժվար է ասել՝ առաջարկ չի եղել, եղել են թե՛ քննարկումներ, թե՛ առաջարկներ, բայց, այնուամենայնիվ, հենց այդ առաջարկների եւ քննարկումների արդյունքում է ինձ մոտ ծնվել այդ գաղափարը, եւ ես կարծում եմ՝ այս պահին ավելի նպատակահարմար է մի փոքր դադար վերցնել, որովհետեւ կարծում եմ, որ իմ խորին համոզմամբ կամ իմ կանխատեսումներով՝ քաղաքական գործընթացներում դեռեւս որոշակի վերափոխումներ եւ առնվազն հստակեցումներ տեղի են ունենալու։



**- Այս օրերին մամուլում գրվեց, որ ակտիվ խմորումներ կան ձեր համայնքում, եւ նշվեց, որ իշխանություններն ավելի հակված էին Ձեր փոխարեն իրենց ցուցակով առաջադրել Ռուստամ Բակոյանին։ Բայց եզդիների մի ստվար հատված էլ կարծես Ձեր թեկնածությունն էր պաշտպանում։**



-Անկեղծ ասած, քանի որ ես նման քննարկումների չեմ մասնակցել, ավելի շատ էս հարցը կարող եք տալ էն ուժին, որն առաջարկել է, եւ ես շնորհակալ եմ իմ այն կողմնակիցներին, ովքեր որ բարձր են գնահատել կամ արժեւորել են իմ այն երկու տարիներին կատարած աշխատանքը, որով նեցուկ եմ եղել, կանգնել եմ համայնքիս կողքին։ Այնուամենայնիվ, ես չեմ դիտարկում մեծ կորուստ իմ տեսանկյունից, որովհետեւ ես, այստեղ չլինելով հանդերձ, միեւնույն է, զբաղվելու եմ իրավաբանի մասնագիտական գործունեությամբ եւ վստահ եմ, որ այդ մասնագիտական գործունեությամբ էլ պատրաստ եմ լինելու մշտապես օգտակար լինել, աջակցել իմ համայնքին, անկախ նրանից՝ պատգամավորական կարգավիճակ ունեմ, թե ոչ։



**- Ո՞ւր եք գնալու, վերադառնալու եք դատական համակա՞րգ։**



-Կարծում եմ՝ վերադառնալու եմ դատական իշխանության բնագավառ, որովհետեւ ինքս այս պահին ընդգրկված եմ դատավորների թեկնածուների ցուցակում։



**- Փաստորեն, նախորդ ընտրությունների ժամանակ պետք է դառնայիք դատավոր, դարձաք պատգամավոր, հիմա էլ պիտի դառնայիք պատգամավոր, կլինեք դատավո՞ր։**



-Սա միգուցե Աստծո նախախնամություն է եւ ճակատագրի հեգնանք, այո, փաստորեն, այդպես ստացվեց, եւ, հետեւաբար, սա կարող է մեզ թույլ տալ եզրակացնելու, որ երբեք չենք կարող ասել «երբեք», եւ կարող է լինել մի շատ գեղեցիկ օր, որ նորից դատավորից վերադառնանք պատգամավոր։



**- Ինչո՞ւ էր քննարկվում հենց իշխանական՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու հարցը, Դուք ՀՀԿ խմբակցության անդամ եք, շատերը Ձեզ ընկալում էին որպես ՀՀԿ թիմի ներկայացուցիչ, ինչո՞ւ չուզեցիք ՀՀԿ-ի հետ շարունակել ճանապարհը։ Իրե՞նք չառաջարկեցին, թե՞ Դուք չուզեցիք։**



-Արդեն ասացի, որ առաջարկություններ տարբեր տեղերից եղել են, այդ թվում՝ ՀՀԿ-ի կողմից, որեւէ ձեւով չեմ խորշել ասելու, որ ես, այո, թիմային գաղափարի կողմնակից եմ, եւ հենց այդ պատճառով, մինչեւ շրջափուլի ավարտը, այդ թիմի հետ ճանապարհ եմ անցել։ Պիտի շնորհակալություն հայտնեմ նաեւ այդ քաղաքական թիմին՝ այս երկու տարիների ընթացքում իրենց հետ ակտիվ համագործակցելու համար, պիտի շնորհակալություն հայտնեմ, որ իրենք եղան այն աջակիցները, որոնց շնորհիվ ես կարողացա Հայաստանի խորհրդարանում առաջին անգամ եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծ ներկայացրել։ Իրականում, այստեղ խնդիրը ոչ թե նա է, որ Հանրապետականն առաջարկել է, ես մերժել եմ, կամ որեւէ այլ քաղաքական ուժ, այլ ես կարծում եմ՝ այս պահին նպատակահարմար չէր գնալու։



**- Կարո՞ղ է չուզեցիք ՀՀԿ-ի հետ գնալ՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի ներկայիս վարկանիշը, նրանց հանդեպ ձեւավորված հասարակության տրամադրությունները։**



-Գիտե՞ք ինչ, քանի որ ես թիմի կողմնակից եմ, անկեղծ ասած՝ ինձ համար թիմի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը, ե՛ւ հաղթանակները, ե՛ւ պարտություններն ընդունելի են, եւ յուրաքանչյուր անձ, կարծում եմ, պիտի դիմակայի կյանքի բոլոր մարտահրավերներին։ Չուզեցի, որովհետեւ գտնում եմ, որ այս պահին արժե դադար վերցնել եւ զբաղվել մասնագիտական գործունեությամբ։



**- Գնայիք պայքարեիք հաղթանակի համար՝ Ձեր թիմի հետ։**



-Ես մեր թիմին նորանոր հաղթանակներ եմ մաղթում, ուրախ կլինեմ, որ հաղթանակներ ունենան, բայց, այնուամենայնիվ, իմ՝ այդ թիմում չընդգրկվելը կուսակցական ցուցակով ոչ թե պայմանավորված է նրանով, որ նրանք պարտություններ են ունեցել կամ հաղթանակներ։ Դա պայմանավորված է իմ, այսպես ասած, ներքին կայացրած որոշմամբ, եւ ես այս պահին էլ պնդում եմ, որ այդ որոշումը ճիշտ է։ Իսկ մնացածը կյանքը եւ ժամանակը ցույց կտան։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**