Սպայական անձնակազմը տեղյակ է եղել մեքենայի անսարքությունից. որդեկորույս մայրը ուզում է հանդիպել Փաշինյանին (տեսանյութ)

Սպայական անձնակազմը տեղյակ է եղել մեքենայի անսարքությունից. որդեկորույս մայրը ուզում է հանդիպել Փաշինյանին (տեսանյութ)
Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ողբերգական վթարից մահացած 19-ամյա զինծառայող Էդգար Հունանյան մի քանի օրից կդառնար 20 տարեկան, իսկ 2 ամիս անց նա պետք է զորացրվեր: Էդգարը մեքենայի վարորդն էր, տան միակ տղան էր: Ուսումը պետք է շարունակեր եւ իրավաբան դառնար: Էդգարի մայրը՝ տիկին Սուսաննան անձամբ ուզում է հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելու այն, ինչ կատարվում է զորամասում, չի թաքցնելու եւ չի վախենում խոսել: Ըստ նրա՝ մինչեւ զորամասի ավտոմեքենայի յուղն էլ իրենք են ուղարկել զորամաս. «Ես խնդրանքով դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, արդյոք նա տեղյա՞կ է, որ հին աշխատելաոճով են աշխատում զորամասերում: Իմ երեխայի հետ կապված էնպես չի, որ պատահական էր կամ սովորական վթար էր: Ի սկզբանե տեխնիկան եղել է անսարք: Տարեկան կտրվածքով կատարվում է ինվենտարիզացիա, թե որ տեխնիկան կամ ապրանքը պիտանելիությանը որ աստիճանի վրա է գնտվում:



Զորամասի այդ մենքենան իմ տղան ամուսնուս հետ է սարքել: Մենք մասերը ուղարկել ենք, երեխես վերանորոգել է: Այդ ամենը մենք արել ենք, ասում էինք բողոքենք, թույլ չէր տալիս տղաս՝ ասելով, որ ծառայության մեջ է: Սպայական անձնակազմը տեղյակ է եղել մեքենայի անսարքությունից, ինչի՞ հրահանգեցին, որ իմ երեխեն քշի: Եղել ա դեպքեր, երբ տղաս իմացել է, որ մեքենա անսարք ա, ասել ա. «Չեմ քշում»: Էդ ժամանակ էլ ասել են՝ գրի, որ հրաժարվում ես ծառայողական պարտականություներդ կատարելուց: Նա ոչ թե ասել է հավես չունեմ կամ հրաժարվել է, այլ տեսնելով անսարք մենքենան՝ չի քշել, դա նշանակում է, որ իմ տղան հրաժարվում է իր ծառայողական պարտականությունները կատարելո՞ւց: Վերջին անգամ երեխուս հետ խոսելիս ասաց չի ուզում Ջաբրահիլ գնա, միայն նրա համար, որ պետք է զինվոր տեղափոխեր: Ես անձամբ ուզում եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Իմ պահանջը աննպատակ չի: Իմ պահանջը ունի ուղղվածություն, պետք է մեղավորները պատասխան տան: Ի վերջո պետք է վերանան էս բարքերն ու դրվածքները»,-թախիծը ատամների արանքում մի կերպ զսպելով պատմում է Էդգարի մայրը:



Ասում էր, որ Էդգարը կյանքով լցված տղա էր, նրա ամեն րոպեն էր պլանավորված էր: Լավ շախմատիստ էր, արժանացել էր բազում պատվոգրերի, գովասանագրերի եւ շնորհակալագրերի: Նա նաեւ լավ նկարում էր, նկարել սովորել էր ինքնուրույն: Նպատակներ ու երազանքներ ուներ: Էդգարի 2 քույրերը ապրում են Ռուսատանում: 4 տարի է, ինչ չէին տեսել իրենց եղբորը: Սրտի թրթիռով էին սպասում եղբոր վերադարձին: Փոքր քույրն ասաց, որ անգամ անակնկալ էր պատրաստել եղբոր համար, ծնողների համար, սակայն չարաբաստիկ վթարը ամեն ինչ տակնուվրա արեց: Մեծ քույրը՝ Աննան 10 տարի մեծ է Էդգարից, սակայն երկուսն էլ ծնվել են նույն օրը՝ դեկտեմբերի 20-ին:



«Էժան պահվող զինուժ ա եղել: Մեր երեխաները իրավունք չունեն այդ կատիգորիայով մարդ տեղափոխել: Սպայական անձնակազմը լավ գիտի, որ B, C, կարգով իրավունք չունեն անձնակազմ տեղափոխելու, ինչո՞ւ են երեխեքին գռուզի տեղ բարձել մեջը: Եթե մեջը զինվոր չլիներ, վերջին պահին իմ տղան դուռը կբացեր, իրեն դուրս կգցեր, բայց նա մինչեւ վերջ պայքարել ա, որ ընկերների կյանքը փրկի: Երեկ ես գնացել եմ երեխուս թղթերը վերցնելու, ասում եմ՝ իմ երեխուն տվեք, հանել են զինգրքույկ են տալիս ու նայում են աչքերիս մեջ: Մնացել էր 2 ամիս, որ գար իմ տղեն, հազար նպատակ ուներ, չի լինի, որ վերջին երկու ամիսները էդ երեխեքին հանգիստ թողեն էլի, սենց տուն քանդել կլինի, որ արեցին…..», -արցունքները խեղդելով՝ պատմում էր Էդգարի հայրը:



Ըստ ծնողների՝ այդ մեքենան 10 օր առաջ էր հրդեհվել: Իրենց վերադասը ասել էր Էդգարին, որ ինքը կարող է վերանորոգել մեքենան: Տղային անգամ կոշիկ չէին հատկացրել՝ պատճառաբանելով, որ 2 ամսից պետք է զորացրվի. «Բոլորը հատ առ հատ պետք է պատժվեն օրենքի խստություն տարրով, որպեսզի մնացածներին դաս լինի: Որ էլ ոչ մի մայր իմ վշտից չտեսնեի, իմ թափած արցունքից չթափի: Փաստորեն էսքանն էր տղայիս կյանքի վայելքը՝ տանջվել է ծառայել, եթե դա կարելի է ծառայություն համարել: Երեխես ընկել էր ստրկության մեջ: Վախկոտ տղա չէր, էգոիստ չէր, մարդասեր էր, բարեկամասեր, հարազատասեր, ընկերասեր, եւ ահա խնդրեմ վառ ապացույցը: Ինչպես ամբողջ կյանքով հպարտացել եմ իմ տղայով, մահով էլ հպարտանում եմ: Նա կարող էր դուռը բացեր, որ իր կյանքը փրկեր, չի արել իմ երեխան, պարզ գիտակցել է, որ իր ընկերները մեքենայի մեջ են, վերջին ճիգերը գործադրել ա իմ բալան, որ փրկի ընկերների կյանքը: Որտեղ եք տեսել մայրը որդու կորուստով էլ հպարտանա: Անգամ վերջին պահին նա ուշքի գալուց հետո ընկերների մասին է հարցրել, երբ ասել են, որ ընկերները լավ են, ասել է՝ դե, հանգիստ կարամ մեռնեմ, տիրություն կանեք»,-արցուքներն աչքերին ասում է տիկին Սուսաննան:



Հիշեցնեք, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ և «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



Տեսանյութը՝ շուտով։



**Նելլի Կարապետյան**