Կգա նաեւ Հայ ազգային կոնգրեսի խոսելու ժամանակը

Կգա նաեւ Հայ ազգային կոնգրեսի խոսելու ժամանակը
ԱԺ արտահերթ ընտրություններին ՀԱԿ-ի չմասնակցելը ու դրա մասին արված հայտարարությունը մտորելու տեղիք է տալիս: Մի կողմից տպավորություն է, թե գործում է բժշկի «մի վնասիր» սկզբունքը, մյուս կողմից բժշկելուց չհրաժարվելու՝ հետագայում էլ հսկայական փորձառություն ունեցող մեծի իրավունքով օգնելու, սխալներից ետ պահելու, խորհուրդներ տալու ձգտումը: Թվում էր, թե այս ամենը կարելի էր ավելի լավ անել՝ խորհրդարանում ներկայացված լինելով: Բայց ընտրարշավի ակնհայտ ապաքաղաքական լինելու համոզմունքը եւ այդ պատճառով մարտահրավերներին դիմակայելու, պետության զարգացմանը միտված իր սկզբունքային մոտեցումները հասարակությանը ներկայացնելու անհնարինությունը բերեցին այս դիրքորոշմանը: Կուսակցության բազմաթիվ անդամներ, կարծում եմ, դժգոհությամբ ընդունած կլինեն այս որոշումը:



Հենց նրանց հետ կուզեմ կիսվել իմ մոտեցումներով: Առաջին, այս ընտրություններով քաղաքական կյանքը չի վերջանալու՝ ընդամենը տրամաբանական վերջակետ է դրվելու երկու տասնամյակ ձգված մի ժամանակաշրջանի, որի ընթացքում հետզհետե եւ ի վերջո ամբողջությամբ արժեզրկվել էր քաղաքական միտքը՝ քաղաքական իշխանավարումը վերածելով ավտորիտար կառավարման: Երկրորդ, հեղափոխական ընթացքը մոտենում է մի հանգրվանի, որից հետո անհրաժեշտ կլինի վերջ տալ էյֆորիկ վիճակին, խորհրդրանի ընտրությունում հաղթելուց հետո հորթային խանդավառությանը ու անցնել գործի: Այս ընթացքի վերջին ակորդը լինելու է ընտրություններին բնորոշ շատ աղմկոտ, փոխադարձ գնահատականներով լի մի արշավ՝ հեռու հասարակությանը ծրագրային, առավել եւս գաղափարական մոտեցումներ ներկայացնելու հնարավորությունից: Կավարտվի այս շրջանը, կպարզվի փոթորկված ջուրը, կպայթեն նրա երես ելած պղպջակները ու դրանից հետո կգա կառավարող ուժի աշխատելու ժամանակը:



Կգա նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի խոսելու ժամանակը, քանի որ ասողին լսող է պետք, իսկ հիմա լսող չկա՝ բոլորը խոսող են: Իսկ ասելիք Հայ Ազգային Կոնգրեսը շատ ունի, քանի որ ունի պետության ու սերունդների ապագայի նկատմամբ մեծ պատասխանատվություն, ունի ոչ երբեք ամբոխահաճ ու համոզմունքներով ամրապնդված ասելիք։ Ասածս՝ ընտրապայքարին այսօր չմասնակցելն ու ընտրություններից հետո հասարակությանը ներկայանալը լավագույն ձեւով հիմնավորում է Ջեյմս Ֆրիմեն Քլարքի հետեւյալ հրաշալի միտքը․ «Քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների, իսկ պետական գործիչները գալիք սերունդների մասին »։ Իսկ Հայ Ազգային Կոնգրեսը առաջնորդող Լեւոն Տեր-Պերոսյանը բազմիցս ապացուցել է, որ պետական գործիչ է եւ որին ընդունում, որից սովորել ու սովորում են Հայ Ազգային Կոնգրեսի պետական մտածողություն ունեցող բազմաթիվ գործիչներ ու շարքային անդամներ։ Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է։



**Ավետ Գրիգորյան**