Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը
**Հարց․** Պարո՛ն նախարար, Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է անցնի Բելառուսի ներկայացուցչին։ Հետագայում հայտարարություն տարածվեց այն մասին, որ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովի ժամանակ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է իր թեկնածուին այդ պաշտոնում առաջադրելու հնարավորությունից, և արդյո՞ք ընդունվել է որոշում Հայաստանին զրկել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից։



**Զոհրաբ Մնացականյան.** ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտում վեց գործընկերների ռազմաքաղաքական համագործակցության հարթակ է: Եթե Ձեր հարցին ի պատասխան ես կրկնեմ այն, ինչ է պնդել Հայաստանն այս ողջ ընթացքում, ապա կարելի է եզրակացնել, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և դրա համար մենք ունենք կադրային լավ պոտենցիալ։ Միևնույն ժամանակ, հարցի հիմքում ընկած է հետևյալը․ առաջին՝ նորմատիվ բազան չի նախատեսում որևէ հստակ լուծում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարելու անհնարինության հետ կապված խնդիրների կարգավորման համար, երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և երրորդ՝ կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունը, արդյունավետությունը մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեն։ Որպես ՀԱՊԿ անդամ՝ մենք շահագրգռված ենք ունենալու ուժեղ կազմակերպություն և մեր նպաստն ենք ներդնում այդ գործում։



Մենք նախաձեռնեցինք ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որովհետև նրա հետ կապված կային ներքին բնույթի իրավական խնդիրներ։ Եվ դա արեցինք, որպեսզի ի սկզբանե տարանջատենք մեր ներքին գործերը կազմակերպությունից։



Մեր մոտեցումը, ընդհանուր առմամբ, միտված է կազմակերպության արդյունավետության բարձրացմանը, իսկ լայն իմաստով՝ ՀԱՊԿ անդամ վեց երկրների միասնականության ամրապնդմանը։ Հետևաբար, պատասխանելով Ձեր հարցին, կասեմ որ ոչ, չի նշանակում։ ՀԱՊԿ-ը կազմված է վեց իրավահավասար անդամներից, և որոշումներն այնտեղ կայացվում են կոնսենսուսով։



**Հարց.** Այսինքն մենք կարո՞ղ ենք փաստել, որ կապված նորմատիվային բազայի և փաստաթղթերի հետ գոյություն ունեն խնդիրներ, որոնք նույնպես կքննարկվեն առաջիկա գագաթաժողովին, և նաև այն, որ Ղազախստանի նախագահի հայտարարությունը արտահայտում է բացառապես իր երկրի դիրքորոշումը։



**Զոհրաբ Մնացականյան.** Կրկնեմ, կազմակերպությունը կազմված է վեց իրավահավասար պետությունից, որոնք համագործակցում են կոնսենսուսի հիման վրա՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար։



**Հարց.** Անցնենք այլ թեմայի: Վերջերս Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես, Հայաստանի կողմից ամերիկյան սպառազինության գնման հնարավորության մասին: Ի պատասխան վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը կդիտարկի այդ հնարավորությունը, եթե շահավետ առաջարկ ստանա: Դա ի՞նչ է՝ քաղաքական հայտարարություն, թե՞ արդեն մեկնարկել է ամերիկյան սպառազինության գնման հետ կապված ինչ-որ գործընթաց:



**Զոհրաբ Մնացականյան**. Որևէ առաջարկ Հայաստանը չի ստացել: Բացի դրանից, մեր երկիրը գտնվում է բավական զգայուն տարածաշրջանում, որտեղ առկա է չկարգավորված հակամարտություն, և խաղաղության ու կայունության հաստատումը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող միջավայրի կերտումը մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Նման պայմաններում սպառազինության մրցավազքը չափազանց վտանգավոր երևույթ է: Եվ երբ մենք Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ մեր դժգոհությունն ենք հայտնում մեր գործընկերներին, ընդծում ենք, որ չենք կարող այդ փաստին վերաբերվել իբրև գործարքի. մենք այն դիտարկում ենք զենք, որը թիրախավորում է մեր հայրենակիցներին, զինվորներին, խաղաղ բնակչությանը: Այնպես որ նման պայմաններում մեր տարածաշրջանում սպառազինության մրցավազքը շատ վտանգավոր է:



Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց: Խոսքը գնում է 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության մասին, և մենք արել ու անելու ենք հնարավոր ամեն բան նրանց կենսական անվտանգությունն ապահովելու համար: Բնականաբար, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մեր մարտունակությունն ու այդ մարդկանց անվտանգության երաշխավորի դերում գործելու վճռականությունը: Միաժամանակ ևս մեկ անգամ ընդգծեմ Հայաստանի հանձնառությունը հիմնախնդրի կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով:



**Հարց.** ԱՄՆ-ն բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ բացահայտ հակամարտության մեջ է գտնվում Ձեր երկրի դաշնակիցներից մեկի՝ Իրանի հետ: Ինպիսի՞ն եք դուք տեսնում Երևանի ռազմավարությունն այս «երկու կրակի արանքում»: Եվ հայ-իրանական հարաբերությունների վրա ինպե՞ս կարող են անդրադառնալ հակաիրանական պատժամիջոցները, որոնց խստացման մասին խոստանում են Վաշինգտոնում:



**Զոհրաբ Մնացականյան**. Մենք հստակ ձևակերպել ենք մեր դիրքորոշումը, մասնավորապես. մեզ համար սա անչափ զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է, որի հետ մենք հաստատել ենք տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող երկկողմ օրակարգ:



Մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը 2015թ.: Մեր շահերին հետամուտ լինելու և տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով մենք այժմ կապ ենք պահպանում մեր բոլոր գործընկերների հետ՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ երկրների, և թե՛ ԱՄՆ-ի ու Իրանի հետ: Դուք նշեցիք Բոլթոնի այցի մասին, ինչը նույնպես հնարավորություն ստեղծեց ներկայացնելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված քաղաքականությունը:



**Հարց.** Մոտ ժամանակներս նախատեսվում է արդյո՞ք հանդիպում Ձեր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։



**Զոհրաբ Մնացականյան.** Ինչպես գիտեք, այս պաշտոնին նշանակվելուց հետո, արդեն հունիսին, ես աշխատանքային այց կատարեցի Մոսկվա, որտեղ ես և իմ գործընկերն արդյունավետ հանդիպում ունեցանք։ Մենք ունեցել ենք և այժմ էլ ունենք բավականին հագեցած օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Բնականաբար, պաշտոնական շփումների համար նոր հնարավորություններ կլինեն։ Բայց միևնույն ժամանակ, անցած վեց ամիսների ընթացքում մենք շփվելու շատ առիթներ ենք ունեցել , այդ թվում նաև միջազգային հարթակներում, լինի ՀԱՊԿ-ի կամ ՄԱԿ-ի շրջանակներում։ Անցած շաբաթ հանդիպեցինք Աստանայում։



Ես շատ եմ գնահատում մեր փոխհարաբերությունները, փոխըմբռնումը և արագ հասանելի լինելու հանգամանքը, ինչպես նաև նախարար Լավրովի փորձն ու գիտելիքները։ Կարող եմ ասել, որ այս ընթացքում մեր միջև ձևավորվել են հարաբերություններ, որոնք համապատասխանում են մեր երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունների բնույթին։



**Հարց.** Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները: Արդյո՞ք կա չօգտագործված ներուժ:



**Զոհրաբ Մնացականյան.** Դուք հիանալի գիտեք, թե որքան հագեցած և դինամիկ է հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը՝ գիտությունից, մշակույթից, կրթությունից մինչև տնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ և, իհարկե, ռազմա-տեխնիկական համագործակցություն: Առկա են համագործակցության կանոնակարգված ձևաչափեր, որոնք հնարավորություն են տալիս նախանշելու մեր դաշնակցային փոխհարաբերությունների խորացման նոր ուղղությունները: Մեր փոխգործակցությունն ամրապնդվում է նաև մեր անդամակցությամբ այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև այլ բազմակողմ հարթակներում: Մեր միջև հաստատված են ամուր դաշնակցային հարաբերություններ, որոնք կառուցվում են իրավահավասարության, փոխվստահության և փոխադարձ հարգանքի վրա: