Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ու կաթողիկոսի ներքին գործերին

Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ու կաթողիկոսի ներքին գործերին

Աժ-ում լայն քննարկման առարկա են դարձել Հայ առաքելական եկեղեցու հետ կապված օրենքի երկու նախագիծ։

Առաջինը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է, որով պետք է արգելվեր Հայ առաքելական եկեղեցու տարածքներում հավաքների անցկացումը:

Երկրորդը՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծն էր, ըստ որի՝ պետք է հստակ սահմանվեր Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը:

Նշենք, որ երկու օրինագիծն էլ տապալվել է։

Մինչ բուն նյութի մասին խոսելը, արձանագրենք, որ երկու օրինագիծն էլ պոպուլիստական բնույթ ունի և՝ խնդրի կարգավորման տեսանկյունից՝ փակուղային։ Իրականում ոչ մի խնդիր էլ չկա, պարզապես նախագծերի հեղինակներն արհեստական խնդրի պատրանք են ուրվագծում՝ փորձելով Հայ առաքելական եկեղեցու հաշվին քաղաքական միավորներ հավաքել։

Սկսենք նրանից, որ օրենքի նախագծերը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, որտեղ հստակ ամրագրված է եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու փաստը։ Եթե մենք եկեղեցու և կաթողիկոսի անվտանգության հարցը կարգավորենք ու ամրագրենք օրենքով, ապա եկեղեցուն փաստացի պետական ինստիտուտի կարգավիճակ ենք շնորհում՝ միջամտելով նրա ներքին գործերին։

Եկեղեցին չպետք է կախվածության մեջ լինի պետությունից և հակառակը՝ պետությունը չպետք է կախված լինի եկեղեցուց։ Իսկ եթե մենք կաթողիկոսի անվտանգությանը օրենքով համակարգենք, ապա փաստացի նրան կախվածության մեջ ենք գցում պետությունից։ Սա անթույլատրելի պրակտիկա է։

Նշենք նաև, որ այստեղ խտրականության խնդիր էլ կա, ինչը նույնպես հակասում է մեր պետության ժողովրդավարական արժեքներին։ Եթե պետությունը օրենքով ապահովի Հայ առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի անվտանգությունը, ապա նմանատիպ հավակնություններով կարող են հանդես գալ նաև Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդն ու Ավետարանական եկեղեցիների հովիվները։ Օրինագծերի հեղինակներն անշուշտ կբերեն Հայ առաքելական եկեղեցու ազգային առանձնահատուկ դերն ու առաքելությունը, բայց կաթոլիկներն ու բողոքականներն էլ կարող են առարկել։ Չէ՞ որ նրանք էլ են ազգային։ Կաթոլիկները կբերեն Մխիթարյան միաբանության օրինակը՝ նշելով, որ դա Մեսրոպ Մաշտոցից հետո երկրորդ խոշորագույն կրթական ազգային նախագիծն էր։ Բողոքականներն էլ կասեն, թե իրենք մեծ ներդրում ունեն սփյուռքում հայապահպանության և ազգային խնդիրների շրջանառության ու պայքարի տեսանկյունից։ Ի՞նչ է լինելու վերջում։ Տրամաբանական է, որ հայտնվելու ենք փակուղու մեջ ու դրանից դուրս գալու համար կամ օրենքով ապահովելու ենք բոլորի անվտանգությունը կամ էլ մեկ կառույցին ազգայինի տիտղոս ենք շնորհելու, իսկ մյուսներին՝ ոչ ազգային, բայց ազգի հետ առնչվող։ Փաստացի գործ ունենք խտրականության հետ, որը հղի է ազգային համերաշխության ապակայունացման վտանգով։ Չէ՞ որ ազգի համար ճակատագրական բոլոր շրջափուլերում Առաքելական եկեղեցին, կաթոլիկներն ու բողոքականները մի կողմ են դնում իրենց տարաձայնությունները՝ լծվելով ազգային հիմնախնդիրների միասնական կարգավորման գործին։ Ասվածի վառ վկայությունն են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները։ Հռոմի պապի մատուցած պատարագին ներկա էին և՛ Հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցու առաջնորդները, և՛ Ավետարանական եկեղեցիների հովիվները։ Դա հոգևոր միասնության չափազանց ուշագրավ դրսևորում էր։ Իսկ հիմա համանման խտրական մանր մոտեցումներով ինչո՞ւ ենք խաթարում այդ հոգևոր համերաշխության միջավայրը։

Եկեղեցու անվտանգությամբ մտահոգված Հանրապետականները փորձում են արհեստական տպավորություն ստեղծել, թե իշխանությունները հակված չեն պաշտպանել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը։ Սա պարզունակ մանիպուլյացիա է։ Ժողովուրդն ու եկեղեցին պետք է համոզված լինեն, որ անհրաժեշտության դեպքում պետությունը կարող է ինչպես հարկն է ապահովել կաթողիկոսի անվտանգությունը։ Ու այս պարագայում նշանակություն չունի, թե ով է հայրապետական աթոռին գտնվող անձը, միևնույնն է, հաշվի առնելով այդ ինստիտուտի ազգային բնույթը՝ պետությունն ու քաղաքական իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ դրան նույնիսկ չնչին վտանգ սպառնա։ Սա կասկածից դուրս է և՛ պետությունը, և՛ ճնշող մեծամասնություն կազմող քրիստոնյա ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ Հայրապետը որևէ նեղություն քաշի։ Այսինքն՝ ԱԺ ամբիոնից արհեստական մտահոգվածության տեսարաններ բեմադրելու կարիքն ամենևին էլ չկա։

Խոսենք նաև մեկ այլ խնդրի մասին։ Եկեղեցին ու կաթողիկոսը պետք է փորձեն կոտրել իրենց ու ժողովրդի միջև գոյություն ունեցող անջրպետը։ Նրանք պետք է դուրս գան իրենց ցոփ ու շվայտ իրականությունից ու մտնեն մարդկանց մեջ, ապրեն մարդկանց սոցիալական խնդիրներով ու պետքերով։ Առանց այն էլ կաթողիկոսը կտրված է ժողովրդից, իսկ եթե հիմա էլ թիկնապահներ ունենա, ապա նրանց մեջքի ետևում չի էլ նկատի ժողովրդին՝ կարեկցանքի ու օգնության պետք ունեցող մարդկանց։ Վերջին անգամ ե՞րբ է կաթողիկոսը շփվել իր ժողովրդի հետ։

Լավ, հարցի դրամատիկ կողմը թողնենք մի կողմ ու մի բան էլ արձանագրենք։ Պետությունը կաթողիկոսի ու եկեղեցու անվտանգությունը օրենքով կարող է ապահովել միայն այն դեպքում, երբ Հայ առաքելական եկեղեցին պետության տրամադրությանը հանձնի իրեն պատկանող գույքի և ունեցվածքի մի մասը ու հարկեր վճարի, իսկ հոգևոր սպասավորներն էլ աշխատավարձ ստանան պետբյուջեից։ Այս պրակտիկան՝ իհարկե տարաբնույթ դրսևորումներով, կիրառվում է տարբեր երկրներում, այդ թվում և՝ ժողովրդավարական։ Բայց պետք է հաշվի առնենք, որ այդ երկրները եկեղեցու հետ փոխհարաբերությունների վերոհիշյալ պրակտիկան կիրառում են ավանդույթի ուժով, որն էլ ժամացույցի ճշգրտություն ունի։ Այս օրինակը մեր իրականությունում չի աշխատի, քանի որ մենք չունենք դրա ավանդույթն, ու եկեղեցուն պետությունից կախվածության մեջ գցելու վտանգը չափազանց հավանական է։

Կարծում եմ, մենք շատ ավելի ժողովրդավարական տարբերակ ենք ընտրել։ Պետությունը եկեղեցուն տվել է կատարյալ ինքնավարություն, շնորհել է ազատ ու անկաշկանդ գործելու հնարավորություն, դեռ ավելին՝ Սահմանադրությամբ հատկացրել է նաև բացառիկ դեր։ Մի՞ թե ամենն այս քիչ է, չէ՞ որ վերջին 600 տարիներին եկեղեցին գործելու նմանատիպ նպաստավոր պայմաններ չի ունեցել։