Ո՞ւր տանենք մեր երեխաներին. ահազանգում են Գյումրու դպրոցներից մեկի ծնողները

Ո՞ւր տանենք մեր երեխաներին. ահազանգում են Գյումրու դպրոցներից մեկի ծնողները
Գյումրու թիվ 18 հիմնական դպրոցում մի քանի օր է դասապրոցեսը խաթարված է: Ծնողներից շատերն ընդհանրապես հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել: «Քյոռփես կուգա, կդողցնի, կըսե՝ մամ ոտներս էնպես կսառե, հեչ չեմ ուզե նստիմ»,- hraparak.am-ին դժգոհեց աշակերտներից մեկի ծնողը: «Տնօրինությունը մեզ հետ համաձայն է, տեսնում են, որ երեխաները սառում են, բարձր դասարանցիները դեռ դիմանում են, իսկ փոքրերը շատ են նեղվում»,-ասաց մեկ այլ ծնող: Բանն այն է, որ դպրոցը չի ջեռուցվում, քանի որ կաթսայատունը վթարային վիճակում է: Դեռ ամիսներ առաջ դպրոցի խնդիրը տնօրինությունը բարձրաձայնել է պատկան մարմինների առաջ, բայց ինչպես ասում են՝ մինչև դանակը ոսկորին չի հասնում, տեր լինող չկա:



Տեղեկացանք, որ այսօր կեսօրին աշակերտներին տուն են ուղարկել՝ դասերը մեկ ամսով դադարեցնելու պայմանով: Բանն այն է, որ արձակուրդ սահմանելու կարգադրություն է արել Շիրակի մարզպետը: Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են. «Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության համար սահմանվել են լրացուցիչ արձակուրդ` ջեռուցման խնդիրներով պայմանավորված: Լրացուցիչ արձակուրդը կտևի մինչև 2018 թվականի դեկտեմբերի 15-ը՝ բաց թողած ժամերը ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու պայմանով: Շիրակի մարզպետը կարգադրությունն ընդունել է ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հուլիսի 11-ի N 694-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա» օրինակելի ուսումնական պլանների 1-ին գլխի, 17-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի դիմումը»:



«Որ մտքներին տեղ լիներ, 3 օրում էլ կաթսայատունը կվերանորոգեին կամ նորը կկառուցեին, իրենց անհետևողականության, անտարբերության պատճառով հիմա ճարահատյալ երեխաները պիտի տանը նստեն, հետո էլ ծանրաբեռնված գրաֆիկից նեղվեն»,-նկատեցին ծնողները:



Նշենք, որ դպրոցում նոր ջեռուցման համակարգ անցկացնելու համար նախապես պետք է մրցույթ հայտարարվի, հետո միայն շինարարական աշխատանքների մեկնարկը տրվի: Ըստ հաշվարկների՝ նոր կաթսայատուն ունենալու համար 18մլն դրամ է անհրաժեշտ: