Հայտնի են նախընտրական շտաբների պետերը․ ովքե՞ր են նրանք

Հայտնի են նախընտրական շտաբների պետերը․ ովքե՞ր են նրանք
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն։ Նախընտրական այս փուլում քաղաքական ուժերի համար կարեւոր հարցերից մեկն էլ նախընտրական շտաբների պետեր ունենալն է։ Այդ իսկ պատճառով նրանց մեծ մասն իր միջից ընտրել է նախընտրական շտաբի ղեկավարին, որն էլ համակարգելու է նախընտրական պրոցեսը։



Այսպիսով, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է ՔՊ-ական տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, «Մենք» դաշինքինը լինելու է Ստեփան Աթաշյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ է նշանակվել Դավիթ Խաժակյանը, «Սասնա ծռերինը» լինելու է օրերս ՀՀ քաղաքացիության ստացած Ժիրայր Սեֆիլյանը։ «Հանրապետական» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կարկառուն ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը։ «Օրինաց երկիր» կուսակցությունից էլ փոխանցեցին, ամենայն հավանականությամբ, իրենց շտաբի պետ կնշանակվի ՕԵԿ-ի մամուլի քարտուղար Վահե Թորոսյանը, հանրությանը ոչ հայտնի «Ազգային առաջընթաց» կուսակցությանն էլ լինելու է Հայկ Գրիգորյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբն էլ ղեկավարելուն է Գոռ Հակոբյանը։



«Հայ հեղափոխական դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների նախընտրական շտաբի պետերը դեռ հայտնի չեն։



Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից եւ կտեւի 12 օր։ Արտահերթ ընտրությանը մասնակցում է 11 ուժ՝ «Իմ քայլը», «Մենք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», ««Ազգային Առաջընթաց», , «Օրինաց երկիր», «Հանրապետական» եւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները։



**Աննա Պապիկյան**