Ի՞նչ ցույց տվեց ՀԱՊԿ նիստը Աստանայում

Ի՞նչ ցույց տվեց ՀԱՊԿ նիստը Աստանայում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակարեպության՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացը նոր երանգներ է ի հայտ բերում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ և մատնանշում հին խնդիրները, որոնք Երևանն ունի իր դաշնակից երկրների հետ:



**Ի՞նչ է տեղի ունենում**



ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ծառացել է, ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի՝ [++այդ պաշտոնից ետ կանչման հետ++](http://www.odkb-csto.org/news/detail.php?ELEMENT_ID=13994&SECTION_ID=91&fbclid=IwAR3baawJ28C3SWyBprUSeu1UZ9_9EdEZ6Z-5p_ZXQTCMPimdgT19yF6Uhr8): Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրված 2008 թվականի Մարտի 1-ի գործով:



Համաձայն 2015 թվականին [++Հավաքական անվտանգության խորհրդի որոշման++](http://odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=5856), ՀԱՊԿ գլխավոր քարտուղարները նշանակվում են ռոտացիոն սկզբունքով, ըստ այբբենական կարգի: Կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի (Ռուսաստան) լիազորությունների դադարեցումից հետո, ըստ այբբենական կարգի, ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը 2017 թվականին երեք տարի ժամկետով բաժին էր հասել Հայաստանին: Ենթադրվում էր, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լիներ Բելառուսի ներկայացուցիչը: Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերը, սակայն, չի նախատեսել մի իրավիճակ, երբ որևէ գլխավոր քարտուղարի լիազորությունները կարող են ավարտվել ժամանակից շուտ, և չունի համապատասխան կարգավորումներ՝ նման դեպքերում պաշտոնի փոխանցման վերաբերյալ: Հայկական կողմը պնդում է, որ քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով պատկանում է Հայաստանին, ապա Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ, այսպես ասած, հայկական մանդատի ժամկետը չի լրացել: Այլ տեսակետ ունի, օրինակ, Բելառուսը, որի համոզմամբ, Հայաստանի ներկայացուցչի լիազորություններն այսպիսով ավարտված են, և հերթը, ըստ այբբենական կարգի, հենց իրենցն է:



**Համառ բանակցություններ Աստանայում**



Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, [++հայտարարեցին++](https://www.aniarc.am/2018/05/08/nikol-pashinyan-8-may-2018/), որ Երևանը չի փոխելու արտաքին քաղաքական եվրասիական գիծը, սակայն ավելի արդյունավետ է ներկայացնելու հայկական շահերը այդ կառույցներում՝ ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական միությունում:



Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի [++նիստը++](http://www.primeminister.am/hy/press-release/item/2018/11/08/Nikol-Pashinyan-attended-CSTO-meeting/)՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ, ցույց տվեց, որ Հայաստանը դրսևորում է բավական կամք և համառություն՝ այդ կառույցում իր շահերը պաշտպանելու համար: Ըստ ռուսական [++Коммерсант++](https://www.kommersant.ru/doc/3791724)-ի հավաստի աղբյուրների, Աստանայում տեղի ունեցած նիստի գլխավոր թեման եղել է հենց ՀԱՊԿ ղեկավարի նշանակման հարցը, և Բելառուսի թեկնածու Ալեքսանդր Զասը դիտարկվել է որպես հավանական թեկնածու: Հայաստանը, փաստորեն, Աստանայում տեղի ունեցած քննարկմանը կարողացել է թույլ չտալ Զասի նշանակումը, որը, ի դեպ, հանդիսանում է Բաքվի ռազմական ուսումնարանի սան:



Ընդհանրապես, ինչ վերաբերում է Աստանայի քննարկումներին, պետք է նշել, որ սա, թերևս, եզակի դեպք է, որ եվրասիական որևէ կառույցում ընթանում են համառ ու սկզբունքային բանակցություններ, ընդ որում՝ առանց նախապես կանխատեսելի ելքի: Այս նախադեպը կարևոր է եվրասիական ինտեգրացիոն կառույցների համար ընդհանրապես, քանի որ ավանդաբար և ՀԱՊԿ-ում, և ԵԱՏՄ-ում մշտապես գերիշխող են լինում Ռուսաստանի, այն է՝ ամենաուժեղի շահերը: Հայաստանը իր օրինակով ցույց է տալիս, որ լինելով ՀԱՊԿ-ի ամենափոքր երկիրը, կարելի է լինել սկզբունքային ու առաջ տանել սեփական տեսակետները:



Աստանայում որոշում է կայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ քննարկումները շարունակել դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում:



**Հայաստանի դաշնակիցնե՞րը**



Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին կարող էր մասնակցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրան, ըստ նույն [++Коммерсант++](https://www.kommersant.ru/doc/3793769)-ի, նման առաջարկ արել էր ընդունող կողմի առաջնորդը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ գաղափարին հավանություն էր տվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ այս աղբյուրի, Հայաստանը մերժել է Նազարբաևի այս նախաձեռնությունը և թույլ չի տվել հակամարտող երկրի ղեկավարի մասնակցությունը այն պաշտպանական կառույցի նիստին, որի անդամ է հանդիսանում ինքը:



Ընդհանրապես, ՀԱՊԿ անդամ որոշ երկրների վերաբերմունքը ՀՀ անվտանգությանը մտահոգությունների տեղիք է տալիս: Կառույցի անդամ Ղազախստանն ու Բելառուսը մշտապես աչքի են ընկնում ադրբեջանամետ դիրքորոշումներով և Հայաստանի համար զգայուն հարցերում, մեղմ ասած, աննրբանկատ վերաբերմունքով, ինչը [++երևացել էր++](http://uicarmenia.org/1577) նույնիսկ Ապրիլյան պատերազմի օրերին:



Աստանայում տեղի ունեցած վերջին նիստը ևս ցուցադրեց այդ «աննրբանկատությունը»՝ կապված և Ալիևին հրավիրելու ցանկության, և Բելառուսի թեկնածուի առաջադրման հետ:



Ոչ պակաս «աննրբանկատ» էր նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից իր երկրում Ադրբեջանի դեսպանին Աստանայի նիստից մանրամասներ պատմելը և այն [++հայտարարությունը++](https://caucasus.artinews.ru/3_kandidata_lukashenko.html?fbclid=IwAR3z0QEe4KoiR9L3_hb1NlTQNLK_5qgjv7HpsXx7Kdgmoc-R4eD85Brrui8), թե ինքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք թեկնածու ունի: Սրան արձաքանքել էր ՀՀ ԱԳՆ-ն, հայտնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերում է անդամ վեց պետություններին։ «Բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն կա։ Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու։ Այս իրադրությունը, իրապես, կոռեկտ չէ»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։



Եվ իրոք, ՀԱՊԿ-ում բացի գլխավոր քարտուղարի հարցը քննարկելուց, անհրաժեշտ է նախևառաջ քննարկել կառույցի անդամ երկրների միջև հարաբերությունների ցավոտ հարցերը:



**Վահե Ղուկասյան**



_«Իրազեկ քաղաքացիների միավորում»_