Արայիկ Հարությունյանը «պայթեցրել է» Բաքուն

Արայիկ Հարությունյանը «պայթեցրել է» Բաքուն
Անցած շաբաթ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որ եվրոպական երկրներում հաջողված բանակցություններ է վարել եւ մոտ ապագայում կներդրվի հարյուր միլիոն դոլար՝ Սարսանգից կասկադային եղանակով, ինքնահոս ոռոգելի ջուրը հասցնելու Մարտակերտի շրջանի հարթավայրային հատված: Ծրագրով նախատեսվում է ջրարբիացնել տասնմեկ հազար հետկտար գյուղատնտեսության նշանակության հողեր, ինչպես նաեւ կառուցել երեք հիդրոէլեկտրակայան, որով կլուծվի Արցախի էներգետիկ ինքնաբավության հարցը, իսկ ավելցուկը կարտահանվի: Խորհրդային շրջանում Սարսանգի ջրամբարը գերազանցապես սպասարկել է ադրբեջանական բամբակագործական շրջաններին: Այն հենց այդ նպատակով էլ կառուցվել էր: Անկախությունից ի վեր ջրամբարի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները երբեք չեն դադարել: Ապրիլյան քառօրյա պատերազմում էլ այդ ուղղության հիմնական թիրախը Սարսանգի ջրամբարն էր: Նախկնում Արցախի իշխանությունները մի քանի անգամ Ադրբեջանին առաջարկել են քննարկել ջրային պաշարների համատեղ օգտագործման հետ կապված հարցը, սակայն պաշտոնական Բաքուն այդ նախաձեռնությունը մերժել են: Եւ ահա Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքայան գրառումը բառիս բուն իմաստով «պայթեցրել է» Բաքուն:



Մամուլում տեղ են գտել բազմաթիվ հրապարակումներ: Դրանց վերլուծությունը բերում է եզրակացության, որ նման հավակնոտ ծրագիրը խառնում է Ադրբեջանի հաշիվները: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ արտերկրում հետեւողական աշխատանք է տանում՝ ներդրողներին տարհամոզելու Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու նպատակներում: Սարսանգի հետ կապված նախագիծն իրականություն դառնալու դեպքում կփոխի տեղաշրջանի տնտեսական պատկերը՝ կատարված փաստի առջեւ կանգնեցնելով Ադրբեջանի իշխանություններին: Թերեւս այդ հեռանկարի գիտակցմամբ է, որ հրապարակումներից մեկի հեղինակը, սպառված համարելով հակազդեցության բոլոր միջոցները, տեսլական է զարգացնում, թե «ադրբեջանական բանակը մեկառմիշտ կլուծի Սարսանգի [հարցը](https://news.day.az/politics/1062696.html?fbclid=IwAR05Ga-rbQ22ndmVcgIIN5Q1oeNpllIF3og07wey3TPvesw56cNpneVBcpw )»:



Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չունի Արայիկ Հարությունյանի ծրագիրը քաղաքական-դիվանագիտական միջոցներով ձախողելու հնարավորություն եւ սեփական շոկը հաղթահարելու համար վերստին դիմում է սպռնալիքի: Եթե Արցախում հիդրոմելերացիոն խոշոր նախագիծը կարող է պատճառ դառնալ, որ Ադրբեջանն անցնի շփման գծում իրավիճակի սրման կամ դիմի բացահայտ ագրեսիայի, ապա այդ դեպքում արցախյան կողմը բոլոր հնարավորություններն ունի պատասխան եւ խորտակիչ հարված հասցնելու ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ կոլապսի մատնելով այդ երկրի տնտեսությունը: Պաշտոնական Բաքուն չպետք է մոռանա, որ ժամանակակից զինատեսակներով Սարասնգի ջրամբարի շրջակայքում մարտական գործողությունների ծավալումը կարող է տեխնոգեն աղետի պատճառ հանդիսանալ՝ վտանգելով ամենից առաջ հարակից ադրբեջանական շրջանների խաղաղ բնակչության գոյությունը: Իրականությունից հարկ է բանական եզրահանգումների գալ եւ ժամանակն օգտագործել՝ բանակցություններ սկսելու արցախյան կողմի հետ՝ նպատակ ունենալով հասնել ջրային պաշարների օգտագործման հարցում փոխշահավետ լուծումների: Բայց Բաքվում առայժմ շոկը չեն կարողանում հաղթահարել: Եւ միանշանակորեն կարելի է ասել, որ Արցախի նախկին վարչապետի սարսանգյան ծրագիրը ոչ միայն տնտեսական, այլեւ անվտանգային եւ արտաքին ներկայացվածության խնդիրներ լուծելու ներուժ ունի: