ՕԵԿ-ի կողմից առաջադրված ավագանու թեկնածուի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք

ՕԵԿ-ի կողմից առաջադրված ավագանու թեկնածուի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն  խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ  իրականացմանը:



Ըստ մեղադրանքի` Լ. Մ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական շտաբում հանդիպել է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ Լ. Ջ.-ին ու Է. Ջ.-ին և նրանցից պահանջել հանձնաժողովի անդամի համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վճարվող 55.000 ՀՀ դրամ աշխատավարձի դիմաց 10-ական ձայն ապահովել նշված կուսակցության օգտին, հակառակ դեպքում՝ հայտնել ինքնաբացարկներ: Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն ներկայացրել են ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ գրավոր դիմումներ ու հեռացել նախընտրական շտաբից:



Այնուհետև, կատարվածի վերաբերյալ իրենց դժգոհությունները «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը հայտնելուց հետո, Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն 2018թ. սեպտեմբերի 18-ին ԿԸՀ-ից տեղեկացել են, որ վերականգնվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ և կարող են կրկին իրականացնել իրենց լիազորությունները: 



Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:



Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:



**ՀՀ Քննչական ծառայություն**