1 մլն 800 հազար արժողությամբ տարածքը դարձավ 24 հազար դրամ

1 մլն 800 հազար արժողությամբ տարածքը դարձավ 24 հազար դրամ
Ես, լինելով հեղափոխության ակտիվ, անմիջական մասնակից, հույս ունեի, որ հետայսու մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, եւ երկրում լինելու է արդարադատություն: Ցավում եմ, որ ես անարդարության զոհ եմ դարձել եւ թոշակառու լինելով՝ կորցրել իմ խնայողությունները` անարդարության պատճառով: Ես թիվ ԱՐԴ1/0654/02/14 քաղաքացիական գործով հայցվոր կողմ եմ, ով տարիներ առաջ իր ապրուստից կատարած խնայողությունների հաշվին տնտեսած գումարը պարտքով տվեց սոցիալական դժվարին պայմաններում հայտնված սույն գործով պատասխանող Հրաչյա Նահապետյանին եւ մինչ օրս չի կարողանում ետ ստանալ իրեն հասանելիք գումարը: Ես պատասխանողին փոխանցել եմ 1 միլիոն 25 հազար դրամ՝ նոտարով հաստատված կարգով: Չկարողանալով ետ ստանալ գումարս՝ 2014 թվականին դիմեցի դատարան: Գործընթացի արդյունքում փաստաթղթային առումով կարծես թե կարողացա վերականգնել սոցիալական արդարությունը. ունեմ իմ օգտին վճիռ: Երկարատեւ դատական պրոցեսից հետո պարզվեց, որ պատասխանողն իր անունով գրանցված ունի ընդամենը մեկ տնամերձ հողակտոր՝ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում:



2014 թվականին գույքը հանվեց հարկադիր աճուրդի: Ողջ ընթացքում բազմիցս հետաքրքրվել եմ հարկադիր կատարողից գործի ընթացքի մասին, սակայն պատասխանը միշտ եղել է նույնը, որ դեռ գնորդ չկա: Սույն թվականի հոկտեմբերին հարկադիր կատարողից տեղեկացա, որ աճուրդի դրված հողակտորը վաճառվել է, ոչ ավել, ոչ պակաս՝ 24 հազար դրամով: Հարկադիր կատարողը պնդում է, որ աճուրդի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա ես կարող էի ստանալ ինչ-որ կայքից: Ես, լինելով թոշակառու, չեմ տիրապետում ինտերնետային համապատասխան գիտելիքների, հետեւաբար, նմանօրինակ ճանապարհով ես չէի կարող տեղեկացված լինել այդ ընթացքից, ինչի արդյունքում ես կանգնել եմ փաստի առջեւ: Ես կորցրել եմ իմ տարիների խնայողությունները եւ չեմ կարողանում ոչ մի ճանապարհով դրանք ետ ստանալ: Վերոգրյալ ամեն ինչի մասին ես կարող եմ ներկայացնել համապատասխան թղթաբանությունը: Մեծարգո պարոն Փաշինյան, հայցում եմ Ձեր օգնությունը, որպեսզի Ձեր անմիջական կարգադրությամբ վերանայվի իմ խնդիրը: Հասկանանք, թե ինչպես է ԴԱՀԿ-ն ընդամենը 4 տարիների ընթացքում այդքան նվազեցրել հողակտորի աճուրդի գինը, եւ ինչու ես՝ որպես հայցվոր, տուժած կողմ, ով ունի իր օգտին վճիռ, չեմ տեղեկացվել աճուրդի հանգուցալուծման վերաբերյալ զանգի կամ նամակի միջոցով:



**Լուսաբեր ՇԵՐԲԵՉՅԱՆ**



_թոշակառու_