Գաղտագողի ժողովներ՝ օպերային թատրոնում

Գաղտագողի ժողովներ՝ օպերային թատրոնում
Օպերային թատրոնում որոշել են կառավարման խորհրդի կազմը համալրել, եւ դա, ըստ աշխատակիցների, անում են այն ժամանակ, երբ երկրից բացակայում են առաջատար մեներգիչներն ու մշակույթի նախարարը։ Նախնական խոսակցությունների համաձայն, որոշվել էր այնպես անել, որ խորհրդում ստեղծագործական կազմից ներկայացված լինեին մեներգիչներ Լիպարիտ Ավետիսյանն ու Հայկ Տիգրանյանը։



Նախատեսված ժողովի մասին արտիստներից շատերն իմացել են մեկ օր առաջ, ինչպես նաեւ այն մասին, որ թատրոնի շահերը (իսկ ավելի կոնկրետ՝ Օրբելյանի շահերը) տարբեր հարթակներում պետք է ներկայացնեն հենց այդ մեներգիչները։



Արտիստներից շատերը ներքին քննարկումների ժամանակ դեմ են արտահայտվել 2 թեկնածություններին ոչ միայն այն պատճառով, որ նրանք Օրբելյանի մտերիմ շրջանակից են, այլ որ երկուսն էլ գործող արտիստներ են եւ խորհրդում հայտնվելով՝ պաշտպանելու են իրենց եւ իրենց մտերիմների շահերը։ Լիպարիտ Ավետիսյանի կինը՝ Ալինա Փահլեւանյանը, թատրոնի մեներգչուհիներից է, իսկ Հայկ Տիգրանյանի ընտանիքը՝ հայրը, մայրը, կինը, եղբայրը, նույնպես աշխատում են թատրոնում։



Թատրոնի արտիստները տեղյակ չեն, թե ով եւ ինչու է այդ թեկնածություններն առաջ քաշում: Ավելին, շատերի կարծիքով, ավելի նպատակահարմար կլիներ, որ կառավարման խորհրդի կազմում ընդգրկվեին Հասմիկ Պապյանի պես հեղինակություններ, ովքեր թեեւ այսօր օպերային թատրոնում չեն, բայց իրենց կենսափորձով կարող են օգտակար լինել թատրոնին։



Ինչ վերաբերում է Մակունց-Օրբելյան հարաբերություններին, ապա Մակունցն այս օրերին գտնվում է Պետերբուրգում եւ, որոշ խոսակցությունների համաձայն, ոչ այնքան ջերմ հարաբերությունների մեջ է Օրբելյանի հետ, ավելին՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ժամանակ Մակունցն անդրադարձել էր օպերային թատրոնի խնդիրներին՝ նշելով, որ փոփոխություններն այնտեղ անհրաժեշտ են, իսկ գլխավոր դիրիժորի հաստիքը պետք է թատրոնին, ինչի հետ, սակայն, Օրբելյանը համաձայն չէ։ Ի դեպ, Կարեն Դուրգարյանը, ով երկար տարիներ թատրոնի գլխավոր դիրիժորն էր, Մակունցի մտերիմ ընկերներից է եւ վերջին շրջանում հաճախ է թատրոնում հայտնվում։



Տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովը վերաբերում է իրենց ներքին խնդիրներին։ «Մեր կառավարման մարմնում ընտրում ենք մեր ներկայացուցիչը։ ՊՈԱԿ-ների մասին օրենքով մեր կանոնադրությամբ կա կառավարման մարմին, որտեղ պետք է ընդգրկված լինի 2 ներկայացուցիչ՝ աշխատավորական կոլեկտիվից։ Մենք ներկայացնելու ենք մեր ներկայացուցիչներին։ Մեր ներքին հարցերն ենք լուծում, 2 հոգի ընտրություն ենք կատարում, ուղարկենք նախարարություն, ոչ մի արտառոց բան»,- ասաց նա ու հավելեց, որ թեեւ կառավարման խորհրդի կազմը հաստատվում է նախարարի հրամանով, բայց նախարարի ներկայությունը պարտադիր չէր․ «Այնպիսի աժիոտաժ են սարքել, չեք պատկերացնի, մեր ներքին խնդիրն է, հավաքվել ենք՝ 2 հոգի ընտրենք»։



Այն, որ արտիստներից շատերը մեկ օր առաջ են տեղեկացել դրա մասին եւ չեն հասկանում այս շտապողականությունը, Կիրակոսյանն ասաց․ «Սա հրաման է, որ կախված է եղել եւ բոլորին բաժանված է եղել»։



Ինչ վերաբերում է շրջանառվող թեկնածուների անուններին, ապա թեկնածությունները որոշվելու են միայն ժողովում․ «Ես տեղյակ չեմ թեկնածություններից, եւ բոլորին ասել ենք, որ կարող եք դուք ինքներդ ձեր մեջ որոշել, ժողովը կլինի, կգնան բաց առաջադրումներ, եւ կհասկանանք, թե ով կընտրվի խորհրդի կազմում, ասեկոսեներին մի հավատացեք, ոչինչ մեզ մոտ որոշված չէ, ով ուզում է, թող առաջադրվի, մենք ընդհանրապես դեմ չենք, բաց կքվեարկենք, եւ ով շատ ձայն կհավաքի, նրանք էլ կդառնան»։



Ժողովը վարելու է Օրբելյանը, իսկ կառավարման խորհուրդը կառավարման 3-րդ աստիճանի մարմինն է՝ «հիմնադիր, լիազոր մարմին, կառավարման խորհուրդ եւ տնօրեն» սանդղակում։



«Մենք այնպես ենք արել, որ բոլորը գան, ազատ արտահայտվեն եւ ում ուզում են, ընտրեն, ոնց ուզում են, կառավարեն, վա՞տ ենք արել»,- ասաց Կիրակոսյանը։ Վատն այն է, որ նախօրոք անուններ են շրջանառվել։ «Ես չգիտեմ, քանի որ մեծ կոլեկտիվ է, խորհուրդ ենք տվել բոլորին՝ իրենք իրենց ներսում ներքին քննարկումներ անեն ու գան ասեն։ 100 հոգու էլ առաջադրեն, դնելու ենք քվեարկության»։



**ՀԳ**. Ինչպես տեղեկացանք, ժողովի ժամանակ արդեն առաջադրվել են տարբեր թեկնածություններ, արդյունքում, հակառակ նախանշված սցենարի եւ հուրախություն թատրոնի կոլեկտիվի, կառավարման խորհրդում ընդգրկվել են բալետի պարող Սերգեյ Սաֆարյանը եւ օպերային մեներգիչ Պերճ Քարազյանը։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**