Պանդորայի ընտրական արկղը

Պանդորայի ընտրական արկղը
Եթե Ազգային ժողովի այս ընտրությունները պանդորայի՝ չարիքներով լեցուն արկղում փակվեց Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններն այս տարվա դեկտեմբերի 9-ին անցկացնելու հայտարարությամբ, ապա պանդորայի այդ արկղը բացվեց նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ից հետո, երբ ընտրարշավին ներգրավված առաջին կուսակցությունները ԿԸՀ հասցրեցին կուսակցությունների եւ դաշինքների՝ համամասնական բազմաչարչար ցուցակների եւ թեկնածուների փաստաթղթերի տրցակները, որտեղից դուրս հորդեցին հայաստանյան կուսակցական դաշտի աղետալի հիվանդությունները: Պանդորայի արկղը բացվեց, եւ պարզ դարձավ, որ հայկական թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի լուծել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առողջացման կարեւոր խնդիրը, այլեւ լրջորեն վտանգել է այդ կյանքը՝ հայաստանյան քաղաքական դաշտը տանելով ստույգ մահվան:



Հայկական թավշյա հեղափոխության հաղթանակից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից եւ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո ակնհայտ էր, որ ներհայաստանյան զարգացումները երկրում անհրաժեշտաբար հանգելու են խորհրդարանի քաղաքական քարտեզի փոփոխման անխուսափելիության, մանավանդ որ գործող ԱԺ-ն ձեւավորվել էր Ս. Սարգսյանի ձեռամբ եւ հայկական արատավոր ընտրամեթոդներով: Հեղափոխության տրամաբանությունը եւ քաղաքական համակարգի ապամոնտաժման անհրաժեշտությունն օրինաչափորեն հանգելու էին ԱԺ արտահերթ ընտրությունների, ինչը հնարավորություն կտար ոչ միայն լուծել ՀՀ կուսակցական եւ քաղաքական դաշտի կայացման, առողջացման, նորացման խնդիրները, այլեւ Հայաստանը դուրս կբերեր շարունակական քաղաքական ճգնաժամերից:



Թեպետ կարեւոր էր ընտրություններն անցկացնել հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն դրանք հետաձգվեցին՝ նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու եւ առկա վարկանիշային ընտրակարգը վերացնելու պատճառաբանությամբ: Կառավարության ծրագրում ամրագրված մեկ տարվա ընտրական ժամկետը կարող էր հեղափոխությունը տանել պարտության: Սակայն Նիկոլն անսպասելիորեն առաջ բերեց այդ ժամկետը՝ վստահ, որ փրկում է իր իշխանությունը եւ հեղափոխությունը: Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմն այդպես էլ չկատարեցին հանրությանը տված խոստումը, եւ այժմ արտահերթ այս ընտրություններն անցկացվելու են նախկին ընտրակարգով:



Նիկոլ Փաշինյանը, ժամանակավոր կառավարությունը եւ «ՔՊ» վարչությունը նոր-նոր էին սկսել զգալ իշխանության բերկրանքը, իսկ հանրության սիրո եւ պաշտամունքի հորձանքը քաղցր թմբիր էր բերում, ուր մոռացվում էին Հայաստանի առջեւ կանգնած տարաբնույթ մարտահրավերները:



Դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ պետք է արթնանային ոչ միայն կառավարող «ՔՊ»-ն, այլեւ շարունակական հոգեվարք ապրող մյուս կուսակցությունները, որոնք աշնանային մի առավոտ կանգնեցին համամասնական ցուցակներ կազմելու ահասարսուռ իրականությանը դեմ հանդիման: Կուսակցությունների ղեկավարները երեւի պատրաստ էին տալ Թումանյանի հեքիաթի մի կոտ ոսկին, միայն թե չբացեին ցուցակներ կազմելու պանորդայի արկղը:



«Կուսակցությունում պատերազմ է, իրար մորթում են»,-մասնավոր զրույցում խոստովանեց ընտրարշավին մասնակցող կուսակցություններից մեկի ղեկավարը: Համանման իրավիճակ էր բոլոր կուսակցություններում: Նմանօրինակ իրավիճակում ընտրացուցակները սկսեցին կազմել կա՛մ ավտորիտար՝ սերժսարգսյանական եւ ծառուկյանական մեթոդներով, եւ կա՛մ ներկուսակցական ժողովրդավարությանը փոխարինելու եկան խարդավանքները, խմբակայնությունը, միջանձնային հաշվեհարդարները: Ակնհայտ էր, որ կուսակցական այդ մեխանիզմներն այլեւս չէին կարող ապահովել կուսակցության կայացման, արժանիներին առաջ մղելու, քաղաքական եւ հանրային ձեռքբերումները գնահատելու սկզբունքները: Հայաստանյան կուսակցությունները հիվանդ էին. ԿԸՀ ներկայացված ընտրացուցակներն ի ցույց դրեցին այդ հիվանդության բոլոր ախտանիշները: Ընտրությունները վեր հանեցին քաղաքական դաշտի համընդհանուր ապականվածությունը:



Համամասնական ցուցակների կազմման ողջ գործընթացը Հայաստանում իրականացավ օտարերկրյա հատուկ ծառայություններին հատուկ հույժ գաղտնի մեթոդներով եւ պայմաններում: Թեպետ ընտրացուցակների գաղտնազերծումը բացահայտեց այն, ինչ իրականում հայտնի էր, քաղաքական միտքը դուրս էր մնացել կուսակցական ցուցակներից:



«Քաղաքացիական պայմանագիր» կառավարող կուսակցության ցուցակն ամենապահանջարկվածն էր հանրային եւ ԶԼՄ-ների հետաքրքրության տեսակետից: Սա ներկա եւ ապագա իշխանության ցուցակն էր, որի յուրաքանչյուր համարն իշխանության հայտ էր: «ՔՊ»-ի ընտրացուցակի գաղտնազերծումը ցուց տվեց այն համընդհանուր գորշությունը, որ պատել էր հետհեղափոխական իշխանությանը: Այնպիսի տպավորություն էր, որ այդ ցուցակն անցել է ԿԳԲ-ի գազոնային համահարթեցման մամլիչով: Միաժամանակ ակնհայտ դարձավ, որ մանկապատանեկան ներկա կառավարությանը գալիս է լրացնելու մանկապատանեկան խորհրդարանը, որտեղ «ՔՊ»-ն բացարձակ մեծամասնություն է կազմելու:



Ցուցակում տեղ գտած «ծերուկները» հայտնվել էին ՀՀԿ-ի գնացքից ժամանակին թռած Շիրակ Թորոսյանի «ազգանվեր» կերպարով, Ֆելիքս Ցոլակյանի ԿԳԲ-ական լրջությամբ, նախկին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ձոներգող, հարթ տեսակետներ արտահայտող տեսքով, Նարինե Թուխիկյանի ինքնահերոսացված եւ «ՔՊ»-ում պահանջարկված կերպարով եւ համանման եւս 1-2 դեմքերով:



Ցուցակի մյուս ներկայացուցիչները հանրությանն անհայտ են նույնքան, որքան անհայտ է ԱԱԾ աջակցությունը հայկական հեղափոխությանը: «ՔՊ» ցուցակից ակնհայտ էր դառնում, որ նոր կառավարությունը եւ խորհրդարանը ձեւավորվելու են գազոնային համահարթեցման տրամաբանությամբ: Այստեղ չկան անհատներ, որոնք կարող են սիզամարգից ավել բարձրացնել գլուխները:



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ոչ միայն անակնկալներ չկային, այլեւ փոփոխություններ. այստեղ նույն կուսակցական եւ ընտանեկան կապալն էր ներկայացված:



Ընտրացուցակներն ակնհայտ դարձրին մի ցավալի իրողություն. Հայաստանում գաղափարականությունն ու քաղաքական համոզմունքները վախճանվել են վաղուց եւ թաղվել այնքան խորը, որքան հոների արքա Աթիլլայի աճյունը, որի տեղը ոչ ոք չգիտե:



Հենց այդ պատճառով էլ ծայրահեղ ազգայնական «Սասնա ծռեր» կուսակցության 2-րդ հորիզոնականում է հայտնվել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, որը թեպետ Հովհ. Իգիթյանի պես վեց ամիս շարունակ գովերգեց Նիկոլի իշխանությանը, սակայն չարժանացավ Իգիթյանի բախտին՝ հանգրվանելու «ՔՊ» ցուցակում: Ստ. Գրիգորյանը մի օր արթնացավ՝ իր մեջ բացահայտելով Կուր-Արաքսյան հանրապետության ջատագովին: Տոլերանտ Եվրոպայից տարիներ շարունակ դրամաշնորհներ ստացող Գլոբալիզացիայի կենտրոնի ղեկավարը հայտնվեց քաղաքական արմատականության դիրքերում՝ «համահայկական» ինքնամեծարվող կուսակցության եւ ՊՊԾ գունդը գրավող «ծռերի» կողքին:



Նույն պատճառով ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականում հայտնվեց Դավիթ Շահնազարյանը՝ Փաշինյանի իշխանության անխնա քննադատը: Երբեմնի ազատական, ժողովրդավարական արժեքներ դավանող գործիչը կանգնեց տնտեսական եւ քաղաքական կոռուպցիայի մեջ թաթախված, ընտրություններ կեղծող, պետությունը ՌԴ-ից վասալային կախման մեջ դնող «ազգային-պահպանողական» Հանրապետական կուսակցության կողքին՝ Հայաստանը Նիկոլից փրկելու ազգանվեր բաղձանքով տոգորված:



Ընտրարշավին մասնակցող մյուս կուսակցությունների հնարավորություններն այս պահին տատանվում են 0-1-ի սահմաններում, ուստիեւ նրանց ցուցակները քննարկելն անկարեւոր է:



Հայաստանում այս ընտրություններով բացվել է պանդորայի՝ արհավիրքներով լի արկղը: Սակայն այդ արկղի հատակում, ինչպես հունական դիցաբանության մեջ, դեռ մնացել է Հույսը: Եվ այդ Հույսը անվնաս պանդորայի արկղից դուրս բերելը դառնում է ՀՀ այն քաղաքացիների գործը, ովքեր կարող են նաեւ մեխել պանդորայի աղետալի արկղը:



**Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ**