Էլ չենք լինի մենք պատգամավոր

Էլ չենք լինի մենք պատգամավոր
Ընտրացուցակներն արդեն գաղտնազերծված են, եւ այս ընտրություններն էլ կարծես բացառություն չեն։ Բոլոր համապետական ընտրությունների ժամանակ հենց այս հարցն է դառնում այն ռուբիկոնը, որն անցնելիս շատերը կորցնում են զինակիցներ, դաշինքներ են քանդվում, մարդիկ են հեռանում կուսակցություններից։ Ընդհանրապես, վեցերորդ գումարման պատգամավորների մեծ մասը պատմության գիրկը կանցնեն որպես տարաբախտներ, որոնք պատգամավորական հրաշագործ մանդատը վայելեցին ընդամենը մեկուկես տարի, ու անկախ իրենց կամքից՝ ստիպված են արդեն հրաժեշտ տալ իրենց փափուկ կյանքին։ Ոչ նախանձելի վիճակում են հատկապես նրանք, որոնք մի ամբողջ կարողություն են վատնել իրենց մանդատը ձեռք բերելու համար։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության 70-ն անց պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, ով նախորդ ընտրություններին մեզ՝ իր խորհրդարանում հայտնվելու փաստը հիմնավորում էր ԱՄՆ նախագահ Թրամփի հետ համեմատությամբ, այս անգամ դուրս է մնացել նախընտրական ցուցակից։ Թրամփը դեռ նախագահում է, իսկ ինքն այլեւս պատգամավոր չի լինելու, ո՞վ է կայացրել այդ որոշումը, եւ ինչո՞վ է բացատրվում իր չառաջադրվելու հանգամանքը։ «Ոչ մի բանով»,- սկզբում թախծոտ հայացքով անկեղծացավ Ազիզյանը, ապա գտավ հիմնավորումը․ «Ծառուկյանը կադրերի փոփոխություն է անում, երիտասարդների է թիմ ներգրավում, որպեսզի ավելի լավ, ավելի ուժեղ թիմ ունենա»։



Իսկ ինքը մեկուկես տարում մսխե՞լ է իր ուժերը, վերջին ընտրություններին Ազիզյանը Կենտրոն համայնքում մոտ 10 հազար ձայն հավաքեց ռեյտինգային ընտրակարգով։ «Ես չեմ համարում, թե էլ օգտակար չեմ, ես համոզված եմ, որ առաջադրվեի, հիմա էլ էի հաղթելու, բայց Ծառուկյանն ինչ որոշում ընդունում է, ես միշտ ճիշտ եմ համարում»։ Դուք միջոցներ ու ջանքեր եք թափել, ինչո՞ւ են Ձեզ հիմա դուրս թողել ընտրապայքարից։ «Ո՞ւմ ա դուրս թողել, մենակ ես եմ, ես էլ չեմ ցանկացել առաջադրվել։ Ծառուկյանը հարցրել ա, ես էլ ասել եմ՝ չեմ ցանկանում»,- խոսքը փոխեց նա։ Իսկ ինչո՞ւ եք ասել՝ չեմ ցանկանում, մեկ տարի առաջ ասում էիք, որ պատգամավոր աշխատելու համար տարիքը «կապ չունի»։ «Հիմա էլ եմ ասում, բայց փակում ենք թեման»։



Արտահերթ ընտրությունների ցուցակից դուրս է մնացել նաեւ վերջին ընտրություններին պատգամավոր դարձած Լուիզա Սարգսյանը, ով Ծառուկյանի մարզչի դուստրն է։ Չնայած մամուլը գրեց, որ Գագիկ Ծառուկյանը միայնակ է ձեւավորել ցուցակը, եւ պատգամավորացուները դրա հրապարակվելուց հետո են իմացել, թե ով որ տեղում է կամ ընդհանրապես ընդգրկված չէ, սակայն տիկին Սարգսյանը մեզ հայտնեց, որ իր ցանկությունը միայն գիտական աշխատանքով զբաղվելն է։ Նա պոլիտեխնիկի դասախոս է, ինչպես ինքը տեղեկացրեց՝ ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ։



Պատգամավորության կարճ ժամանակամիջոցում ի՞նչ փոխվեց, հիասթափվե՞ց արդյոք նա, որ քաղաքականությունից հեռանալու որոշում է կայացրել։ «Ոչ, ինձ մոտ միայն դրական փոփոխություններ են եղել, ես ավելի լավ եմ ճանաչել իմ երկրի խնդիրները, ավելի մոտ եմ եղել հասարակությանը, ինձ հուզող խնդիրներ եմ բարձրաձայնել, շատ հարցերի պատասխաններ եմ կարողացել գտնել, բայց այդպես որոշեցի»,- ասաց նա՝ շեշտելով, որ «այս փուլում» ուզում է գիտական գործունեությամբ զբաղվել․ «Ինչո՞ւ ոչ՝ մի օր գուցե վերադառնամ, ես սիրել եմ քաղաքականությունը, ես ինձ տեսնում եմ այս ոլորտում»։ Հանրապետական Ալիկ Սարգսյանը նույնպես դուրս է մնացել ՀՀԿ ցուցակից, վստահեցնում է՝ իր կամքով։ «Այս պահին նպատակահարմար չեմ գտնում գտնվել ընդդիմադիր դաշտում, խորհրդարանում աշխատանքս շարունակել նույնպես նպատակահարմար չեմ գտնում, մի տեսակ հիասթափություն կա ամեն ինչի նկատմամբ: Հիմա կուզեմ զերծ մնալ էս ամեն ինչից: Մի խոսքով՝ ինձ հարմար չի: Էս պահին ես էլի ՀՀԿ անդամ եմ, մարզային խորհրդի նախագահն եմ, էլի կօգնեմ, թեկնածուներ կան, որոշակի քանակի ձայներ կապահովենք: Կօգնեմ էն առումով, որ կաշխատեմ ճիշտ կազմակերպել էդ քարոզարշավը, մարդիկ կարողանան պահը գնահատել եւ իրենց ձայները տան ՀՀԿ-ին»,- նշեց նա:



Դժվարին պահին կուսակցությանը, կուսակցական ընկերներին մենակ թողնելը ճի՞շտ մոտեցում է արդյոք։ «Իրադարձություններն այնպես զարգացան, որ ամեն մի գործողություն իր բացատրությունն ունի, որի մասին եթե լսեն, ապա կուլիսների հետեւում առերես որեւիցե մեկը ճիշտ չի ուզում բացատրել, թե ինչ է կատարվել եւ ինչ է կատարվում իրականում, բայց յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը, որը շատ-շատ ավելի հարգելի է, քան աններելի պիտակավորելը»,- ասաց նա։ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, որը ցուցակում 12-րդն է՝ իրենից առաջ թողնելով Մենուա Հարությունյանին եւ Արտաշես Գեղամյանին, չունի հարցի պատասխանը, թե ինչու են նրանք հայտնվել տասնյակում եւ ոչ թե ինքը։ «Ես չեմ ձեւավորել ցուցակը, հարցրեք ցուցակը ձեւավորողներից»,- խորհուրդ տվեց Եսայանը՝ չթաքցնելով վերաբերմունքը «անարդարության» հանդեպ:



Ինչպե՞ս ստացվեց, որ վերջին ամիսներին գործող պատգամավորներից շատերը, այդ թվում՝ Եսայանը, հանրության թուքումուրը տարան, սակայն տասնյակում հայտնվեցին ուրիշներ։ «Թույլ տվեք Ձեր հարցը թողնեմ անպատասխան»,- ասաց Եսայանը: Ստացվում է, որ ՀՀԿ-ի դեմքն այդ մարդի՞կ են․ դիտարկման հետ նա չհամաձայնեց. «Ոչ , ՀՀԿ-ի դեմքը ես եմ»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**