Հայացք դեպի անցյալ

Հայացք դեպի անցյալ
Նախընտրական ցուցակների հրապարակումից հետո հեղափոխական դրամատիզմն անմիջապես անէացավ։ Ակնհայտ է, որ եւս մեկ անգամ ստիպված ենք ականատես լինել ամորֆ ընտրական կամպանիայի, որտեղ լինելու է ամեն ինչ՝ սելֆիի ձողից մինչեւ կացինի կոթ։ Չի լինելու միայն քաղաքական դիսկուրս, ինչի կարիքը մեր իրականությունն ամենից շատ էր զգում։ Նախկինում բոլոր ընտրություններն ունեին նույն տրամաբանությունը։ Կային հրեշավոր իշխանություններ՝ ՀՀԿ-ի մարմնավորմամբ, ու փրկչի առաքելությամբ ընդդիմադիրներ։ Փաստորեն, ընտրական ողջ կամպանիան կառուցվում էր ՀՀԿ-ի դիվականացման հիմքի վրա, իսկ ընդդիմադիրների միակ առաքելությունը գոռալն ու հայհոյելն էր։ Հեղափոխությունից հետո հույս էր նշմարվում, որ քաղաքական համակարգը կհաղթահարի չգոյության այս պատնեշը, ու անհասցե հայհոյանքներին փոխարինելու կգան դիսկուրսն ու ծրագրերը։



Բայց, ինչպես երեւում է, մենք չափազանց լավատես էինք։ Հետհեղափոխական Հայաստանում ընտրությունները նորից կազմակերպվելու են նույն տրամաբանությամբ, միայն տեղերն ու դերերն են փոխվել։ Այսինքն՝ վերստին շարժվելու ենք դիվականացման ճանապարհով, բայց այդ առաքելությունն ստանձնելու է իշխանությունը՝ իր քարոզչական զինանոցի բոլոր գործիքներն ուղղելով ՀՀԿ-ի դեմ։ Առաջ քննադատության թիրախն իրական էր՝ շոշափելի։ Մարդիկ գիտեին, որ քննադատում էին իշխանությանը եւ նրա վարած քաղաքականությունը, իսկ հիմա քննադատության թիրախ է դառնալու պատրանքը՝ ՀՀԿ-ի մարմնավորմամբ, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կամքով։ Պարզ է, ցանկալի արդյունքներ ունենալու եւ հակառակորդներին չեզոքացնելու նպատակով, պատրանքը պետք է բերվեր առաջնային պլան։ Հեղափոխությունից առաջ ՀՀԿ-ի վրա ատելության քարեր շպրտելը դեպի ապագա հայացք ուներ։ Այժմ դա հայացք է դեպի անցյալը։