ԵԿՄ-ի՝ Վարդենիսի տարածքային բաժանմունքը գոյատեւում է՝ գումարներ հայթայթելով

ԵԿՄ-ի՝ Վարդենիսի տարածքային բաժանմունքը գոյատեւում է՝ գումարներ հայթայթելով
Նոյեմբերի 12-ին Վարդենիսի ավագանին մերժեց ԵԿՄ-ի՝ Վարդենիսի տարածքային բաժանմունքին հատկացնել 600 հազար դրամ: Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ նախկին համայնքապետի կողմից տարիներ շարունակ տարվա կտրվածքով 1 անգամ 500-600 հազար դրամ է փոխանցվել ԵԿՄ-ի՝ Վարդենիսի տարածքային բաժանմունքին. «Միչեւ Արամ Հարությունյանի քաղաքապետ ընտրվելը, նախկին համայնքապետի կողմից տարիներ շարունակ գումար է տրամադրվել ԵԿՄ-ի Վարդենիսի տարածքային բաժանմունքին: Հիմա նույն շարունակությամբ, մտածելակերպով գրություն էին ուղարկել քաղաքապետարան, որ տարբեր տեսակի միջոցառումների համար իրենց հատկացնեն աջակցություն: Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի հետ քննարկման ժամանակ չենք գտել նպատակահարմար գումար տրմադրելու համար: Դրվեց օրակարգ, ավագանու անդամները մերժեցին»:



Մեր տեղեկություններով՝ ԵԿՄ-ի՝ Վարդենիսի տարածքային բաժանմունքը գրություն ուղարկել էր տարբեր համայնքապետարաններ՝ դրամական օգնության համար: Կապ հաստատեցինք ԵԿՄ-ի՝ Վարդենիսի տարածքային բաժանմունքի ղեկավար Զավեն Ավետյանի հետ, փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ են դրամական օգնություն խնդրում համայնքապետերից, եւ ի՞նչ նպատակներով են ծախսվում այդ գումարները. «Վարդենիսի քաղաքապետարան գրություն էինք ուղարկել, որ 600 հազար դրամ փոխանցեին, որ մենք կարողանայինք մի հատ գործավար պահել բաժանմունքի համար: Մնացած գումարն էլ՝ միջոցառումներ կազմակերպելու համար է»:



Զավեն Ավետյանը նշեց, որ ԵԿՄ վարչության կողմից ոչ մի լումա չի տրամադրվել իրենց: Իսկ անցած տարի գյուղապետները 10 հազար դրամ են տրամադրել, որով Ավետյանը 90 զոհված ընտանիքների համար ամանորյա տոպրակներ է բաժանել.«Ես գնացել եմ Վրաստանից ցիտրուսային մրգեր բերել, 90 ընտանիքներին՝ 5 կգ. –անոց տոպրակ եմ սարքել եւ բաժանել: Մեր բաժանմունքը գոյատեւում ա մեր ռայոնի ժողովրդի շնորհիվ, իսկ էդ 600 հազար դրամ էլ էդ աղջկան վարձատրելու համար էր, էն էլ ավագանին մերժեց, բայց դե սիրուն չէր»,-նեղսրտեց Ավետյանը՝ հավելելով, որ եթե գումար չլինի, տոպրակներ չսարքի, Ամանորին չկանչի, միջոցառում չանի, զոհվածների ընտանիքի կասեն, որ իրենց էլ հաշվի չեն առնում. «Ինչ-ինչ, բայց ես էլ կռված տղա եմ, զոհվածի ղադրը լավ գիտեմ»:



**Նելլի Կարապետյան**