Վարչապետը վախենում է իրական ընդդիմության ձևավորումից

Վարչապետը վախենում է իրական ընդդիմության ձևավորումից

Նախընտրական ցուցակների հրապարակումից հետո հեղափոխական դրամատիզմն անմիջապես անէացավ ու անհետացավ։

Ակնհայտ է, որ ևս մեկ անգամ ստիպված ենք ականատես լինել ամորֆ ընտրական կամպանիայի, որտեղ լինելու է ամեն ինչ՝ սելֆիի ձողից մինչև կացինի կոթ։ Չի լինելու միայն քաղաքական դիսկուրս, ինչի կարիքը մեր իրականությունն ամենից շատ էր զգում։

Հեղափոխությունից առաջ տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրությունները ունեին նույն էությունն ու տրամաբանությունը։ Կային հրեշավոր իշխանություններ՝ վերջին 20 տարիներին ՀՀԿ-ի մարմնավորմամբ, ու փրկչի առաքելությամբ ընդդիմադիրներ։ Փաստորեն ընտրական ողջ կամպանիան կառուցվում էր ՀՀԿ-ի դիվականացման հիմքի վրա, իսկ ընդդիմադիրների միակ առաքելությունն էլ գոռալն ու հայհոյելն էր՝ անպատասխանատվության գործիքակազմի ամբողջ հմայքով զինված։

Հեղափոխությունից հետո հույսեր էին նշմարվում, որ քաղաքական համակարգը կհաղթահարի չգոյության այս պատնեշներն ու դիվականացման ու անհասցե հայհոյանքներին փոխարինելու կգան դիսկուրսն ու տրամախոսությունը։

Բայց, ինչպես երևում է, մենք չափազանց լավատես էինք։ Հետհեղափոխական Հայաստանում ընտրությունները նորից կազմակերպվելու են նույն տրամաբանությամբ՝ միայն թե տեղերն ու դերերն են փոխվել։ Այսինքն վերստին շարժվելու ենք դիվականացման ճանապարհով, բայց այս անգամ արդեն առաքելությունն այդ ստանձնելու է իշխանությունը՝ իր քարոզչական զինանոցի բոլոր գործիքները ուղղելով ՀՀԿ-ի դեմ։

Առաջ քննադատության թիրախը իրական էր՝ տեսանելի ու շոշափելի։ Մարդիկ գիտեին, որ քննադատում էին գոյություն ունեցող իշխանությանը՝ ՀՀԿ-ի մարմնավորմամբ։

Իսկ հիմա քննադատության թիրախ է դառնալու չգոյությունը, պատրանքը ու նորից ՀՀԿ-ի մարմնավորմամբ։ Տպավորություն կա, որ այդ պատրանքը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կամքով կամ էլ՝ լուռ համաձայնությամբ։ Պարզ է, սահուն ընտրություններ կազմակերպելու և մնացյալ հակառակորդներին չեզոքացնելու նպատակով, պատրանքը պետք է բերվեր առաջնային պլան, որպեսզի բոլորը պայքարեն չգոյության դեմ ու հայտնվեն չգոյության տարածքում։

Հեղափոխությունից առաջ ՀՀԿ-ի վրա ատելության քարեր շուռ տալը դեպի ապագա հայացք ուներ։ Այդ ապագայի մեջ իշխանության կազմաքանդման հեռանկար էր նշմարվում։ Իսկ հետհեղափոխական Հայաստանում ՀՀԿ-ի վրա քարեր շուռ տալը հայացք է դեպի անցյալը։ Այս պայմաններում քաղաքական դիսկուրս լինել չի կարող։ Ընդդիմության հավակնություն ունեցող ՀՀԿ-ի բոլոր քննադատությունները հակառակ էֆեկտ են ստանում՝, քանի որ քննադատության հասցեատերերը ներկային վերաբերող քննադատությունը տանում են դեպի անցյալ՝ հիշեցնելով նախկին իշխանությունների սխալները։ Ինչպես տեսնում ենք այսպիսի պայմաններում քննարկում ու բանավեճ լինել չի կարող, քանի որ դեպի ապագա տշվող գնդակը պտտվում ու թռչում է դեպի անցյալ։

Ահա այսպիսի քաղաքական համակարգ է կառուցում Փաշինյանը, ինչը չափազանց վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Նա միտումնավոր կերպով հետևողականություն չդրսևորեց նոր ընտրական օրենսգրքի ընդունման համար։ Իսկ դա կենսունակ ընդդիմության ձևավորման ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է։ Կլանային տրամաբանությունից դուրս ապրող քաղաքական մարդիկ չեն կարող լուրջ հավակնություններ ներկայացնել հին ընտրակարգով։ Մի՞թե Փաշինյանը վախենում է ընդդիմությունից, արդյո՞ք նա չի հասկանում, որ որակյալ ընդդիմության ձևավորումը հենց իր շահն է, կառավարության շահն է և վերջապես պետության շահն է։

Բայց վարչապետը ընթացավ հակառակ ճանապարհով։ Վախենալով իրական ընդդիմության ձևավորումից՝ նա նպաստավոր պայմաններ ստեղծեց, որպեսզի ընդդիմություն դառնա անցյալի տխրահռչակ պատրանքը, նա վերստին բանավեճ սանձազերծեց անցյալի հետ՝ դրան քաղաքական գործոնի կարգավիճակ շնորհելով։

Կենսունակ քաղաքական համակարգ ձևավորելու շահագրգռվածության բացակայությունը տեսնում ենք նաև ՔՊ-ի նախընտրական ցուցակում։ Իհարկե այդ ցուցակում կան քաղաքական մարդիկ, որոնք կարող են լուրջ օրենսդիրներ դառնալ։ Բայց այդ մարդիկ չափազանց քիչ են։ Ցանկը ողողված է ապաքաղաքական, կառավարության նկատմամբ լոյալ ու լուռ «կնոպկա» սեղմող տարրերով։ Բայց պետք է լիներ հակառակ պատկերը։ Կառավարության առաջին վերահկողը պետք է լիներ Քաղաքացիական պայմանագրի խորհրդարանական մեծամասնությունը։ Այլ խոսքով ասած կառավարությունն առաջին հերթին պետք է հաշվետու լիներ հենց իր խմբակցությանը։ Բայց ովքե՞ր են գործադիրի աշխատանքը վերահսկելու, դեռևս հեղափոխական շոկից դուրս չեկած ապաքաղաքական աշխուժակնե՞րը, կուսակցական ամորֆ նվիրյալնե՞րը, որոնք Փաշինյանին տեսնելիս խաչակնքովում են։ Ովքե՞ր։ Իմ կանխատեսումներով այդ ամբողջ ցանկից ընդամենը 10-15 հոգին կարող են պրոֆեսիոնալ օրենսդիր դառնալ, բայց ընդհանուր ապաքաղաքական ու ապագաղափարական իրավիճակում հյուծվելու են ու քաշվեն մի կողմ։

Քաղաքացիական պայմանագրի ապագաղափարական ընթացի ու հեղափոխական ցնցումների մեջ գտնվելու վառ վկայությունն է նախընտրական լոզունգների մասին հրապարակային քննարկումները։ Առաջարկվում է «Նիկոլ վարչապետ» տարբերակը։ Այս տարբերակի քննարկումն անգամ, կարծես թե, ծաղր լինի ժողովրդի նկատմամբ։ Փաստորեն քաղաքական խոսքի, ծրագրերի ու գաղափարների փոխարեն նրանք մարդկանց նորից ներքաշում են հեղափոխական տարերային հռետորաբանության մեջ՝ արգելակելով քննարկման ու բանավեճի ցանկացած փորձ։ Ախր բոլորի համար էլ պարզ է, որ Փաշինյանի վարչապետ լինելը կասկածից դուրս է, ինչո՞ւ եք մեզ նորից ներքաշում ակնհայտի տիրույթը։ Լա՛վ, բա մյուս քաղաքական ուժերը ի՞նչ անեն, ի՞նչ խոսեն, եթե ձեր նախընտրական միակ նպատակը ակնհայտի, բոլորի կողմից հաստատվածի վերահաստատումն է։

Ամեն ինչ շատ վատ է։