Հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխված են․ ՀՀԿ՝ 1110, ԵԼՔ՝ 172

Հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխված են․ ՀՀԿ՝ 1110, ԵԼՔ՝ 172
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 2010 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝



Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 1110-ական, 

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 594-ական, 

«Ելք» կուսակցությունների դաշինք ` 172-ական, 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 134-ական: 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել նոյեմբերիի 19-ից 21-ը` մինչև ժամը 18.00-ն:



Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ իրականացնելու թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով։



Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է նաև որոշում՝ հրավիրել [Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն (SILBA)](https://www.silbadk.com/) և [Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց (ENEMO)](http://www.enemo.eu/en/home/) օտարերկյա հասարակական կազմակերպություններին` ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: