Նախարարի ելույթը կրքեր է բորբոքել

Նախարարի ելույթը կրքեր է բորբոքել
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի զավակներին, որոնք մասնավոր դպրոց են հաճախում: Նա նախ հայտարարեց, որ Հայաստանում կրթությունը պետք է լինի ներառական եւ արդար. «Ի՞նչ ենք ունեցել նախկինում. Ոլորտում եղել են մարդիկ, որոնք առաջնորդվել են իրենց անձնական շահերով՝ պաշտոնյաներ, կրթական ոլորտի ղեկավարի գործունեության լավագույն արդյունքը վատ առումով եղել է այն, որ կրթական ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց:  Դա, ըստ էության, նույն է, որ մեր պաշտպանության նախարարի զավակը ծառայի օտար բանակում: Դա նույնն է, որ առողջապահության նախարարը մինիմալ առողջապահական կարիքները հոգալու համար գնա հարեւան պետություններում հոգա այդ կարիքները: Այ էս է եղել նախկինում մեր կրթության որակի վիճակը եւ ես ուրախ եմ, որ վերջին 6  ամիսների ընթացքում հաջողվել է լուրջ քայլեր անել»։



Այնուհետև իր ֆեյսբուքյան էջում Արմեն Աշոտյանը ի պատասխան Արայիկ Հարությունյանի հայտարարության գրել էր․



«Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադաձել է իմ անձին ու գործունեությանը։

Ինչպես ի սկզբանե հայտարարել և իրականացրել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել գնահատականներ տալ իմ պաշտոնավարումից հետո ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնած մարդկանց գործունեությանը և կատարած աշխատանքին։



Այդ մարդկանց ցուցակում է նաև ներկայիս նախարար Հարությունյանը։ Այս անգամ նույնպես չէի անդրադառնա այս պաշտոնյային, եթե ինքը չխախտեր քաղաքականության ամենասուրբ կանոնը։



Մինչ բուն խոսքիս անցնելը, ցանկանում եմ Արայիկին և նրա թիմակիցներին հիշեցնել, տեղեկացնել և սովորեցնել, որ քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը՝ քաղաքական ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար ստորության գագաթնակետն է։



Ունեցեք սեփական երեխաներ, նրանց առողջ ու կիրթ մեծացրեք և այդ ժամանակ գուցե հասկանաք, որ այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ:



Հորդորում եմ բոլորին հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից: Սա համարեք վերջին նախազգուշացում։Անցնեք առաջ։



ԿԳ նախարար աշխատածս տարիների ընթացքում կատարած սխալներիս մասին երբեք չեմ խորշել բարձրաձայնել և լսել քննատադություններ, բայց երբ քննադատում է մեկը, ով 6 ամիս պաշտոնավորումից հետո նոր ոչինչ չի արել ու շարունակում է նախկին պաշտոնյաների կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև այն մարդուց, ով 6 ամիսների ընթացքում միայն խոստանում է, միայն «գուժում է», իսկ արդյունքում միայն խոսքեր ու միայն լայքեր, ապա այդ մարդուն պատասխանելը նույնիսկ տրամաբանական չէ։



12-ամյա կրթություն, ավագ դպրոցներ, համընդհանուր ներառական կրթություն, Բոլոնիայի գործընթաց, Դիլիջանի դպրոց, Շախմատ առարկան, սոցիալական փաթեթներ կարիքավոր ուսանողներին և այլն, և այլն՝ այս ամենը արվել է իմ օրոք և շարունակվում է նաև այսօր:



Իսկ հիմա՝ ներքաղաքական այս բուռն զարգացումների ու ընտրությունների նախաշեմին խոսել իմ մասին ինչ-որ չարաշահումների ակնարկով ինձ լռեցնելու անհաջող փորձ է:



Հ.Գ. Ի դեպ, նախարարն այսօր նաև հայտարարեց, որ հարցականի տակ է Հայ եկեղեցու պատմության առարկան: Փաստորեն, այս մարդկանց համար ոչ երեխաներն են սրբություն, ոչ մեր պատմությունը, ոչ եկեղեցին:

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։