Ո՞վ կփոխարինի Պետրոս Ղազարյանին «Կենտրոնում»

Ո՞վ կփոխարինի Պետրոս Ղազարյանին «Կենտրոնում»
Ինչպես հայտնի է, «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, «Ուրվագիծ» ծրագրի հեղինակ Պետրոս Ղազարյանը տեղափոխվեց Հանրային հեռուստաընկերություն։ Ղազարյանի հեռանալուց հետո «Կենտրոնում» մեկ քաղաքական հաղորդում է մնացել՝ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումը։



Այս օրերին «Կենտրոնի» ղեկավարությունը Պետրոս Ղազրյանին փոխարինողի փնտրտուքների մեջ է։ Տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Մենք տեղեկացանք, որ հեռուստաընկերությունը առաջարկել է իրենց եթերում հեղինակային հաղորդում վարել ՊՆ լրատվական վարչության պետ, «Հայլուրի» նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանին, սակայն վերջինս մերժել է առաջարկը։ Մեզ հետ զրույցում Ալթունյանը չպատասխանեց հարցին, թե իրեն առաջարկե՞լ են աշխատանքի անցնել Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերությունում։ Միայն ասաց, որ ինքը չի աշխատում «Կենտրոնում», իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում տեղափոխվի, պատասխանեց, որ աշխատում է ՊՆ-ում և դեռ շատ անելիքներ ունի այնտեղ։



Մենք տեղեկացանք, որ նոր հաղորդավար գտնելուց հույսը կտրել են «Կենտրոնում» եւ որոշել են նախընտրական այս փուլում ժամանակավոր փոխարինող գտնել՝ մինչեւ հիմնական թեկնածու գտնելը։ Իսկ մինչ այդ որոշել են Անժելա Թվմասյանի «Հայելու առաջ»-ը հեռարձակել «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերաժամին եւ դրանով լրացնել բացը։



Հիշեցնենք նաև, որ «Հրապարակի» հարցին, թե ինչո՞ւ է հեռանում «Կենտրոնից», Պետրոս Ղազարյանը պատասխանել էր, որ 17 տարի մի տեղում աշխատելը բավականին շատ ժամանակ է, այդ որոշումը ընդունել է լճացումից խուսափելու համար։ Ամեն դեպքում, փաստ է, որ այս տեղափոխությունը եղել է ոչ թե վաղօրոք ծրագրված, այլ անսպասելի, ուստի փոխարինողի հարցում հեռուստաընկերությունը կանգնել է փաստի առաջ։