Նպատակը չեմ հասկանում, ո՞ւմ է օգուտ վնասել «Գազպրոմ-Արմենիա»-ին

Նպատակը չեմ հասկանում, ո՞ւմ է օգուտ վնասել «Գազպրոմ-Արմենիա»-ին
Պետեկամուտների կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել, որում ասված է, թե «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր։ Ըստ ՊԵԿ-ի՝ խոսքը «մի քանի միլիարդ դրամի չափով հարկային պարտավորությունները» պակաս կատարելու մասին է։



Ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասով կատարված համեմատական հետազոտությունների վերաբերյալ տվյալները: Պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի: Միաժամանակ, կատարված համեմատական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին 2018 թվականի առաջին հինգ ամիսների համեմատությամբ ավելացել են շեշտակի՝ մոտ 37 տոկոսով»,-ասված է ՊԵԿ հայտարարության մեջ։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։



«Գազպրոմ-Արմենիայի» վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր տարակուսանքը հայտնեց ՊԵԿ-ի «բացահայտումների» վերաբերյալ։ Նա մանրամասն ներկայացրեց մի շարք հաշվարկներ՝ նախ նշելով, որ չի կարելի համեմատել ամռան ու ձմռան տվյալները։ Իսկ բուն կուլմինացիան հետևյալն էր՝ նշված ժամանակահատվածում իրենք ունեցել են 1-2 մլն խմ գազի կորուստ, միաժամանակ ԱԳԼՃԿ-ներում գազի սպառման ծավալն ավելացել է 46 մլն խմ-ով։



«Պարզ թվաբանություն է, եթե 46 մլն խմ գազի աճի համար հիմք են ընդունում, որ «Գազպրոմ-Արմենիայում» 1.2 մլն խմ տատանումը բերել է 46 միլիոն խմ գազի ստեղծման․․․ էներգիայի պահպանման օրենքից բերեք խոսենք։ Այսինքն՝ չստեղծելով մի բան, մենք վաճառո՞ւմ ենք և դրանով փորձում ենք հարկային պարտավորություննե՞ր կրել»,-ասաց Հրանտ Թադևոսյանը՝ զարմանալով, թե իրենք ի՞նչ կապ ունեն ԱԳԼՃԿ-ներում գազի սպառման ծավալների աճի հետ և ի՞նչ կապ ունեն իրենց կորուստները դրա հետ, որ պիտի դրանից հարկ փորձեին թաքցնել։



Նրա խոսքով՝ մայիսից-սեպտեմբեր ամիսների կտրվածքով կորուստների տատանման նվազում չի եղել, նույնիսկ որոշակի ավելացում է եղել։ Հետևաբար Թադևոսյանը ոչ միայն հերքում է, այլև խոստանում, որ գնալու են բոլոր ատյաններով՝ «Գազպրոմ-Արմենիայի» բարի համբավը պահպանելու համար, քանի որ ՊԵԿ-ն իր այս հաղորդագրությամբ վնասել է իրենց ընկերության իմիջին։



Ուշագրավ է, որ «Գազպրոմ-Արմենիան ՊԵԿ-ի կողմից այս ընթացքում քանիցս արժանացել է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի հավաստագրերի։ Դա եղել է և՛ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի, և՛ նոր նախագահ Դավիթ Անանյանի օրոք։ Բայց, միաժամանակ, այսօր ՊԵԿ-ը նույն ընկերությանը, ում ճանաչել է օրինապահ հարկ վճարող, այսօր մեղադրում է հարկ թաքացնելու մեջ։



**Hraparak.am**-ը հացրեց Հրանտ Թադևոսյանին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հարությունյանի օրոք, որ նախկինում ղեկավարել է նաև «Գազպրոմ-Արմենիան», իր ղեկավարած ընկերությունն ստանում է «օրինապահ հարկ վճարողի» «հավաստագիր, այսօր ՊԵԿ-ի կողմից հայտնվում է նման մեղադրանքի տակ։ Կա՞ արդյոք քաղաքական ենթատեքստ այստեղ։



«Ես պրոբլեմ չեմ տեսնում էսօր։ Ես, ճիշտն ասած, որոշակի շփումներ ունեմ ՊԵԿ ղեկավարների հետ, և հասկանում եմ, որ իրենց հարցը ներկայացվել է ոչ ամբողջական և ոչ կոռեկտ։ Ես չեմ կարծում, որ սա էսպես էր։ Դրա համար չեմ ուզում քաղաքականացնեմ, չեմ ուզում անձնավորեմ»,-ասաց Հրանտ Թադևոսյանը։



Ի դեպ, այսօր հրավիրված ասուլիսին «Գազպրոմ-Արմենիան» հրավիրել էր նաև ՊԵԿ ներկայացուցչի, որպեսզի միակողմանի չներկայացվի խնդիրը, բայց ՊԵԿ-ից որևէ մեկը չէր ներկայացել ասուլիսին։



«Ուղղակի պրոբլեմը նրանում է, որ էս ընթացքում էն կամպանիաները, որոնք աշխարով մեկ գոյություն ունեն, և մենք աշխատում ենք, սկսել են կասկածել արդեն մեր բարեխղճության վրա։ Հիմք չլինելու դեպքում ստեղծել նման հակափիառ, վնաս տալ «Գազպրոմ-Արմենիային», այ սրա նպատակը չեմ հասկանում, ո՞ւմ է օգուտ էս խնդիրը»,-ասաց պարոն Թադևոսյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**