Իմ եղբայրը երբեւիցե այդպիսի աշխատանք չի կատարել, տեղամասի պետն իրավունք չուներ` Գոռին տաներ

Իմ եղբայրը երբեւիցե այդպիսի աշխատանք չի կատարել, տեղամասի պետն իրավունք չուներ` Գոռին տաներ
28-ամյա Գոռ Մոմչյանի եղբայրը՝ Սասուն Մոմչյանը, Գոռի մահվան մեջ մեղադրում է Վարդենիսի ջրօգտագործողների ընկերության տեղամասի պետ Արա Մելքոնյանին: Սասունը մեզ հետ զրույցում նշեց՝ իր եղբայրը երբեք այդպիսի աշխատանք չի կատարել, նրան անգամ չեն տրամադրել համապատասխան հագուստ ու ձեռնոցներ. «Դեպքի օրը Արան զանգեց ինձ, ես հեռախոսը չպատասխանեցի: Մեր շենքի վրա գործ էինք անում, կրկին եկավ, այս անգամ եղբորս հարցրեց: Ասեցի՝ մենք գործ ենք անում: Գնում է, եղբորս տեսնում ու հետը տանում է: Հայրս էլ տանից տեսնում է, որ Գոռին տարան, դուրս ա գալիս, ձայն տալիս, չեն լսում: Էդ տրանսֆորմատորները աշուն անջատում են, գարնանը՝ միացնում, որ գյուղացիներին ոռոգման ջուր տան: Բարձարավոլտը հոսանքը պետք է էլեկտրոցանցը անջատեր, իսկ տրանսֆորմատորներն էլ՝ ՋՕԸ-ի աշխատակիցները: Եղբորս տարել են, որ տրանսֆորմատորն անջատի: Ասել են հոսանք չկա մեջը: Եթե հոսանք չլիներ, եղբայր չէր հոսանքահարվի: Տրոսը գցելուց հոսանք խփում ա եղբորս: Ես գիտեմ, որ ոչ մեկը էլ չի կարող իմ եղբորը վերադարձնել, բայց եւ անպատիժ էլ չպետք է մնան: Մենք բողոք ենք ներկայացրել, մենք մեղադրում ենք Արա Մելքոնյանին, քանի որ ինքը անձամբ եկել է եւ տարել Գոռին: Ինքը Գոռին տանելու իրավունք չուներ: Իրենք պետք է իրենց էլեկտրիկին տանեին այդ գործողությունը աներ: Իմ եղբայրը երբեւիցե այդ աշխատանքը չի կատարել: Կամ դա անփութություն է, կա´մ` դիտավորություն»,- ասաց Սասուն Մոմչյանը:



Վարդենիսի ՋՕԸ-ի տեղամասի պետ Արա Մելքոնյանը չցանկացավ մեր հարցերին պատասխանել` ասելով, որ ինքը գտնվում է շատ վատ վիճակում: Հարցին, արդյոք իրեն մեղավո՞ր է համարում երիտասարդի մահվան մեջ. Մելքոնյանն ասաց. «Բա ինչ եմ անում, բա ես եմ պատճառը եղել, ես ժիվոյ տրուպ եմ, ինձ հանգիստ թողեք, քննություն է գնում, կպարզեն, թե ով է մեղավոր»: Ըստ Ձեզ, ո՞վ է մեղավոր. «Ես որ իմանամ, կտամ կսպանեմ»,-եղավ պատասխանը:



Արմեն Նալբանդյանը 2003թվ.-ից զբաղեցնում է Վարդենիսի ՋՕԸ-ն տնօրենի պաշտոնը: Մեզ հետ զրույցում ասաց, որ ՋՕԸ-ն համապատասխան աշխատակից ունի, ով տրանֆորմատորները հոսանքազրկում է: Նալբանդյանից հետաքրքրվեցինք՝ տրանսֆորմատորների հետ ի՞նչ գործ ուներ գործից անտեղյակ երիտասարդ, ՋՕԸ-ի տնօրենն ասաց. «Դա քննությունը կպարզի, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Հոսանքը լրիվ անջատած է եղել, մենք գնացել ենք տեսել ենք: Չենք իմացել, թե ե՞րբ են միացրել եւ ինչի՞ համար են միացրել, որ լարերի մեջ հոսանք է եղել: Տեղեկացված չենք եղել ո´չ ես, ո´չ էլ տղերքը: Եթե իմանայի, որ հոսանքը անջատած չէր, երբեք մարդ չէի ուղարկի: Կոպիտ ասած՝ անտեղյակության պատճառով է եղել»:



ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գեղարքունիքի» ջրօգտագործողների ընկերության ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները:



Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:15-ին «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ ոռոգման ջրերի հորերից մեկի ենթակայանում «էլեկտրահարում և մահ» ախտորոշմամբ գտնվել է 1989թ.ծնված քաղաքացու դիակ: Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի բաժնում 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախնական տվյալներով՝ 1989թ. ծնված քաղաքացին, 2018 թվականի հոկտեմբերի 23-ին «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթակայանի պետի և երկու աշխատակիցների հետ միասին ենթակայանների տրանսֆորմոտորները ապամոնտաժելու հանձնարարականը իրականացնելու նպատակով գնացել է թիվ 62.32 ենթակայան և մտածելով, թե նախապես ուղարկված գրության համաձայն «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից տրասֆորմատորները հոսանքազրկվել են, բարձրացել է ենթակայանի վրա, ինչի հետևանքով հոսանքահարվել և մահացել է: Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, մի շարք կազմակերպություններից հարցումներ են կատարվել: Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է:



**Նելլի Կարապետյան**