Ո՞ր դեպքում կարող է Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան

Ո՞ր դեպքում կարող է Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
2000թ․ ապրիլից առ այսօր միջազգային հետախուզման մեջ գտնվող գրող, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի պահանջը ժամանակ առ ժամանակ արծարծել են նրա համախոհները, ստորագրահավաք են նույնիսկ կազմակերպել՝ քաջ գիտակցելով, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անհաշտ ընդդիմախոսի վերադարձը նրանց իշխանության օրոք անհնար է։ Ապրիլյան հեղափոխությունից հետո Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցն ավելի ու ավելի հաճախ սկսեց քննարկվել։ Դեռեւս ապրիլի 30-ին վարչապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին լրագրողների հարցին, ասել էր, որ Սիրադեղյանի հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, կնայվեն բոլոր հանրային հնչեղություն ունեցող հարցերը, ու բոլոր իրավական հնարավոր լուծումները կտրվեն։ Իսկ արդեն նոյեմբերի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անպատասխան էր թողել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հարցը Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին։ Իրավական դաշտում ի՞նչ լուծում պետք է լինի, որպեսզի վտարանդի գրողը կարողանա վերադառնալ հայրենիք։



Փաստաբան Նորայր Նորիկյանը մեր հարցին ի պատասխան՝ այսպես արձագանքեց․ «Այդ հարցին սպառիչ պատասխան տալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքները, այն հոդվածները, որոնցով մեղադրվում է ՀՀ ներքին գործերի նախկին նախարարը։ Ավելին՝ որքանով ես ծանոթ եմ մամուլից, նրան առաջադրված մեղադրանքներից, Վանո Սիրադեղյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա 2000 թվականի ապրիլից գտնվում է հետախուզման մեջ, ենթադրվում է, որ նրա նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառելիության հարցը կարելի է քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով (Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով) սահմանված կարգով։ Ուղղակի պետք է մանրամասն նայել, թե այդ հոդվածի որ դրույթները կարելի է կիրառել։ Կրկնում եմ, այս հարցին անդրադառնալու համար պետք է մանրամասն վերլուծել Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքները։ Բայց ես հեռու եմ այն մտքից, որ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի հետագա լուծումը կամ նրա՝ Հայաստան վերադառնալը պայմանավորված են միայն այդ հանգամանքով։



Ակնհայտ է, որ պետք է կայացվի քաղաքական որոշում, եւ ես կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ ՀՀ իշխանությունները կկայացնեն որոշում: Սպասենք այդ որոշմանը»։ Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով (բանդիտիզմ), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով (հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ (կաշառքի ստացում), 182 հոդվածի 1-ին (իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում), 17-96 հոդվածի 2-րդ մասերով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում)։