Ովքե՞ր են Շիրակի մարզում «Իմ քայլը » դաշինքի վարկանիշային թեկնածուները

Ովքե՞ր են Շիրակի մարզում   «Իմ քայլը » դաշինքի վարկանիշային թեկնածուները
Շիրակի մարզում «Իմ քայը » դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները՝ բոլորն էլ հասարակության շրջանում քիչ թե շատ ճանաչված մարդիկ են: Այլ հարց է, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում նրանցից յուրաքանչյուրի գործնեությունն ու անձը: Ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական կուսակցության» անդամ, Շիրակի մարզպետ **Կարեն Սարուխանյանը**, որի թեկնածության շուրջ կարծիքները տարբեր են: Շատերն են վստահ, որ մարզպետն ընտրվելու դեպքում էլ նախընտրելու է մարզպետի պաշտոնը՝ հրաժարվելով պատգամավորի մանդատից: 32-ամյա Կարեն Սարուխանյանը մարզպետ նշանակվեց հեղափոխությունից հետո, իսկ մինչ այդ զբաղվում էր մանկավարժությամբ՝ դասավանդելով կենսաբանություն Գյումրու պետական բժշկական քոլեջում եւ Բյուրակնի միջ. դպրոցում:



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/46472565_329647567863124_3940615361455456256_n.jpg?_nc_cat=105&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=9917cbb894f5c486f1b1d2acbc54c540&oe=5C6F4821)



ԱԻ նախարարարի պաշտոնակատար, Շիրակի նախկին մարզպետ, գեներալ **Ֆելիքս Ցոլակյանը**, չնայած քաղաքական իրավիճակներին ու վայրիվերումներին, մարզում դեռևս մեծ հարգանք է վայելում:Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին, երբ առաջադրվել էր ՀՀԿ-ով, նա մարզից հաջողացրեց կորզել 11000 –ից ավել ձայն։ Ցոլակյանն ունի իր կայուն ընտրազանգվածը, եւ «Իմ քայը » դաշինքին բավարար ձայներ կարող է բերել: Ըստ կանխատեսումների՝ եթե ոչ 11-12 հզր, ապա 5-6 հզր քվե կարողանալու է ապահովել: Նշենք, որ ինչպես ՀՀԿ-ի դեպքում, այս անգամ էլ գեներալը անկուսակցական է:



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/46413055_1139522992873369_6166196104900640768_n.jpg?_nc_cat=104&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=df94523ebc96e75bbd31157d17f5b6c1&oe=5C834927)



Լևոն Ջուլֆալակյանի որդու՝ **Արսեն Ջուլֆալակյանի** առաջադրումը ՔՊ –ի կողմից ամենից անսպասելին էր: Ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոնի ընտրությունը զարմացրել է համաքաղաքացիներին: Գյումրեցիները վստահ էին, որ Արսեն Ջուլֆալակյանի քաղաքական կնքահայրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է լինելու: Ինչևէ, մարզիկը նախընտրել է իշխող կուսակցությունը, թեև առաջադրվում է որպես անկուսակցական: Ավելացնենք, որ Արսեն Ջուլֆալակյանն այն եզակի մարզիկներից է, ով հեղինակ է 6 գիտական հոդվածների: Բարձրագույն կրթություն ստացել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում (բակալավր, մագիստրատուրա): Այժմ նույն ֆակուլետի ասպիրանտ է:



![](https://ittrend.am/wp-content/uploads/2018/03/arsen-jul-800x500_c.jpg)



Գյումրու ՔՊ կառույցի 30-ամյա ղեկավարի առաջադրումը անակնկալ չէր: **Կարապետ Մխչյանը** 2016թ-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էր Գյումրու ավագանու թեկնածու: Ըստ խոսակցությունների, նրա առաջադրումը պարտադիր էր. ՔՊ-ի հնաբնակներից է եւ մարզում համակարգում է կուսակցության աշխատանքը:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/46288152_890250751362794_3548799526699532288_n.jpg?_nc_cat=109&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=68e79acd657704e6414dd8cbe9ae9e0b&oe=5C6FFD2A)



Ինչպես անսպասելի չէր **Արա Մելիքջանյանի** Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելը, այդպես էլ անսպասելի չէ նրա առաջադրումը: Երիտասարդ փոխմարզպետը նույնպես կուսակցական է: Նա «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ նախագահն էր, ավարտել է Հոնկոնգի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի համակարգչային հետազոտությունների բաժինը՝ հեռաուսուցմամբ, այն հաստատված է «Օքսֆորդի» համալսարանի քննական հանձնաժողովի կողմից: Ի դեպ, նրան առաջադրել են՝ որպես ինտելեկտուալ ուժ:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/46443333_2037573892962312_7851315820427739136_n.jpg?_nc_cat=108&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=55ddc308a76abe6c4fa18d6743faf8db&oe=5C7F8C6F)



Մարզպետարանի անձնակազմի շարքը լրացնում է մարզպետի երիտասարդ օգնական, ՔՊ անդամ **Էմմա Պալյանը**, ով մասնագիտությամբ լրագրող է: Նա նախորդ խորհրդարանական ընտրություններում ԵԼՔ դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու էր:Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Աշխատել է ԳԱԼԱ հ/ը-ում Araratnews.am լրատվական կայքում: Կուսակցությանն անդամագրվել էր մինչ հեղափոխությունը: Հավանաբար հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ կուսակցությունը երկրորդ անգամ է առաջադրում նրան:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/46388928_263053307714596_7646229834963615744_n.jpg?_nc_cat=111&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=fac909b82b23d11c4c6a997481f75059&oe=5C714380)



Շիրակի փոխմարզպետ **Սոֆյա Հովսեփյանը** նույնպես երկրորդ անգամ է առաջադրվում: ՔՊ-անդամ է, ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից: Սովորել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանության և մանկավարժության բաժնում։



![](http://womennet.am/wp-content/uploads/2017/03/Sofya-Hovsepyan1.jpg)



Ուշագրավը մարզպետի խորհրդական, «Ցայգ» Հ/Ը-ի հաղորդավարուհի, նույն հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի դստեր՝ **Նազելի Բաղդասարյանի** ցուցակում հայտնվելն է։ Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ մարզպետն անձամբ է կուսակցության վերնախավին ներկայացրել իր խորհրդականին եւ միջնորդել թեկնածությունն առաջադրելու համար: Նազելի Բաղդասարյանն անկուսակցական է, Գյումրիում հայտնի հեռուստալրագրող է:Նրա անունը մի քանի անգամ քաղաքականության մեջ շրջանառվել է՝ կապվելով ՀՎԿ եւ ՀՅԴ քաղաքական ուժերի հետ, հատկապես նախորդ խորհրդարանական ընտրությունների շրջանում. նշված կուսակցությունների կողմից առաջարկներ էին եղել նրան ընդգրկել ռեյտինգային ընտրացուցակում:



![](http://tsayg.am/uploads/posts/2018-08/1534863462_38791634_2078800492153376_7523854508619726848_n.jpg)



Գյումրիում այս օրերին ամենից քննարկվողն ու անսպասելին քաղաքացիական ակտիվիստ **Տիգրան Պետրոսյանի** առաջադրումն է:Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է եւ առաջադրվել է մի խումբ ակտիվիստների կողմից: Ուշագրավ է, որ նրան սատարելու են «Նոր Հայաստան, նոր հայրապետ»շարժման առաջնորդ, հեղափոխության առաջամարտիկ Կարեն Պետրոսյանն ու Ղարիբ Հարությունյանը: Մեր տեղեկություններով ՔՊ-ից գյումրեցի ակտիվիստներին առաջարկ է արվել՝ թիմային որոշման արդյունքում ընտրել իրենց մեկ թեկնածուին: Թիմը որոշել է ներկայացնել հավասարակշռված վարքագծով աչքի ընկնող Տիգրան Պետրոսյանին:



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/46371498_201189597426181_9134989688736579584_n.jpg?_nc_cat=100&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=4708034f4632fd830f33c74f009b0d07&oe=5C66F268)