Ընդդիմության ընդդիմությունը

Ընդդիմության ընդդիմությունը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր է աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի՝ ապագայում ձեւավորվելիք կառավարությանը, քանի որ իր խոսքով այն լինելու է «ճգնաժամային», այդպիսի ժառանգություն են ստացել ՀՀԿ-ից։ Ինքն այդ պատճառով չի քննադատում նրանց, այլ քննադատում է ՀՀԿ-ին, նաեւ վստահեցնում, որ փաշինյանական իշխանությանը իրենց ընդդիմախոսելու ժամանակն էլ կգա։



Մարուքյանը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ՀՀԿ-ին չդիտարկել ընդդիմության դերում․ «Յուրաքանչյուր քաղաքական համակարգում ընդդիմությունը ապագա իշխանությունն է, հենց այդ պատճառով քաղաքացիները Հանրապետականին այդ դերում չպետք է տեսնեն»,- ասում է նա ու շարունակում։



«ՀՀԿ-ից մենք նոր ենք պրծել կամ նոր ենք պրծնում, ոնց կարող ենք ՀՀ քաղաքացիներս ուզենանք, որ ՀՀԿ-ն լինի ապագա իշխանություն: Չի կարող այդ ճանապարհն անցած քաղաքական միավորը լինի ապագա իշխանություն»։ **«Հրապարակ»**-ի հարցին՝ ինչու են իշխանությանը թողած ՀՀԿ-ին քննադատում, ՀՀԿ-ն է՞ իրենց մրցակիցը, Մարուքյանը պատասխանեց․ «Ես նախկինում էլ եմ քննադատել, ես իմ ասելիքները Սերժ Սարգսյանի աչքերի մեջ նայելով եմ ասել, Սերժ Սարգսյանը, որ այստեղ նստած էր, այդ ժամանակ ասել եմ իմ ասելիքը, ով այն ժամանակ լռել է, այսօր է խոսում, նրանք թող մտածեն, ես բան չունեմ ասելու»,- ասաց նա՝ հայտնելով, որ պայքարելու են երկրորդ տեղի համար:



ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Մարուքյանի հայտարարությանը, նրան կողմնորոշվելու խորհուրդ տվեց ․«Էդմոն Մարուքյանին ասեք՝ մի հատ կողնորոշվեք, թե ձեր կուսակցությունը ընդդիմություն է, իշխանություն է, ի՞նչ կողմնորոշում ունի, նոր Հանրապետականի վրա խոսեք: Ընդդիմությանը հավակնող ուժը չի կարող ընդդիմության ընդդիմությունը լինի։ Եթե այդքան շատ եք գոհ այսօրվա կառավարությունից, գնացեք նրա հետ կոալիցիա կազմեք: Եթե քննադատում եք Հանրապետականին, հաստատ Փաշինյանի կեսի, կեսի, կեսի չափ չեք քննադատում: Ավելի լավ քննադատող Հանրապետականին, քան «Իմ քայլն» է, չկա, ուստի ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք»։