Երբ նույնիսկ պետությանը վստահել չի կարելի

Երբ նույնիսկ պետությանը վստահել չի կարելի
Քաղաքացի Կարինե Սողոյանը, ինչպես ասում են, հայտնվել է «մատի ու մատանու» արանքում, մի կողմից դատարանն է, մյուս կողմից ԴԱՀԿ-ն՝ Դատական ակտերի հարկադիր կոմիտեն։ Բանն այն է, որ քաղաքացի Սողոյանը ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդով անշարժ գույք է գնում, այն սեփականաշնորհում, սակայն այդպես էլ չի կարողանում օգտագործել, քանի որ դատարանը արգելանք է դնում արդեն օրենքով քաղաքացու սեփականությունը հանդիսացող տան վրա։



**«Հրապարակը»** զրուցեց Կարինե Սողոյանի պաշտպան Տիգրան Խուրշուդյանի հետ, նա նշեց, որ բնակարանի նախկին սեփականատերը բողոքարկել է դատարանի արդեն ուժի մեջ մտած որոշումը, ինչի արդյունքում էլ վերջինս արգելանք է դրել քաղաքացու սեփականության վրա, ով այդ գործի հետ որևէ կապ չունի, պարզապես ԴԱՀԿ-ից, որը պետության ներկայացուցիչ է, գնել է տունը․ «Քաղաքացին մասնակցել է հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված էլեկտրոնային աճուրդի, գնում է, իր անունով ձևակերպում է, հետո տան նախկին տերը, որը գործով պատասխանող է եղել և հարկադիրում պարտապան, դիմում է դատարան։ Հարկադիրի մասին օրենքի մեջ փոփոխություն էր արվել, որը այս տարվանից գործում է, որ եթե նույնիսկ հարկադիրի գործողությունը վիճարկվում է, չի կասեցվում վարույթը։ Հերիք չէ վարույթը կասեցրել են, մի հատ էլ արգելել են որևէ գործողություն՝ տնից վտարելու և այլն։ Այսինքն՝ օրենքը փոխում են հատուկ նրա համար, որ հետագայում բողոքարկելու դեպքում հարկադիրի համար խոչընդոտներ չլինեն, բայց միևնույն է դատարանը ինչ-որ բաներ է գնում, որպեսզի այդ խոչընդոտները ստեղծի։ Հարկադիր կատարման ծառայությունը պետության անունից է հանդես գալիս, վճիռը ուժի մեջ է մտել, գնացել է հարկադիր կատարման, այնտեղ գնահատել են, դրել են աճուրդի, այսինքն՝ երկար պրոցես է գնացել, հետո նախկին սեփականատերը հիշել է, որ իր իրավունքները խախտվել են։ Դա արդեն օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում անհեթեթություն է, որ այդ վճիռը չկատարվի»։



Տիգրան Խուրշուդյանը նշեց, որ նախկինում նման գործեր էլի են եղել, սակայն այդ ժամանակ օրենքում չկար համապատասխան փոփոխությունը, իսկ փոփոխության առկայության պարագայում դատարանի նման որոշումը առավել քան անհասկանալի է․ «Այսպիսի գործեր շատ ունենք, բայց նախկինում այդ օրենքը դեռ չէր ընդունվել, և մի տեղ հասկանալի էր, բայց այդ օրենքի մեջ հատուկ են փոփոխություն արել, որ վարույթը չկասեցվի, հիմա դատարանները դա առանձին որոշումներով են անում։ Այսինքն՝ կապ չունի, ինչ օրենք ուզում ես ընդունիր, եթե դատարանին ինչ-որ մի բան պետք է, ինքը ամեն դեպքում անելու է՝ իրավական հիմնական սկզբունքներին չհետևելով, որը նույնիսկ օրենսդրորեն է ամրագրվել։ Պատկերացրեք՝ ես քաղաքացի եմ, ով այդ գործով որևէ կերպ ներգրավված չէ, նայում եմ էլեկտրոնային աճուրդի հայտարարությունը, ինձ դուր է գալիս այդ գույքի տեղը, դիրքը, գինը, գնում եմ, գումարը վճարում եմ, մասնակցում եմ աճուրդին, հաղթող եմ ճանաչվում, գումարը վճարում եմ, գնում եմ, այնուհետև գնում եմ կադաստր, գրանցում եմ իմ անունով, մեկ էլ ոչ կարողանում եմ այդ տունը ստանալ, ոչ է գումարս։ Այսինքն՝ ես պետությունից գույք եմ առնում, ու պետությունը ինձ իմ գույքը չի տալիս, որովհետև ինչ-որ դատավոր հարմար է գտել, որ այդպես անի։ Լավ եթե այդպես է, հարկադիրը ինչո՞ւ գումարը չի վերադարձնում։ Եթե խելքները հերիքում է, որ արգելանք են դնում, թող մի պարբերությամբ էլ ավելացնեն, որ գնա՛, գումարդ վերցրու, երբ որ վեճը լուծվի, նորից կգաս, կառնես։ Երբ, որ անհատից ես գնում, ասում ենք, որ վստահել չի կարելի, բայց ստացվում է, որ պետությանն էլ վստահել չի կարելի»,- **«Հրապարակի»** հետ զրույցում ասաց Տիգրան Խուրշուդյանը։