Ինչպե՞ս հասկանանք

Ինչպե՞ս հասկանանք
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր՝ դաշնակցականներին» [հաղորդմանը](http://www.yerkir.am/news/view/160417.html), հակադարձելով Դաշնակցության հասցեին հնչող քննադատությանը, թերությունների համար կուսակցությանը մեղադրելու դրսեւորումներին, այսպիսի հռետորաբանություն է օգտագործել. «Երեւի Դաշնակցության մեղավորությունն է, որ Արցախյան ազատամարտում՝ Գետաշենում, մարդիկ քարերով խփում էին դաշնակցականներին՝ զենքով պայքար սկսելու համար. մենք Արցախում հաղթեցինք: Երեւի Դաշնակցության մեղավորությունն է, որ մեր ընկերների 20 տոկոսը նահատակվեց Արցախում»:



Մի կողմ թողնենք այն, որ ոչ մի առումով պատշաճ չէ պատերազմի զոհերին բաժանել դաշնակցականնեերի եւ ոչ դաշնակցականների, քանի որ մարտադաշտում բոլորը հավասար էին: Թեեւ, եթե ճշմարտության դեմ չմեղանչենք, պիտի ասենք, որ Դաշնակցությունը հենց պատերազմի ժամանակ էլ նման բաժանում կատարել էր: Բայց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքում առավել ուշագրավը Գետաշենում դաշնակցականներին քարով խփելու մասին հիշատակումն է, ինչից կարելի է եզրակացնել, որ նա ուզում է ասել, թե գետաշենցիները պատրաստ չէին զինված պայքարի, դեմ էին տեղում դաշնակցական զինված ջոկատների ներկայությանը, քարերով հարձակումներ էին գործում դաշնակցականների վրա, բայց Դաշնակցությունը տեղի չտվեց, եւ արդյունքում «մենք Արցախում հաղթեցինք»: Պատերազմը դեռեւս ավարտված չէ, քանի որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: Եւ հաղթանակի մասին պետք է խոսել գոնե վերապահումով: Իսկ Գետաշենում դաշնակցականներին քարկոծելու մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հիշատակումը պարզապես շքեղ նվեր է ադրբեջանական քարոզչությանը, որը պնդել եւ պնդում է, որ Արցախի բնակչությունը դեմ է եղել եւ շարունակում է դիմադրել «ադրբեջանական տարածքների օկուպացիային»: Որ «ամեն ինչ սկսել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ներխուժած հայ գրոհայինները»: Որ նրանք «ահաբեկել են տեղական խաղաղ բնակչությանը, զենքի սպառնալիքի տակ նրան թշնամացրեել ադրբեջանցիների հետ»: Հիմա ինչպե՞ս հասկանանք Արսեն Համբարձումյանին: Գետաշենի բռնատեղահանման ռազմագործողության ֆորմալ հիմնավորումը եղել է «ապօրինի խմբավորումների զինաթափումը»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը փաստացի հաստատու՞մ է խորհրդային քարոզչության այդ բացատրությունը: Իսկ գուցե Գետաշենը չէր բռնատեղահանվի, եթե Դաշնակցությունն անսար տեղի բնակչության ընդդիմությա՞նը:



... 19-րդ դարավերջին Արեւմտյան Հայաստանում ծավալված իրադարձությունների մասին ականատեսների վկայություններում նույնպես հիշատակումներ կան, որ բնակչությունը հաճախ թշնամաբար էր ընդունում Կովկասից եկած քարոզիչներին եւ զինված խմբերին: Եւ, թերեւս, հենց այդ պատճառով է, որ ազգային յեղափոխական կուսակցություններին՝ ՍԴՀԿ-ին եւ ՀՅԴ-ին այդպես էլ չհաջողվեց հասնել համընդհանուր զինված ապստամբության: Գրեթե քառորդ դար տեւած այդ հայդուկային պատերազմից հայ ժողովուրդը ոչինչ չշահեց, իսկ կորուստներն անդառնալի էին: Գուցե Դաշնակցությունը դրանու՞մ էլ մեղքի բաժին չունի...