«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են պլանային ստուգումներ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են պլանային ստուգումներ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվում են, չակերտավոր ասած, պլանային ստուգումներ։ Սահմանված ժամանակացույցի իրականացվում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Հարկային ծառայողների կողմից, ըստ ստուգումների, որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն, հաղորդում է տրվել քննչական վարչություն՝ հետագա ստուգումներն իրականացնելու համար»։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։



«Եվ այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Որոշակի վարքագիծ, որոշակի գործողություններ, տնտեսական գործունեությանն առնչվող որոշակի գործարքներ, կորուստների հետ կապված, որոնք առնչվում են գազի փոխադրման հետ, այդ տեղեկատվության առնչությամբ հայտնաբերվել է այնպիսի տեղեկատվություն կամ կասկածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել, ըստ ստուգողների, այդ վարքագծին քրեաիրավական գնահատական տալու: Քրեական գործ հարուցելը դա դեռևս դատավաճիռ չէ, քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության շրջանակներում»,- ասաց Անանյանը:



Հարցին, թե հայտնաբերված խախտումները հետագայում կարո՞ղ են ինչ-որ ազդեցություն ունենալ սակագների վրա, նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել: «Մենք ունենք երկու անհայտով հավասարում, նախ պետք է կորուստները բնորոշվեն ոչ տեղին կամ ասել, որ իրոք կորուստները տեղի են ունեցել: Եթե կորուստներ չեն եղել, բնականաբար, սակագնի վերանայման անհրաժեշտություն հնարավոր է, որ չլինի: Բայց դա արդեն ՊԵԿ գործառույթի շրջանակներում չէ: Դրանք կարող են առնչվել կորուստների հետ, բայց այդպիսի շեշտադրումներ այս պահին չանենք, որովհետև նպատակադրումներ այդպիսի այս պահին չկան»։



**Աննա Պապիկյան**